Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում լուրջ փոփոխություն կլինի, եթե մասնակցի այն մարդկանց խումբը, որը մինչեւ հիմա չի խառնվել՝ մոտ մեկ միլիոն մարդ»

Մայիս 02,2022 14:00

Նախկին դիվանագետ, միջազգայնագետ Վահե Գեւորգյանն ահազանգում է՝ ՀՀ-ն գնում է պետականության կորստի՝ նույնիսկ ֆորմալ առումով. ներկայիս արագացված գործընթացներում դա կտեւի մոտ մեկ տարի:

«Հայաստանն իսկապես գտնվում է ճգնաժամի մեջ իր անվտանգությունը ապահովելու եւ պետականությունը պահպանելու առումով։ Բայց այս պահին փողոցում գործընթացները իրականում մեծ ազդեցություն չունեցող են այդ ամենի վրա»,-«Առավոտի» դիտարկմանը՝ մի կողմից փողոցում ակտիվ գործընթացներ են, մյուս կողմից՝ իշխանությունն արձագանքում է՝ Արցախը պաշտպանող եք, գնացեք Արցախ եւ հարցին՝ ի՞նչ զարգացումներ սպասել, այսպես պատասխանեց նախկին դիվանագետ, միջազգայնագետ Վահե Գեւորգայնը։
Նրա կարծիքով՝ մեր երկիրը գնում է անկման՝ որպես պետություն եւ գուցե պետականության կորստի՝ նույնիսկ ֆորմալ առումով. «Դա ոչ թե լինելու է տասնյակ տարիների խնդիր, այլ ներկայիս արագացված գործընթացներում դա կտեւի տարի կամ շատ կարճ ժամանակ։ Ու ամենավատն այն է՝ այն ուժերը, որոնք փորձում են գործընթաց գեներացնել դրա հետ կապված, նրանք նախ իրենք մեծ մեղք ունեն այս ամենի մեջ, գումարած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Այդ ուժերը չունեն հանրային լայն աջակցություն, եւ դա ակնհայտ է։ Բայց, եթե լինեն այնպիսի ուժեր, որոնց հասարակությունը կվստահի, իմ կարծիքով՝ ցույցերի ավելի մեծաքանակ մասնակցություն կլինի, ավելի լուրջ գործընթացներ կընթանան»։

Մեր դիտարկմանը՝ աստիճանաբար ավելի է աճում մարդկանց թիվն այդ ցույցերին, Վահե Գեւորգյանն այսպես արձագանքեց. «Կա որոշակի զանգված, որը տրամաբանության մեջ այդ ուժերի հետ է, բայց որպեսզի Հայաստանում լուրջ փոփոխություն տեղի ունենա, պետք է մասնակցի այն մարդկանց մեծաթիվ խումբը, որը մինչեւ հիմա ռեալ չի խառնվել, ընտրություններին չի մասնակցել. մոտ մեկ միլիոն մարդ է։ Դա այն զանգվածն է, որը՝ ինչ-որ ռեալ ուժի համախմբման արդյունքում կարող է ՀՀ-ում քաղաքական իրավիճակ փոխել։ Այժմ Նիկոլ Փաշինյանի աջակիցների՝ համեմատած այսօրվա ընդդիմության հետ՝ ընդհանուր այդ հավասարակշռությունը պահպանվում է՝ նույնիսկ հօգուտ կառավարության, քանի որ հասարակության մի մասն իներտ է»։

Հարցին՝ ասում եք, որ ընդդիմությանը բավարար աջակցություն չկա, հետեւաբար կարծում եք, որ առաջիկայում կառավարության հրաժարականին սպասելն իրատեսական չէ՞, նախկին դիվանագետն ասաց. «Հայաստանում կարող է գործել դրա միայն տեսական հնարավորություն, քանի որ իրատեսական հիմքեր չկան։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ շատ ճակատագրական հանգամանքներում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մինչեւ այդ հաշվարկված չեն եղել»։

