Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք Կրեմլից վերցնում ենք Ստալինի կարծիքը». Կամսարի անհայտ «Երգիծա-ողբերգական իրապատումները»

Մայիս 02,2022 13:00

«Մեզ մոտ երկու դասակարգ գոյություն ունի հիմա: Մեկը աքսորից վերադարձածներ, որոնք հարություն առած, բայց դեռ երկինք չհամբարձված Հիսուսի նման թափառում են երկրի երեսին, մեկ էլ աքսոր չգնացած՝ կառավարական պոստերում նստած մարդիկ: Եթե հաշվի առնենք, որ աքսորից վերադարձածները թեեւ լիքը, բայց անտես են առնվում պետական մարդկանց կողմից, մյուս կողմից էլ այն, որ վերադարձողները կամենում են տեսնել իրենց կառավարողներին, բայց վերջիններիս դատարկության պատճառով անհնարին է այդ, ուրեմն նշանակում է՝ մեր երկիրն անմարդաբնակ է հիմա»: Այս տողերը վերջերս լույս տեսած հայ հանճարեղ երգիծաբանի «Լեռ Կամսար. Խորհրդային օրեր. 1948 թվական» գրքից է (Էդիթ Պրինտ հրատարակչատուն): Այն ներկայացնում է երգիծաբանի աքսորական մեկ տարին:

Ժողովածուն «Չապրված տարիներ» հատորյակի շարունակությունն է: Ինչպես նրա թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանն է գրքի առաջաբանում տեղեկացնում, Լեռ Կամսարն ամբողջական օրագիրը սկսել է 1925 թվականին. «Երգիծա-ողբերգական իրապատում է, որի գլխավոր հերոսն ինքն է եւ աշխարհի պատմության՝ իրեն բաժին հասած ժամանակը»: Հեղինակը տարբեր թվերի օրագրություններին տարբեր անվանումներ է տվել, «Խորհրդային քաղաքացու օրագիրը», «Խորհրդային օրեր», «Չապրած օրեր», «Կարմիր օրեր», «Կարմիր ծիծաղ» եւ այլն:

Ըստ թոռնուհու, դեռեւս անտիպ են նրա 1949-1952 եւ 1961-1965 թվականների օրագրությունները. «Լեռ Կամսարի գրական ժառանգությունից՝ բացի օրագրությունից, անտիպ են մնում նաեւ բազմաթիվ ֆելիետոններ, նամականին եւ պետական այրերին ուղղված բողոք-դիմումները»:

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ Կարինե Մարտիրոսյանը գրքի առաջաբանում գրում է. «Այս էլ որերորդ անգամ համոզվում ենք՝ երգիծաբանի տողերը ինչ-որ չափով կրճատ մեջբերելը, պատկերավոր ասած, կարող է հավասարազոր լինել նրա գրչի առջեւ մեղանչելուն: Ահա որտեղ է գրողի ստեղծագործությանը վերաբերող ցանկացած խոսքում մեջբերումների առատության բացատրությունը: Եվ քանի որ այստեղ խոսքը գնում է ժամանակի գրականության զարկերակը մեծ առումով՝ առավել պարզորոշ ընդգծելու գրողի գործերի վերաբերյալ ժամանակի քննադատական-ժխտողական սուր վերաբերմունքը: Սկզբի համար միայն հիշենք, թե ինչպիսին էին ժամանակները, եւ փաստացի՝ ովքեր կարող էին առավել հաջողակ լինել թե կյանքում, թե նաեւ գրական ասպարեզում»:

Նրանից լավ որեւէ մեկը չի բնութագրել ժամանակը. «Ուղիղ տասներեք տարի է՝ սովետական կառավարությունը գրիչս պինդ բռնել, չի թողնում, որ շարժվեմ: Մի տասն անգամ կա՝ դիմել եմ, թե մի խանգարեր, ձեռներդ դեն տար, գրեմ, չէ, ասում է: Համարյա տարին մեկ անգամ դիմում եմ: Ասում եմ՝ ո՞վ գիտե, գուցե հիշի, որ ինքն էլ մարդ է, ճշմարտության պետք ունի: Մարդ դառնալու համար մի տարին քիչ ժամանակ չէ: Գյուղում այդ տարիքի հորթերը ծծից կտրում են արդեն եւ սկսում են կարգին արածել:

