Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռուբինյանը ռուսերեն կարդալ գիտի, հետեւաբար՝ նենգաբար, նպատակաուղղված ստում է, փոխում եւ աղճատում»

Մայիս 02,2022 14:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանում է խորհրդարանի ապրիլյան նստաշրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ Արցախի խնդրի հետ կապված որոշ հայտարարություններ, որոնց նախորդել էր Արցախի խորհրդարանի հայտարարությունն ուղղված ՀՀ իշխանությանը՝ աղետաբեր ճանապարհից հետ կանգնելու կոչով եւ պնդմամբ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

-Էդուարդ Աղաջանյան, ՔՊ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ. «Արցախի մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը։ Հակառակ դեպքում բովանդակություն չեմ կարող գտնել նման հայտարարությունների հիմքում։ Կրկնեմ, որ արցախցիների թիկունքում որեւէ գործընթաց չի կարող լինել։ Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը եւ դրանց իրացմանը… Իսկ վարչապետի ելույթում որեւէ բառ Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս եղե՞լ է։ Չի եղել»։ (Հայտարարությունն ամբողջությամբ):

-Հայկ Մամիջանյան. «Ցավը նրանում է, որ այս ցնդաբանությունը, որը պետք է մեկնաբանեմ, հնչեցրել է խորհրդարանական երկրի խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուն։ Ի՞նչն են սխալ հասկացել։ Բոլորը սխալ են հասկացել, իսկ իրենց խունտան՝ ճի՞շտ։ Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն է վեր կացել ու ասել՝ «Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի գաղափարը գուցե սխալ է եղել»… հանեք-ռադ արեք խմբակցությունից, եթե ինչ-որ մեկը ձեզ սխալ է հասկացել։ Նախ, առաջինը, խոսել սովորեք, որպեսզի ձեզ սխալ չհասկանան նման կարեւորագույն հարցերում, երկրորդ՝ հանեք ռադ արեք խմբակցությունից, ի՞նչ խնդիր կա։ Դրա համար միայն ես առնվազն 40 պատճառ կարող եմ բերել։ Մնացած մտքերի շքերթը էլ չասեմ։

-Վահագն Ալեքսանյան, ՔՊ. «Միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի հասկացել, այսինքն՝ այդ կարմիր գիծը, որը մենք քաշել ենք Արցախի կարգավիճակի առումով, միջազգային հանրությունը դա չի հասկացել։ Հիմա ասում ենք՝ եկեք հասկանանք։ Եկեք իրավունքներն ու կարմիր գիծը քննարկենք, որից կբխի կարգավիճակը»։ (Հայտարարությունն ամբողջությամբ):

-Հայկ Մամիջանյան. «Ո՞վ է այդ մտքի գոհարի հեղինակը…ա՜, լավ, կարելի է առհասարակ չմեկնաբանել, բայց հարց մեկ. ո՞վ է միջազգային հանրությունը, պատասխանեք այդ հարցին։ Առնվազն հրապարակային մակարդակով համանախագահող երկրներից որեւէ մեկի հայտարարություններում ես չեմ տեսել այդ թեզը, որ մենք պետք է Արցախի կարգավիճակի հարցում մեր նշաձողն իջեցնենք։ Երկրորդ, իրական միջազգային հանրության, համանախագահող երկրների, գերտերությունների պարագայում(նրանք Փաշինյան չեն, որ այսօր մի բան ասեն, իսկ հաջորդ օրը՝ ուրիշ) առկա են համանախագահության հինգ պաշտոնական հայտարարություններ, որոնցում կարեւորվում են երեք սկզբունքները(ուժի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն.-հեղ.)։ Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ փոխվեց։ Նիկոլ Փաշինյան, պատասխանի, թե ո՞ր միջազգային հանրությունն է պահանջում, որ Արցախի կարգավիճակի հարցում ակնկալիք իջեցնես։ Եթե նույնիսկ այդպես է, բայց իրականում այդպես չի, ձեր միակ գործը պետք է լիներ այն, որ միջազգային հանրությունը ձեզ ճիշտ հասկանար, բա դուք էլ ո՞ւմ էիք պետք։ Եթե ձեզ ոչ Արցախի պատգամավորներն են ճիշտ հասկանում, ոչ արժանապատիվ, հայրենասեր հանրությունը, ոչ միջազգային հանրությունը, բա դուք էլ ո՞ւմ եք պետք։ Գնացեք մի տեղ, ձեր ՔՊ-ի գրասենյակում նստեք-խոսեք, իրար հասկացեք ձեր կազմով ու թողեք մարդիկ, որոնք ունակ են միջազգային գործընկերների եւ մեր դաշնակցի համար կանխատեսելի գործընկեր լինել, զբաղվեն քաղաքականությամբ։ Իսկ ձեր գործը կուսակցություն փոխելն է, ֆիկտիվ հանրապետական լինելը, ԲՀԿ-ից գողության համար վտարվել(այդպես են ասում) եւ այլ քաղաքական թիմում հանգրվանելն է, ժամանակին մեկ ձայնով սեփական քաղաքական միավորը դավաճանելն է, ո՞ր մեկին թվարկեմ։ Հիմա խնդիրն իրենք չեն, խնդիրն այն է, որ Արցախը ՀՀ գոյության գրավականն է եւ այն պետք է փրկել։

