Այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին ընդամենը 6 ստորաբաժանումից են ստացել իրավական ակտերը, ապա թվարկեց՝ ովքեր են տրամադրել: Փոխքաղաքապետն ասաց, որ այլ ստորաբաժանումներ չեն տրամադրել:
Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումները պետք է երեք շաբաթյա ժամկետում Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում արտացոլելու նպատակով ներկայացնեին իրենց կողմից կիրառվող իրավական ակտերի ցանկը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցրեց՝ հարգելի այլ ստորաբաժանման ղեկավարներ, ինչո՞ւ չեք տրամադրում իրավական ակտերը:
Որեւէ արձագանք չստանալով, Հրաչյա Սարգսյանն ասաց. «Մենք այստեղ խոսում ենք, որ պիտի տրամադրենք, բայց…: Այնպես չի էլի, որ քիչ ենք, չենք կարողանում, չեք հասցնում, մեկին պետք է հանձնարարեք, որ այդ իրավական ակտերը տա, արդեն երրորդ շաբաթն է: Եթե ասում եք՝ ժամանակ չունեք, ապա, ես ձեզ վստահեցնում եմ՝ այստեղ ինձնից զբաղված ոչ մեկդ չի լինի: Իմ «մալբրին» ես եմ անում, վստահաբար այստեղ լիքը մարդիկ կան, որ իրենց գործավարներին են տվել անելու: Այդ երեւույթն ի սկզբանե պետք է արմատախիլ արվի, դուք՝ ինքներդ պետք է նայեք, հետեւեք: Հանձնարարում եք ձեր «մալբրին» նայեն, ինչ-որ փաստաթղթեր են ստորագրում: Ես եւ իմ տեղակալները ինքներս ենք նայում, դուք էլ պիտի ձերն անձամբ նայեք: Ու այն էլեկտրոնային ստորագրությունը, որը դրվում է փաստաթղթերում՝ դա ձերն է: Եվ, եթե վաղը խնդիր առաջանա, չեք կարող ասել՝ ես իմ հասանելիք «լոգինն» ու «պառոլը» տվել էի իմ գործավարին, ինքն է դրել, ես տեղյակ չեմ: Այդ պատասխանատվությունը ձեր վրա է ընկնելու»:
Կարդացեք նաև
Քաղաքապետը կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում այդ տեղեկատվությունը տրամադրել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