Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ծառայությունն իրեն որոշակի առումով անպատժելի է զգում». Դանիել Իոաննիսյանն այսօրվա բռնությունների մասին

Մայիս 02,2022 16:17

Մայրաքաղաքի 15 հատվածներում, որտեղ Իրազեկ քաղաքացիների միավորում (ԻՔՄ) ՀԿ-ն այսօր առավոտից դիտարկումներ է իրականացրել, ճանապարհները փակելու «քչից-շատից հաջողված փորձեր» արձանագրել են միայն Կենտրոնում եւ Արաբկիրի հատվածում: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում ասաց ԻՔՄ հիմնադիր ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, այսօր «Դիմադրության» շարժման անդամները առավոտից փակել էին մայրաքաղաքի տարբեր փողոցներ՝ իրազեկման գործողություն իրականացնելու նպատակով: Որոշ հատվածներում բախումներ եղան ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Առավոտյան իրադարձությունների արդյունքում 244 քաղաքացիներ բերման են ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ քաղաքի մուտքերը փակելու մասին ընդամենը մեկ ահազանգ են ստացել, բայց իրենց խմբին չի հաջողվել ապացույցներ գտնել՝ այդտեղ ցուցարարների առկայության եւ քաղաքի մուտքը փակելու մասին:

Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ նաեւ ցույցերի ընթացքում արձանագրված բռնության դեպքերին. «Բռնության դեպքերը հիմնականում երկու բնույթ են կրել. եղել է ոչ այնքան վիճաբանություն, բայց երբեմն հասել է ինչ-որ վիճաբանության՝ ցուցարարների եւ այլ քաղաքացիների միջեւ, որպես կանոն, այն վարորդների, ովքեր բողոքում էին ճանապարհը փակված լինելու. նման դեպքեր արձանագրվել են»:

Բանախոսի բնութագրմամբ, ոստիկանների՝ դեպքի վայր ժամանելու պահին նման դեպքեր չեն եղել, դրանք արձանագրվել են մինչեւ ոստիկանների ժամանելը. «Այս մասով ոստիկանությունն իր գործառույթները պատշաճ կատարել է»:

«Ոստիկանության կողմից չի նկատվել հատուկ միջոցների կիրառում, որոշ, առանձին դեպքերում, միակ կիրառված հատուկ միջոցը եղել է ոստիկանական ձեռնաշղթան, այն էլ չի կիրառվել մասսայական, ինչը, իհարկե, ողջունելի է: Ոստիկանության կողմից հիմնականում կիրառվում է ֆիզիկական ուժ, ցավով պետք է նշեմ, որ ոչ բոլոր դեպքերում է ոստիկանությունը բանավոր ներկայացնում իր պահանջը, ապա նոր ֆիզիկական ուժ կիրառում: Որպես կանոն, նախազգուշացումը լինում է, ոստիկաններն առաջարկում են, պահանջում են, որպեսզի փողոցի երթեւեկելի հատվածն ազատվի, բայց ոչ միշտ. եղել են դեպքեր, երբ ոստիկանները դիմել են ֆիզիկական ուժի՝ առանց նախազգուշացնելու»,- ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքերը ավելի շատ բացառություն են եղել:

Առավել խնդրահարույց երկու իրավիճակ են գրանցել ԻՔՄ խմբերը՝ մի քանի դրվագներով Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում. մեկը քաղաքացու ինքնազգացողության վատթարացման հետ է կապված եղել, Դանիել Իոաննիսյանը ենթադրում է՝ քաշքշոցի կամ բռնության արդյունքում: ԻՔՄ երկու աշխատակիցներին, որոնք եղել են տեղում, չի հաջողվել արձանագրել, թե ինչի՞ արդյունքում է եղել:

Նրանք նաեւ արձանագրել են դեպքը, երբ քաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանը բռունցքով հարվածում է քաղաքացու գլխին՝ ակնհայտ ապօրինի: «Սա բավական խնդրահարույց է՝ անկախ նրանից, թե քաղաքացին մինչեւ այդ ինչ էր կատարել»,- ասաց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ այդ դրվագով իրենք արդեն հաղորդում են ներկայացրել դատախազություն: Իր գնահատմամբ, ոստիկանի նման պահվածքը առավել բեւեռացնում է հասարակությունը, ծայրահեղացնում է ցուցարարներին:

Հաջորդ մտահոգիչ դեպքը, ըստ բանախոսի, տեղի է ունեցել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում, 10.30-ի սահմաններում: ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները, պետը, բռնություն են իրականացրել լրագրողի նկատմամբ՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական աշխատանքը կատարելու համար: Այս դեպքով նույնպես հաղորդում է ներկայացվել դատախազություն: Բռնության ենթարկված լրագրողն ինքն է կապի դուրս եկել ԻՔՄ-ի հետ եւ պատրաստակամություն հայտնել՝ պայքարել իրավական ճանապարհով իր իրավունքների համար:

«Այդ ծառայությունն իրեն որոշակի առումով անպատժելի է զգում: Այդ ծառայության աշխատակիցները, անցյալ տարվա օգոստոսի 24-25-ին ԱԺ-ում լրագրողներին քաշքշեցին եւ պատասխանատվության չենթարկվեցին, այդ ծառայության ծառայողների դրդմամբ, ՃՈ գումարտակն է մեքենաները շատ ագրեսիվ վարում, որի ողբերգական դրսեւորումը մենք տեսանք անցած շաբաթ. սրանք ավելի գլոբալ խնդիրներ են, որոնք նաեւ արտահայտվում են այս լկտի պահվածքի մեջ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031