Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ժողովրդական արտիստի եւ էսթետի որդին քայլեց իր բացած արահետով

Մայիս 02,2022 12:00

Հարցազրույց բալետմայստեր Արա (Արիկ) Ասատուրյանի հետ

– Արա, դուք բազմաշնորհ արվեստագետ եք, հանդես եք գալիս մշակույթի տարբեր ոլորտներում։ Բայց այդ մասին՝ փոքր-ինչ ուշ։ Ինչպե՞ս ստացվեց, որ բալետի պրիմա պարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանի եւ մասնագիտական շրջանակների բնորոշմամբ՝ էսթետ, բալետմայստեր Աշոտ Ասատուրյանի որդին ընտրեց դաշնակահարի մասնագիտությունը, ուսում առավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

– Հորս երազանքն էր, որ դառնամ դաշնակահար։ Հիշում եմ՝ երբ տանը գործիք չունեինք, նկարում էի ստեղնաշար ու «նվագում»։ Դաշնակահարի մասնագիտությունը ինձ օգնում է որպես բալետմայստերի կարդալ պարտիտուր, կլավիր… Առանց չափազանցության օպերային թատրոնում եմ մեծացել, կուլիսներում նույնիսկ իմ տեղն ունեի (ժպտում է)։ Հաճախում էի մորս մասնակցությամբ եւ հորս բեմադրած բոլոր ներկայացումներին։ 22 տարեկան էի, երբ մեծ փոփոխություն եղավ իմ կյանքում. բալետի ճանաչված արտիստ, բալետմայստեր Վիլեն Գալստյանը 2004թ. Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում առաջին անգամ պարարվեստի ռեժիսուրայի կուրս էր հավաքում, եւ ես պատիվ ունեցա դառնալ նրա ուսանողը։ Շատ եմ ափսոսում, որ հայրս չտեսավ դա։ Մի բան էլ. ծնողներիս պատկերացմամբ՝ ես լավ տվյալներ չունեի բալետի արտիստի համար եւ նրանք ճիշտ էին… Ինստիտուտն ավարտելուց հետո մեկ տարի կատարելագործվեցի Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայում, անվանի բալետմայստեր Բոյարչիկովի ղեկավարությամբ։ Ընդ որում, նա ժամանակին հորս հետ ուսանել էր նույն կոնսերվատորիայի բալետմայստերական ֆակուլտետում։

– Մեր դիտարկմամբ՝ մոտ տասը տարի առաջ՝ ձեր կարիերայի սկզբում, Արա Ասատուրյան անունը մշտապես հոլովվում էր բալետի արտիստ, բալետմայստեր Ռիմա Պիպոյանի անվան հետ։ Վերջինի հետ իսկապես բուռն ստեղծագործական գործունեություն էիք սկսել…

– Ինստիտուտում ուսանելու տարիներին, այո, ներկայացել ենք որպես պարային դուետ, իսկ հետո արդեն աշխատել որոշ նախագծեր իրականացնելու ուղղությամբ։ Ռիմայի հետ համագործակցության ընթացքում նաեւ մեր գործընկերներ Թամարա Այդինյանի եւ Կարեն Խաչատրյանի ընկերակցությամբ 2015թ. «Տեսիլաժամեր» ներկայացմամբ մասնակցեցինք Վրաստանում անցկացվող Հարավկովկասյան ժամանակակից պարի միջազգային փառատոնին։ Չորսիս բեմադրությամբ մեկ ժամանոց այդ ներկայացումը մեծ արձագանք ունեցավ։ Փառատոնային ելույթից հետո այն հանձնեցինք նաեւ հայաստանցի հանդիսատեսի դատին։ Նշեմ, որ որպես մենապարող հրավիրված էր վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը։ Այս ներկայացումը «Արտավազդ» մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց «Լավագույն պլաստիկ ներկայացում» անվանակարգում։ Ռիմայի հետ մասնակցել ենք նաեւ Շուշիի ամրոցում ներկայացված Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրական աշխատանքներին (ռեժիսոր՝ Մարիա Սահակյան, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան)։ Այստեղ ես բեմադրության բալետմայստերն էի, իսկ Ռիման ու վաղամեռիկ բալետի արտիստ Վահագն Մարգարյանը հանդես էին գալիս որպես մենապարողներ։


