ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման անդամ Արամ Վարդեւանյանը վերջին օրերի քայլերթերի եւ ցույցերի ժամանակ հասկացել է, որ ոստիկանության համակարգում կան բազմաթիվ ազնիվ, հայրենասեր ծառայողներ, ովքեր կիսում են շարժման մոտեցումները, ուստի, Ֆրանսիայի հրապարակում այսօր կայացած ասուլիսի ժամանակ, նա ընդհանրական չգնահատեց ոստիկանների գործողությունները:
Հիշեցնենք, այսօր «Դիմադրության» շարժման անդամները առավոտից փակել էին մայրաքաղաքի տարբեր փողոցներ՝ իրազեկման գործողություն իրականացնելու նպատակով: Որոշ հատվածներում բախումներ եղան ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Այսօրվա դրվագներով, պատգամավորն արձանագրել է առանձին ոստիկանների, ովքեր, իր գնահատմամբ, օրինականության եւ իրավունքի հետ որեւէ առնչություն չունեն:
Պատգամավորը զավեշտալի պատմություն էլ պատմեց. «Այսօր, երբ կրկեսի հատվածի մոտ մեր համաքաղաքացիները փակել էին ճանապարհը, ոստիկանական մի շարք ուժեր եկան, որեւէ բախում չկար, ոստիկանների հետ խոսում էինք, բանակցում, ուզում էինք հասկանալ՝ ո՞րն է ամենալավ լուծումը, այնուհետեւ մոտեցան երկու-երեք ոստիկաններ, որոնք, միգուցե, ոստիկաններ չէին, միգուցե թիկնապահներ էին՝ ոստիկանական համազգեստի մեջ: Նրանցից երկուսը, որոշեցին, որ պետք է բերման ենթարկեն նաեւ ինձ։ Երբ նկատեցի, որ այդ երկու ոստիկանը քաղաքացու նկատմամբ ակնհայտ անհամաչափ ֆիզիկական բռնություն են գործադրում. փորձեցի միջամտել, սթափեցնել, ապարդյուն էր»:
Կարդացեք նաև
Արամ Վարդեւանյանը պատմեց, որ ոստիկաններից մեկը, հավանաբար անձրեւի պատճառով, սայթաքել է ու ընկել իր վրա, ապա նաեւ ինքն է ընկել։ «Ես ասում եմ՝ այ ժողովուրդ ջան, բա ամոթ չի՞: Այդ երկու ոստիկաններն ասացին՝ «ի՞նչն ա ամոթ, մենք ձեզ բերման ենք ենթարկում»։ Այդ երկու ոստիկանները, որոնք նորից եմ ասում, չեմ պնդում, որ ոստիկաններ էին, ձեռքերս բռնած ինձ ուղեկցեցին մեքենա: Ասացի՝ տղերք, գիտե՞ք չէ, որ հանցանք եք գործում, պատգամավորին բերման ենթարկել չեք կարող: Այդ ոստիկանն, ի դեպ, ասաց՝ պարոն Վարդևանյան, գիտենք, որ դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել»:
Վայրկյաններ հետո եկել է ոստիկանների հրամանատարը եւ ասել, որ Արամ Վարդեւանյանը դուրս գա մեքենայից. իրեն բերման չեն ենթարկում։ Արամ Վարդեւանյանն ասել է, որ բերման ենթարկված է, չի կարող դուրս գալ մեքենայից: Ոստիկանների հրամանատարն ասել է՝ բերման ենթարկված չեք: Մի խոսքով, ոստիկաններն այդպես էլ չեն կարողացել պատասխանել պատգամավորին, թե ինքն ի՞նչ է անում այդ մեքենայի մեջ ու այս անգամ էլ նորից քաշելով՝ նրան հանել են մեքենայից: Պատգամավորի փոխանցմամբ, ոստիկանները ժպտում էին, մի քանիսն էլ նույնիսկ ներողություն էին խնդրում իրենից:
Հաջորդ դեպքը եղել է Աշոտ Սիմոնյանի հետ. նրան բերման են ենթարկել եւ մի քանի րոպեից հասկացել, որ պատգամավոր է եւ բերման ենթարկել չեն կարող ու բաց են թողել:
Արամ Վարդեւանյանն անդրադարձավ նաեւ լրագրողների նկատմամբ ոստիկանների գործողություններին, բռունցքներով քաղաքացու գլխին հարվածելու դեպքին՝ եւ տարակուսեց, թե ինչպե՞ս է լինում, որ ասենք, 50 ոստիկանից 46-ը սթափ են, նորմալ խոսում են ցուցարարների հետ, պայմանավորվում՝ գործողությունների վերաբերյալ, մյուս չորսը՝ անադեկվատ վիճակում են: Պատգամավորը կասկած հայտնեց, որ նրանք ոստիկաններ չեն իրականում: Արամ Վարդեւանյանը նկատեց, որ կային ազնիվ ոստիկաններ, ովքեր առաջին օգնությունն էին ցուցաբերում ինքնազգացողությունը վատացած լրագրողին:
Անդրադառնալով լրագրողին ոտքով հարվածած ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի պահվածքին էլ, Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ նա այն անձն է, ով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին սկսեց քաշել ԱԺ դահլիճում եւ դուրս հանեց նրան:
Միակ բանը, որի վրա զարմացած է ընդդիմադիր պատգամավորը՝ ԱՄՆ եւ ԵՄ դեսպանների, ՀՀ ՄԻՊ-ի լռությունն է:
Իսկ ոստիկանական այս գործողությունները «սրտիկող» իշխանության ներկայացուցիչներին, պատգամավորը խորհուրդ է տալիս՝ դուրս գալ եւ քայլել փողոցով, ոստիկանների հետ ու կհասկանան, որ մենակ են մնացել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