Առանձին-առանձին որ կուսակցականի մոտ գնում եմ, սրտանց ցավում են ինձ համար, դրվատում են իմ գրական շնորհքս, հիանում իմ այս կամ այն գրվածքովս, ուզում են, որ գրեմ, բայց չեն կարող թույլ տալ, որովհետեւ «ընկերները» համաձայն չեն: Ուրեմն, եթե ընդամենը տասը «ընկեր» կա, դրանք առանձին համաձայն են, բայց բոլորն միասին՝ անհամաձայն: Այս նշանակում է, թե թվաբանության մեջ մեկ, մեկ էլ, չի անում երկուս, որովհետեւ տասը դրական կարծիքներ գումարեցինք այստեղ, եւ գումարը բացասական դուրս եկավ: Այնպես որ մտածում եմ մի օր այս տասը «ընկերներին» միասին բռնել, տեսնենք խմբական երգելիս ինչ ձայն կհանեն՝ դրակա՞ն, թե՞ բացասական»:
Օրագրում խոսելով գիտնականների, մտավորականների մասին՝ մի դիպուկ գրառում է արել երգիծաբանը. «Սովետական «գիտնականները» խաղաղ ժամանակվա համար են, պատերազմի չեն գա: Մի թեթեւ բարկացիր, այնպիսի խուժանական հայհոյանքներ կլսես, որ ուղղակի կերթաս հայհոյանքի մասին դիսերտացիա կպաշտպանես եւ «պրոֆեսոր» կլինես»:

Երբեմն ինձ թվում է, թե Կամսարը չի մահացել, այլ մի անկյունում բոլորիս վրա խնդմնդալով գրում է այն, ինչի մասին կռիվ ենք տալիս այսօր բոլորս: Երբեմն մտածում եմ, թե արդյո՞ք լրատվամիջոցների, հանրային գործիչների գլխավերեւում կախված մերօրյա մահակը՝ «ծանր վիրավորանքը» կհասներ նրան:

Նա գրում է. «Մեր երկրում օրեցօր անգործությունը կշատանա լոկ այն պատճառով, որ մեզ մոտ արգելված է ազատ կարծիքը: Արտասահմանում հազարավոր մարդիկ ազատ կարծիք հայտնելով են ապրում, իսկ մենք՝ ոչ: Մենք Կրեմլից վերցնում ենք Ստալինի կարծիքը, տանում կարծում եւ նույնությամբ վերադարձնում ենք Կրեմլ: Այդ կարծիքները խնամքով ցուցակագրված են այնտեղ՝ ըստ բովանդակության ու տարեթվերի: 1888 թվի կարծիքների ցանկն առանձին է, 89-ին՝ առանձին, 90-ին՝ առանձին: Քեզ հարկավոր է, օրինակ, ասենք թե 1893 թվի Ստալինի կարծիքը գերմանական սոցիալ-դեմոկրատիայի մասին, իսկույն նոմենկլատուրայով կհանեն եւ քեզ կուտան: Այդ կարծիքները որովհետեւ շատ խառնիխուռն են ու հակասական, չշփոթելու համար համարակալված են: Իսկ այն կարծիքները, որոնք բազմաթիվ անգամ կրկնված են՝ կարծիք ա, կարծիք բ, գ են գրված: Որովհետեւ Ստալինի կարծիքն է, հանաք-մասխարայություն է… ը… հանաք-մասխարայություն չէ՝ պիտի ըսեի»:

Ոստիկանության մասին… «Միլիցիաների հետ միշտ կարելի է նման կատակներ անել: Նրանց կեսն է միայն պետությանը դարձած, մյուս կեսը՝ ժողովրդին կնայի: Մեր միլիցիաները ուղտի կնմանեն, որոց աջակողմյան կեսը կուտեն ուղտապան թուրքերը, իսկ մյուս կեսը կնետեն… շներին»:

2008-ից սկսյալ տպագրվել է երգիծաբանի «Մազապուրծ օրագիր» (1925-35), «Բանտիս օրագիրը» (1935-36), Կարմիր Օրեր» (1953-1958), «Սոցիալիզմի սահարա» (1959), «Հալոցք» (1960), «Չապրած օրեր» (1945-1957, «Միայնակը» (1961):

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031