Երեւանի թիվ 16 գրադարանում օրերս կայացել է 44-օրյա պատերազմում զոհված, կամավորական Յուրա Մեսրոպի Սարգսյանի մասին պատմող Վահագն Ժամկոչյանի «Ժպտացող հերոսը» վեպի շնորհանդեսը։ Ինչպես նշված էր գրքի առաջաբանում՝ «Երկու խոսք»-ում՝ այն «Գրված է սրտի թելադրանքով»: Ինչպես եւ սպասվում էր, միջոցառումը, հերոսի մոր, կնոջ եւ երկու անչափահաս դուստրերի մասնակցությամբ, անցել է հուզառատ մթնոլորտում:
Յուրա Սարգսյանը սովորել է թիվ 52 հիմնական դպրոցում, որն ավարտելուց հետո զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայել է Քարվաճառում։ Երբ լսել է չարաբաստիկ պատերազմի լուրը, կամավորագրվել է, 2020թ. հոկտեմբերի 10-ին մեկնել պաշտպանելու հայրենիքը: Նա երկու դուստրերի հայր էր: Շնորհանդեսին ասվեց, որ նա ծառայել է թեժ կետերում. Քարվաճառ, Մարտունի 2, Շուշի:
2020թ. նոյեմբերի 6-ին՝ Շուշի բերդաքաղաքը պաշտպանելիս՝ նա զոհվել է դիպուկահարի կրակոցից: Հերոսի աճյունն ամփոփված է Եռաբլուր Զինվորական Պանթեոնում:
«Ես եմ մեղավոր, ամեն օր Եռաբլուրում էր, ինձ հետ միասին այցելում էր ազատամարտիկների շիրիմներին, ես նրան տարա այդ ճանապարհով, նա ապրում էր միայն Եռագույնով»,-արցունքները չկարողացավ զսպել Յուրի Սարգսյանի մայրը` Արմենուհի Վարդանյանը։ Նա պարգեւատրվել է Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի պատվոգրով, որպես Հերոսածին Մայր։
Նշեմ, որ այս տարի մարտի 26-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի 7/1 շենքի բակում տեղադրվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսներ Յուրա Սարգսյանի եւ Արամայիս Թովմասյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր-խաչքար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարները՝ իրավապաշտպան Խաչիկ Մարոզյանի ՖԲ էջից
«Առավոտ» օրաթերթ
30.04.2022