Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարկադիրում աշխատավարձերը կբարձրացնեն

Մայիս 02,2022 13:30

Հարկադիրի պաշտոնյան հարկերը ներառյալ՝ 180 հազար դրամ է ստանում

ԴԱՀԿ-ի աշխատակիցներին խրախուսելու համար, կառավարությունը որոշել է բարձրացնել նրանց աշխատավարձերը: Բացի այդ, կառավարության պատասխանատուները գտնում են, որ հարկադիր կատարողները, չնայած ոլորտում իրականացված բարեփոխումներին, պատշաճ չեն վարձատրվում, չեն օգտվում սոցիալական երաշխիքներից, որոնք պետությունն անում է այլ ոլորտների աշխատակիցների համար:

ԴԱՀԿ աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ նախագիծն այս օրերին հանրային քննարկման է դրված: Ըստ նախնական արդյունքների նախագիծը 100 տոկոս հավանության է արժանացել, որեւէ մեկը դեմ չի արտահայտվել: Աշխատավարձի բարձրացումը կառավարությունն, ի դեմս արդարադատության նախարարության, որն էլ նախագծի հեղինակն է, հիմնավորում է համակարգը բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող աշխատակիցներով համալրելով: Նախագծից տեղեկանում ենք, որ ներկայում հարկադիր կատարողի՝ որպես պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի աշխատանքի վարձատրությունը կազմված է հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից եւ պարգեւատրումներից։

Ըստ նույն աղբյուրի, ծառայության նոր անցած հարկադիր կատարողի աշխատանքի վարձատրության համար սահմանվել է 1.96 գործակից, որի հիման վրա հարկադիր կատարողին վճարվող աշխատավարձը հարկերի եւ պարտադիր այլ վճարների հաշվառմամբ կազմում է 129 հազար 634 ՀՀ դրամ, իսկ ավագ հարկադիր կատարողի համար՝ 150 հազար 799 ՀՀ դրամ։ Իսկ գլխավոր եւ առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց՝ ներառյալ բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժանմունքի պետի, գլխավոր խորհրդատուի, առաջատար խորհրդատուի, ավագ հարկադիր կատարողի, հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցնող անձանց միջին վարձատրությունը հարկերի եւ պարտադիր այլ վճարների ներառմամբ ներկայումս կազմում է շուրջ 180.000 ՀՀ դրամ։

Օրենքի համաձայն, կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են պետական բյուջե: Տեղեկանում ենք, որ ծառայության կողմից 2021 թվականի ընթացքում որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձվել է 3 միլիարդ 372 միլիոն 754 հազար 197 ՀՀ դրամ: Ըստ նախագծի հեղինակների, նույն թվականին ծառայությանը պետական բյուջեից հատկացվել է 2 միլիարդ 709 միլիոն 848 հազար 639 ՀՀ դրամ։ Այսինքն՝ հարկադիր կատարողների աշխատանքի արդյունքում բռնագանձված կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումարը 662 միլիոն 896 հազար 558 ՀՀ դրամով ավելին է եղել ծառայության բյուջետային հատկացումից։ Այս փաստը հաշվի առնելով, նախարարության մասնագետները նշում են, որ հարկադիր կատարողի կողմից բռնագանձված գումարի, այդ թվում՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերի եւ հարկադիր կատարողի աշխատանքի վարձատրության միջեւ, որեւէ կապ առկա չէ։

«Հարկադիր կատարողի աշխատավարձը հաստատուն է, իսկ աշխատավարձի հիման վրա վճարվող հնարավոր պարգեւատրումների չափը եւս խիստ սահմանափակված է եւ փոխկապակցված չէ ծառայության կողմից փաստացի բռնագանձված կատարողական գործողությունների կատարման ծախսերի հետ։ Արդյունքում հարկադիր կատարողին կատարողական վարույթի արագ ու առավելագույն պատշաճ կերպով իրականացման համար առանձին հարկադիր կատարողների խրախուսման առկա գործիքակազմերը բավարար չեն՝ համարժեք արձագանքելու համար հարկադիր կատարողների առանձին ջանասիրությանը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծի հեղինակներն առաջարկում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով «Հարկադիր կատարման ծառայությունների» համար հատկացվող գումարի չափը գերազանցող չափով բռնագանձված կատարողական ծախսի գումարի որոշակի չափ, հարկադիր կատարողներին հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքների կատարման համար պարգեւատրման ու սոցիալական այլ երաշխիքների իրացումն ապահովելու նպատակով, տրամադրել ծառայությանը։ Նրանք հույս ունեն, որ աշխատավարձերի բարձրացմամբ կմոտիվացնեն ԴԱՀԿ աշխատակիցներին, կատարողական գործողություններն ավելի արդյունավետ կկատարեն, զերծ կմնան կոռուպցիոն դրսեւորումներից ու հարկադիր կատարողի պաշտոնի նկատմամբ էլ գրավչությունը կբարձրանա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031