Երեւանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության գործողություններ, ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում անհնազանդության գործողությունների մասնակիցներին:
ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցնում էր, թե ինչո՞ւ են դիմակավորված, ասում էր, որ օրինական պահանջ չեն ներկայացրել: Իրավիճակը լարվեց Երվանդ Քոչար եւ Վարդանանց փողոցների խաչմերուկներում: Նրանք նույնիսկ փորձեցին փաստաբաններից մեկին բռնի ուժով բերման ենթարկել, որը տեղում էր՝ ցուցարարներին իրավական օգնություն ցույց տալու համար: Ավելի ուշ նրան պատառոտված շորերով բաց թողեցին:
«Սրանք ոստիկաններ չեն, թուրքեր են, ծառայում են Ադրբեջանի Հանրապետությանը, սա փաստաբանի նկատմամբ վերաբերմունք չէ: Ես ինքս ենթարկվել եմ բռնության տարբեր տեսակի ոստիկաների սմբակներից, այստեղ հավաքված են Ադրբեջանի հանրապետությանը ծառայող ոստիկաններ», – ասաց նա:
«Արցախի տարածքները վաճառել է, մեր երեխեքի գլուխը կերել ա, էլ ինչ անի, որ հասկանանք», – ոստիկաններին ասաց կանանցից մեկը:
Կարդացեք նաև
Նրանք սկսեցին քաշքշել նաեւ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանին: «Կարմիր բերետավորների աշխատավարձը պետք է տա Նիկոլը, ֆիքսենք որ նիկոլահպատակ բերետավորները կարող է շատ լավ պարգեւավճար ստանալ, բայց վաղվա Հայաստանում սրանց պետք է վաղը ռադ անենք այս համակարգից», – ասաց պատգամավորը:
«5165» շարժման հիմնադիր անդամ Մենուա Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքացիները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ նրա մնալը նույնն է, ինչ Արցախի հանձնումը Ադրբեջանին:
«Այս իշխանությունները տարիներ շարունակ տեղեկատվական ահաբեկչության են ենթարկել մեր հայրենակիցներին, բնական է, որ ոմանք պետք է դժգոհեն ցույցերից, մենք պետք է իրենց մասը դարձնենք այս դիմադրության շարժումը: Մարդիկ կան, որոնք մոլորաբար հավատում են այս հանցախմբին, մարդիկ էլ կան, որ պահի տակ են վրդովմունք հայտնում, բայց երբ բացատրում ես, որ պայքարը հանուն Հայաստանի է, իրենք հասկանում են», – ասաց ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
Աննա Մկրտչյանի խոսքով, ոչ մի երկրում չկա օրենք, որ խաղաղ ցուցարարներին դիմակավորված ոստիկանները պետք է բերման ենթարկեն, հիմա բաժիններում են մեր ընկերները, հստակ թիվը չգիտեմ: «Բայց սրանք ոստիկաններ չեն, Նիկոլի ավազակախումբն է», – ասաց պատգամավորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