Վահե Գեւորգյանը զգուշացրեց՝ եթե մեր հանրապետությունը դե յուրե էլ դադարի գոյություն ունենալ, այսօրվա արագ աշխարհաքաղաքական զարգացումների մեջ, երբ դիմադրություն էլ չունենք, մենք հնարավորություն չենք ունենա այլեւս պետականություն ունենալ մոտակա ապագայում. «Պիտի հասկանանք, որ խնդիր ունենք մեր պետությունը պահպանելու, պաշտպանելու։ Ի վերջո պիտի գանք նրան, որ մեր երկիրը, իր հասարակությունը սկսի քննարկել այս հարցերը, լինի անկեղծ խոսակցություն, ավելի կոնկրետ լուծումների տարբերակներ»։ Հետաքրքրվեցինք՝ այդ լուծումներն առաջարկեն այս կառավարությա՞նը, թե՞ կարծում եք, որ պետք է կառավարությունը հրաժարական տա, Վահե Գեւորգյանը պատասխանեց՝ գործընթացները կարող են տարբեր ձեւերով ընթանալ։

Հարցին՝ ՀՀ-ն ինչպե՞ս կարող է ՌԴ-Արեւմուտք հարաբերություններում հավասարակշռությունը պահել ի շահ մեր երկրի, Վահե Գեւորգյանը պատասխանեց. «Տեսնում եք, չէ՞, ոչ հավասարակշռություն չի կարող ստացվել, քանի որ ՌԴ-ն ամեն դեպքում կկանչի քո երկրի ղեկավարին, որը փորձում էր հավասարակշռություն ապահովել ու կասի, որ այդ խաղերը չեն անցնում։ Եվ կստիպի, որ քո երկրի ղեկավարը ստորագրի 30 կետանոց հայտարարագիր, որի մեջ փաստացի իրավիճակներ կան, որով հրաժարվում ես քո՝ արտաքին քաղաքականություն իրականացնելու որոշակի իրավունքներից»։ Հստակեցմանը՝ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած 30 կետանոց փաստաթղթին մանրամասնորեն ծանո՞թ եք, նա պատասխանեց. «Դա գրված է դիվանագիտական լեզվով, այսինքն՝ այն, ինչ ձեւակերպված է՝ որպես միասնական քաղաքական հարթակ, միասնական քաղաքականություն պիտի վարել, դրանք ենթադրում են, որ դոմինանտությունը միասնականության մեջ ռուսական է լինելու, ոչ թե հայկական։ Այսինքն՝ իրենք ոնց ասեն, մենք ի վերջո այդպես ենք անելու»։ Հարցրինք՝ տարբերակ կա՞ր չստորագրելու, Վահե Գեւորգյանն ի պատասխան ասաց՝ վերջին պահին, իհարկե, այլեւս տարբերակ չի մնում:

Մեր հարցին՝ հաջորդ քայլը Արցախի հարցով բանակցություններում նշաձողի իջեցո՞ւմն է, Վահե Գեւորգյանը պատասխանեց. «Ցանկացած այսպիսի իրավիճակում հանրային դիմադրության ռեսուրսը շատ կարեւոր է, կարեւոր այն քաղաքական, մտավորական էլիտան, որն առաջնորդելու է այդ դիմադրությունը։ Եթե ՀՀ-ում բարեբախտաբար ձեւավորվի այդ շարժումը, որը կընդգրկի «չփչացած» էլիտան, այն հանրությանը կարող է բերել ավելի համարժեք վիճակի. դա նվազագույն բարոյական արժեքների վերադարձն է, որ մարդկանց ինքնապաշտպանության բնազդն աշխատի, ու մեր հասարակությունը հասկանա՝ եթե ՀՀ պետականությունը չլինի, հայ գործարարն էլ դրանից չի շահելու, ՀՀ-ում ապրող ցանկացած մարդ բացի այն, որ մտնելու է անկանխատեսելի մի տարբերակի մեջ, որտեղ ազատություններ չեն լինելու, նաեւ կորցնելու է նախկինում ունեցած որեւէ երկրի քաղաքացի լինելու արտոնությունը»։