– Ձեզ ավելի շատ հանդիպում ենք դրամատիկական թատրոններում որպես բալետմայստեր, նաեւ որպես լիբրետոյի հեղինակ…

– Իրավացի եք, պատահել է, որ վերցրել եմ գրական մի գործ եւ դրա հիման վրա ստեղծել իմ լիբրետոն, օրինակ՝ «Գիտցեք, որ դեռ կենդանի եմ» ներկայացումը, որը Պետրոս Դուրյանի կյանքի ու գործունեության մասին է։ Կամ՝ Գորկու մի պատմվածքի հիման վրա իտալացի կոմպոզիտոր Լյուդովիկո Էյնաուդիի երաժշտությամբ իրականացրի «Աղջիկը եւ մահը», եւ այլն։

– Ասում են՝ պոեզիայի ֆանատ եք, թարգմանություններ եք անում անգլերենից, ռուսերենից, նաեւ հակառակը…

– Ճիշտ են ասում (ժպտում է-Ս.Դ.)։ Հենց արեւմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանին անդրադարձը ասվածի օրինակներից մեկն է։ Իմ բեմադրություններում շատ կարեւոր է խոսքը եւ բալետմայստերի իմ ոճը սինթետիկ բեմադրություններն են, որտեղ ոչ միայն շարժում է, այլեւ խոսք։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ շատ եմ աշխատում ոչ միայն պարարվեստի ոլորտը ներկայացնող արտիստների, այլեւ դերասանների հետ։ 2021թ. Երեւանում առաջին անգամ անցկացվող «Սամիթ» միջազգային ժամանակակից պարի առաջին փառատոնում ներկայացա աֆղանցի բանաստեղծուհու՝ Նադյա Անժումանիին ներկայացնող «Նրա երգերը» աշխատանքով…



– Ի դեպ, այդ ներկայացման մասին, որտեղ ներգրավված էին եւ պարողներ, եւ դերասաններ, մինչ օրս առիթի դեպքում խոսվում է եւ նույնիսկ հանդիսատեսը հիշում է, որ բանաստեղծուհու կյանքը ողբերգական ավարտ էր ունեցել. նա սպանվել էր ամուսնու կողմից, քանի որ համարձակվել էր «փակ» երկրում ներկայանալ ազատ խոսքով…

– Այս պահին հիշեցի 2019թ. Փարիզում գործընկերներիս հետ ներկայացրած «Ես եւ դու սեր ենք» պլաստիկ-երաժշտական դրաման՝ նվիրված Կոմիտասին։ Գործընկերներս էին ռեժիսոր Խորեն Չախալյանը (ՌԴ), դաշնակահար Լուսինե Խաչատրյանը (Գերմանիա), դերասան Արմինե Գաբրիելյանը (Ֆրանսիա), երաժիշտ Թամար Էսքենյանը (Շվեյցարիա)։

– Այս պահին մենք էլ մտաբերեցինք այս տարի կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որտեղ բալետմայստեր Արման Ջուլհակյանի հետ 44-օրյա պատերազմին նվիրված #44 բեմադրությունը ճանաչվեց որպես լավագույն պլաստիկ ներկայացում։

– Արմանի ու «Նարեկ» պարային անսամբլի հետ մի շարք ներկայացումներ էլ ենք բեմ բարձրացրել, այդ թվում՝ «Ամեն», «Մեր խոստումը», «Հոգիս», «Սասունցիների պարը»։ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում Նորա Գրիգորյանի եւ Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով որպես բալետմայստեր աշխատել եմ «Ռոմեո եւ Ջուլիետ», «Օնեգին» եւ այլ ներկայացումներն իրականացնելիս։ Դրամատիկական թատրոնի հետ էլ եմ շատ համագործակցություն ունեցել, օրինակ՝ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի «Ֆիգարոյի ամուսնությունը», «Մեդեա» եւ այլ ներկայացումների բեմադրություններում. թվարկելը երկար ժամանակ կպահանջի։ Սիրով եմ համագործակցել նաեւ Պատանի հանդիսատեսի եւ «Գոյ» թատրոնների հետ։