-Ռուբեն Ռուբինյան, ԱԺ փոխխոսնակ. «Սերժ Սարգսյանի գրասենյակի մեկնաբանությունը «տրյուկ» է եւ նոր չէ։ Դեռեւս 2018թ. հեղափոխությունից առաջ Սերգեյ Լավրովը մի քանի անգամ ասել է, որ առաջարկվել է փուլային մոտեցում, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանն ասում էր, թե քննարկվում է փուլային լուծում՝ փաթեթային կիրարկմամբ… Սերժ Սարգսյանը քննարկել է մաքուր փուլային տարբերակ։ (Հայտարարությունն ամբողջությամբ):

-Հայկ Մամիջանյան.
«Այս մի գոհարի հեղինակն ո՞վ է… Քանի որ ես գիտեմ, որ Ռուբեն Ռուբինյանը ռուսերեն կարդալ գիտի, հետեւաբար՝ նենգաբար, նպատակաուղղված ստում է, փոխում եւ աղճատում։ Եթե ռուսերեն կարդալ չիմանար, կասեի, որ սովորեր։ Ախր փաստաթղթի վերեւը գրած է։ Ախր մենք խոսում ենք մի քաղաքական թիմի մասին, որը չի հասկանում փուլայինի եւ փաթեթայինի տարբերությունը։ Իրենց կարճ խելքով փաթեթային լուծումն այսպես պետք է տեղի ունենար։ Եթե նման հանճարեղ միտք են ասում, մի բան էլ ես ասեմ։ Իրենց իսկ շնորհիվ Բերձորում կանգնած Ալիեւը վերջերս ասաց՝ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Բերձորն ու Քարվաճառը հավերժ մնալու էին հայկական։ Իրենք չեն հասկանում, թե փաթեթային լուծումն ինչ է. դրանով նախատեսված էր, որ մինչեւ հանրաքվե չլինի, Բերձորից եւ Քարվաճառից ԶՈՒ դուրսբերում չէր իրականացվելու, այսինքն՝ ուզո՞ւմ եք՝ հանրաքվե արեք, եւ կստանայինք Արցախի կարգավիճակ, չեք ուզում՝ վերջ, այդ տարածքները հավերժ մնալու էին հայկական։ Այ սա է։ Չեմ կարողանում հասկանալ՝ ԱԺ փոխխոսնակը, ով մի շարք միջազգային գործընթացների պատասխանատու է եւ ամենաահավորը՝ ՀՀ-Թուրքիա կարգավորման բանագնաց, սա չի հասկանո՞ւմ, թե համարում է, որ իրենց ծնած perfect TV-ներով կարելի է խաբել հասարակությանը։ Հասարակությունն ապացուցելու է, որ նման էժան, անորակ ստերով խաբել հնարավոր չէ… իմիջիայլոց, առաջ իրենց ստերն ավելի որակով էին, հիմա ավելի անորակ են։

-Լրագրող. «Իմիջիայլոց, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ապրիլյան նստաշրջանից հետո ճեպազրույցի ժամանակ ասում էին, որ Ալիեւի՝ իրականում ներքին լսարանի համար ասված հայտարարությունը ՀՀԿ-ն անընդհատ մեջբերում է սեփական թեզերն ապացուցելու համար։ Նկատի ունեն Ալիեւի այն խոստովանությունը 2016թ.-ին, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

-Հայկ Մամիջանյան. «Այդ նախադասությունը մեզանից յուրաքանչյուրի համար հաղթանակ է։ Հայ մարդու համար դա հաղթանակ պետք է լինի, պետք է հասկանա, թե ինչ հունով է ընթանում բանակցային գործընթացը։ Իսկ ահա իրենց համար դա հաղթանակ չի, իրենք այդ խոսքից չեն ուրախանում։ Ամեն անգամ որեւէ դեպքում Ալիեւի կամ Էրդողանի խոսքը մեջբերելիս ցավում եմ դա արձանագրում, որովհետեւ սրանք ոչ մի բան չեն ասում, ու ստիպված մյուս կողմից ենք տեղեկատվություն քաղում։ Բայց մեզ Ալիեւի խոսքերը մեջբերելու համար մեղադրում են այն մարդիկ, որոնք 2018թ.-ի ամռանն Ալիեւին խնդրել են իրենց օգնել, որ հենց մեր դեմ պայքարեն։ Դա հաստատված փաստ է, որ Փաշինյանը խնդրել է Ալիեւին, որպեսզի իրեն օգնի ՀՀԿ-ի դեմ պայքարել։ Այո, խոսքը սահմանին լարվածություն չառաջացնելու վերաբերյալ է։ Փառք աստծո, որ անգամ նման նենգ ճանապարհով հայ զինվորի կյանքեր են փրկվել, բայց նաեւ գիտակցում եմ, որ Փաշինյանի սիրուն աչքերի կամ ատամնաշարի համար չէ, որ Ալիեւը պետք է համաձայներ լարվածություն չանել։ Հիմնավոր կասկած ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարին ինչ-որ բան է խոստացվել, որի դիմաց նա համաձայնել է այդ ժամանակ լարվածություն չառաջացնել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031