Հիշեցրինք՝ հաճախ են շեշտում 2024 թվականը, երբ ըստ լուրերի՝ պլանավորվում է ստեղծել միութենական հանրապետություն կոչվող միավորը, նախկին դիվանագետն արձագանքեց. «Դա որոշակի գործընթացների հետ է կապվում. ՌԴ-ում հերթական իշխանություն, բայց որոշակի գործընթացների մասին հաշվարկներ արվում են ինչ-որ ժամանակում, դրանից հետո տեղի են ունենում փոփոխություններ, օրինակ՝ Ուկրաինայում պատերազմը, եւ արդյունքում աքսելերացվում է հակամարտությունը՝ Արեւմուտք-Արեւելք, որտեղ դու քեզ վերջնականապես ինչ-որ ճամբարում պետք է դնես։ Եթե դու քեզ դնելու ես բացահայտորեն աշխարհի ավելի հետադիմական ուժերի շարքում, դա, բնականաբար, ազդելու է քո քաղաքակրթական զարգացման վրա։ Էս պահին աշխարհում գոյություն ունեցող համեմատաբար ամենաառաջադեմ ռեժիմը հաղթելու է, քանի որ դա պատմական օրինաչափություն է։ Եվ այդ դեպքում մեր սխալ ընտրությունը շատ ավելի լուրջ վտանգ է ունենալու: Այսպիսի դիրքորոշման պայմաններում, երբ մենք փաստացի հանդես ենք գալիս որպես Արեւմուտքի թշնամու ընկեր եւ դաշնակից, այլ բան է, որ եթե դրանից ինչ-որ օգուտ մեզ իրականում լիներ, միգուցե դա հնարավոր է քննարկել, բայց երբ դա արվում է բացահայտորեն միայն իշխանությունը պահպանելու պայմանավորվածության համար, դա անընդունելի է»:

Ըստ մեր զրուցակցի՝ ներկայիս իրավիճակում ՀՀ-ի համար լուծում է սահմանամերձ շրջաններում աշխարհազորի ստեղծումը: Նա ասաց՝ ինքն անձամբ ժամանակին մասնակցել է Տավուշում զորահավաքների կազմակերպմանը եւ վստահեցրեց՝ տեղի բնակչությունը ոգեւորված է, եւ մարդկային ռեսուրսի խնդիրը լուծված է. «Իշխանությունը բավականին մեծ տնտեսական ռեսուրս ունի՝ օլիգարխներ, իշխանամերձ օլիգարխներ, որոնք պահպանել են իրենց ազդեցությունը՝ Սամվել Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան, եւ այդ բոլոր մարդիկ կարող են իրենց նախկին մաքսային չվճարումների համար որպես համաներում մի բավականին մեծ գումար օրինականորեն որպես չվճարված մաքսատուրքեր՝ վճարել մի հիմնադրամի, որն ապահովում է ՀՀ պաշտպանունակությունը: Առաջին հերթին կամք է պետք, որ իշխանությունն ուզենա էս երկրի պաշտպանունակությունը բարձրացնել։ Տվյալ դեպքում տրամաբանորեն անհասկանալի է, թե ինչ քաղաքականություն է վարվում: Ցավալին էլ այն է, որ առկա ընդդիմությունն էլ բավականին ցածր նշաձողով է՝ իր շարքերում ունենալով գրագետ գործիչներ: Այն ներկայացնում է երկու անախրոնիկ ուժի։ Այդ երկու ուժերի վերադարձն ավելի ողբալի է լինելու, եթե հնարավոր է, բերելու է ավելի ծանր հետեւանքներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031