– Արա, դա է պատճառը, որ մեր հանդիսատեսը ձեզ ավելի լավ գիտի դրամատիկական թատրոններից, քան օպերային թատրոնից։ Բայց թույլ տվեք նկատել, որ վերջերս օպերային թատրոնում Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով «Սոմա. Կրակե օղակ» ներկայացման պրեմիերայից հետո, որտեղ դուք բալետմայստերն էիք, նշվում էր ձեր մեծ աշխատանքի մասին։ Գերակշռում են այն կարծիքները, որ գլխավոր դերերգերից բացի, երգչախումբը (խմբավարներ՝ Էմմա Առաքելյան, Հրաչ Բորյան) միանշանակ գլխավոր դերակատար էր։

– Մինչ «Սոմա. Կրակե օղակ»-ը Արմեն Մելիքսեթյանի դասական ռեժիսուրայով իրականացրած Բիզեի «Կարմենի» բալետմայստերն էի, հետո ճանաչված բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանի նախաձեռնությամբ, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ հանդիսատեսին ներկայացրինք «Հինգ տառ» բեմադրությունը՝ նվիրված վաղամեռիկ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի հիշատակին։ Անկեղծ ասած՝ ուրախ եմ, որ մեր հանդիսատեսը Տերտերյանի օպերան մեծ ոգեւորությամբ ընդունեց եւ, ինչպես դուք ասացիք՝ երգչախմբին մեծ տեղ ու դեր էր տրված…

– Բայց նույն հանդիսատեսը նաեւ մի այսպիսի դիտարկում արեց. երգչախումբը, որը ամբոխի դերում էր, ինչո՞ւ էր պարային շարժումները սինխրոն անում, չէ՞ որ դա վերջիվերջո ամբոխ է (բեմում մոտ հարյուր արտիստ էր)։

– Պատասխանեմ այսպես. դա կազմակերպված քաոս է եւ բեմից դա պետք է ներկայացնել ձեւի մեջ, որպեսզի այն հասկանալի լինի հանդիսատեսին։ Ի վերջո, դա բխում է նաեւ երաժշտությունից, քանի որ տերտերյանական երաժշտությունը հագեցած է ռիթմիկայով։ Փորձել ենք պարային շարժումների միջոցով ստեղծել երաժշտության վիզուալ պատկերը։

– Համաձայնեք, որ երգչախմբի արտիստների հետ աշխատելը շա՜տ բարդ է եղել։

– Արդեն ասացի, որ դերասանների հետ աշխատելու մեծ փորձ ունեմ, որոնք պրոֆեսիոնալ պարային կրթություն չունեն եւ անհրաժեշտ է այդ պարային շարժումների միջոցով ճիշտ հոգեվիճակ ներկայացվի, որ այն բնական դիտվի այդ կոնտեքստում, ինչը Տերտերյանի օպերայում ռեժիսորի մտահղացումն էր։ Եթե հիշում եք՝ Շուշիում բեմադրված Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերան, որտեղ ես աշխատել եմ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» երգչախմբի, Ժիրայր Դադասյանի գլխավորած մնջախաղի թատրոնի արտիստների հետ։

– Գիտենք, որ արտասահմանում հանդես եք եկել մոնո ներկայացումներում…

– Լեհաստանում եւ Մոլդովայում Հրաչյա Ղազարյանի ռեժիսուրայով «Զվարճալի ծերուկը» ներկայացումն էր, մեզ մոտ՝ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» բեմադրությունը՝ Գրիգոր Խաչատրյանի ռեժիսուրայով։ Ընդամենը մեկ անգամ, Բուլղարիայում՝ Սոֆիայի պարարվեստի ուսումնարանում, բեմադրել եմ իմ լիբրետոյով «Բալլադ երազանքի մասին» պարային ներկայացումը՝ ըստ Շոպենի Առաջին բալլադի, որտեղ դաշնամուրի պարտիան կատարում էր բուլղարաբնակ մեր հայրենակցուհի Ռուզաննա Թաշչյանը։

– Այս պահին ի՞նչ նախագծի վրա եք աշխատում։

– Մաեստրո Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ բալետային խմբի հետ սկսել ենք Ռախմանինովի սիմֆոնիկ պարերը բեմ բարձրացնելու աշխատանքները, որը հորս վերջին գործն էր Խարկովում։ Կարծում եմ՝ պրեմիերան կկայանա ամռանը եւ այս մեկ գործողությամբ ռախմանինովյան պարերի հետ նույն երեկոյի ընթացքում կներկայացվի նաեւ նույն հեղինակի «Ալեկո» օպերան՝ ճանաչված ռեժիսոր Իռկին Գաբիտովի ընթերցմամբ։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031