Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերասիմ Վարդանյանին փորձում են մեկուսացնել, վերջին տեղեկություններով՝ նա ԱԱԾ-ում է». Քրիստինե Վարդանյան

Մայիս 02,2022 16:50

«Իրեն փորձում են մեկուսացնել: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանի՝ այսօր բերման ենթարկելու եւ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2020թ նոյեմբերին հարուցված քրեական գործով ձերբակալվելու փաստին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Հետաքրքրվեցինք՝ այն, որ հիմա են որոշել Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան՝ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառով, այս փաստը կապ ունի՞ վերջին օրերի զանգվածային բողոքի գործողություններին Գերասիմ Վարդանյանի առնչության հետ, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Այստեղ բանական մարդու համար երկու կարծիք լինել չի կարող, որովհետև 2020-ի նոյեմբերի դեպքերից անցել է շուրջ երկու տարի: Շատ հետաքրքիր է՝ որևէ մեկը կարո՞ղ է տրամաբանական պատասխան տալ, թե ինչու ոստիկանությունը հենց հիմա, երբ Երևանում և ամբողջ ՀՀ-ում թափ են առնում զանգվածային բողոքի գործողությունները, որոշում է ձերբակալել այն մարդկանց, որոնք այդ բողոքի գործողությունների առաջին գծում են, կազմակերպում են, ակտիվ մասնակցում: Ինչպես ասում են՝ համընկնումներ չեն լինում: Գիտակից մարդու համար պարզ է, որ սրանք ճղճիմ հերթական փորձերն են ամեն կերպ զսպելու մարդկանց արդար զայրույթը»:

Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը նկատեց՝ եթե տեղի է ունեցել որևէ օրենքի խախտում, պարզ տրամաբանական հարց է՝ ինչո՞ւ է հենց հիմա մարդը ձերբակալվում նոյեմբերի 9-10-ին տեղի ունեցած ինչ-որ գործով:

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը փորձել էին ներխուժել «Ազատության» գրասենյակ, հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Ըստ «Ազատության»՝ նրանք ասում էին։ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու»: Գրասենյակ ներխուժել փորձողների մեջ էր նաև ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյանը շարունակեց. «Ո՞ւմ էին մինչև հիմա սպասում: Կա երկու տարբերակ. կամ ոստիկանությունը բացահայտել է գործը և դա ցանկանում է օգտագործել՝ որպես շանտաժ, որը քրեորեն պատժելի հանցանք է կամ ոստիկանությունը հիմա փորձում է զրպարտել մարդու բարի համբավը: Երկու դեպքում էլ ոստիկանությունը հանցանք է գործել»:

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ վերջին տեղեկություններով՝ Գերասիմ Վարդանյանը գտնվում է ԱԱԾ-ում:

Members of the Armenian Revolutionary federation are blocking the streets of Yerevan demanding RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation during a protest action in Yerevan, Armenia

Իր՝ Գերասիմի հետ հանդիպման մասին ասաց. «Գերասիմին երեկ եմ տեսել համապետական հանրահավաքի ժամանակ: Լավ էր, տրամադրությունը տեղն էր, վճռական էր: Մեր իրավական թիմն է հիմա զբաղվում: Շուտով նաև մեկնաբանությամբ հանդես կգան: Այս բռնի, ապօրինի տրամաբանության մեջ չտեղավորվող մեթոդներին առաջին անգամը չէ, որ բախվում է ինքը, և վստահ եմ՝ որևէ ազդեցություն ունենալ չեն կարող: Իհարկե, եթե չունենա հակառակ ազդեցությունը»:

Քրիստինե Վարդանյանի կարծիքով՝ միջազգային կառույցները պետք է դադարեն լռել: Այս առիթով նշեց. «Խնդիրը Գերասիմը, ես կամ մեկ այլ քաղաքացի չէ, այլ այն, որ ժողովրդավարության բաստիոն հռչակված ՀՀ-ում այսօր ապօրինի բերման են ենթարկվել, այդ թվում պատգամավորներ, մարդիկ են ձերբակալվել երկու տարվա վաղեմության գործերով՝ շինծու կարված, շուրջ 200 մարդ պարզապես իրենց կամքն արտահայտելու համար, այն բանի համար, ինչ արել է այս իշխանությունը ու որով եկել է իշխանության: Հիմա դա անելու համար մարդիկ զրկվել են անօրեն կերպով իրենց ազատությունից: Սա իրականում ամենալավ նկարագիրն է ներկա իշխանությունների: Իհարկե, այստեղ նաև միջազգային գործընկերները պիտի դադարեցնեն լուռումունջ ներհայաստանյան իրադարձություններին հետևելու քաղաքականությունը ու վերջապես արձանագրեն՝ առանց երկակի ստանդարտներ կիրառելու, թե ինչպիսին է այս իշխանության իրական դեմքը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031