Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային երթերն, ինչպես հայտնել էինք, այսօր կաթվածահար են արել Երեւանի կենտրոնի փողոցները։ Սայաթ Նովայի փողոցում երիտասարդները պարելով փակում են խաչմերուկները։ Դեպքի վայր մոտեցավ ոստիկանական մեքենաներից մեկը եւ կանգնեց պարող աղջիկների շարքի մոտ, եւ նրանց հրելով՝ ոստիկանները դուրս եկան մեքենայից։ Մոտեցած ցուցարարները բղավեցին՝ «երեխեքին ձեռք չտաք», սակայն ոստիկանները սկսեցին հրելով հեռացնել բոլորին, այդ թվում՝ աղջիկներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հրմշտոցի հետեւանքով լրագրողներից մեկը կորցրել էր գիտակցությունը։ Հստակեցնենք, որ դեպքը եղել է Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում։ Գործընկերների ու քաղաքացիների արագ արձագանքման արդյունքում նա ոտքի կանգնեց։
Հրմշտողի կենտրոնում էին, այդ թվում Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Խաչիկ Գալստյանը։ Վանեցյանը խոսափողով կոչ էր անում սադրանքների չտրվել, լինել հանգիստ։
Կարդացեք նաև
«Աղջկա վրա հարձակվում, «ռեմբո» են դառնում, ամոթ, ամոթ»,-ասում է ցուցարարներից մեկը։ «Հանձնվել չկա՝ հանուն ՀՀ-ի եւ Արցախի»,-ասում է Վանեցյանը։
Բողոքի գործողությունները միաժամանակ շարունակվում են նաեւ Խանջյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում՝ մանկավարժական համալսարանի դիմաց, որտեղ ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը կոչ է անում դուրս գալ փողոց եւ կասեցնել Հայաստանի թուրքացման ընթացքը։
Քիչ անց Սայաթ Նովայի փողոցում Իշխան Սաղաթելյանը լրագրողներին հայտնեց՝ տեղեկություն կա, որ անգամ արձակուրդում գտնվող ոստիկաններին են կանչել աշխատանքի․ «Ողջ համակարգը հանել են ոտքի, բայց սա անկասելի է, ողջ քաղաքը կաթվածահար է։ Ամեն ինչ գնում է ըստ ծրագրի։ Նախնական տվյալներով՝ 200-ից ավելի բերման ենթարկվածներ կան, բռնության, կոպիտ վերաբերմունքի դեպքեր, այդ թվում՝ պատգամավորների հանդեպ, բայց դա հիմա շատ երկրորդական է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ. Գ. «Երկիրի» թղթակից Լիա Սարգսյանը քիչ առաջ ՖԲ էջում հայտնել է. «Ես լավ եմ, պարզապես ինքնազգացողությունս վատացավ, ամեն ինչ հրաշալի է: Մեր սիրելի ոստիկանները գործողություն էին իրականացնում, չհասցրի դուրս գամ»: