«Մենք ապրիլի 25-ին մեկնարկեցինք մեր՝ հանուն հավերժական Հայաստանի քայլերթը Իջևանից. հաղթահարել ենք ավելի քան 175 կմ և այսօր այստեղ ենք՝ քաղաքամայր Երևանում»,- Ֆրանսիայի հրապարակ ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իջևանից մեկնարկած քայլերթի խմբի ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
Նա, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանն, ասաց․ «Մենք մանդատ չենք տվել կոլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվել։ Մենք ասում ենք՝ ոչ, թուրքին, ադրբեջանցուն և թուրքահպատակ դե ֆակտո իշխանություններին հայկական։ Կոլաբորացիոնիստներին մնացել են հաշված օրեր, քանզի չկա ՀՀ առանց Արցախ, չկա Արցախ առանց ՀՀ։ Հավերժական Հայաստան լինելու է»։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց․ «Նիկոլ Փաշինյանն իբր խաղաղություն է խոստանում, բայց ամեն օր բերում է արյուն ու մահեր։ Մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլի հեռացում, որ լինի իրական խաղաղություն։ Իր տրամաբանությունը կզած, մուրացողի քաղաքականությունն է, որին մենք ասում ենք ՝ոչ։ Մենք ունենք հերոսներ, տաղանդավոր անձինք, մենք ո՞նց կարող ենք կզած լինել։ Մենք զարկ ենք տվել մեր նոր զարթոնքին։ Բնական է, բոլորս էլ հասկանում ենք՝ 30 տարվա մեջ եղել են մեծ, փոքր, միջին սխալներ, լկտի չինովնիկներ էլ են եղել, վատ դատավորներ, բայց մի բանը հստակ է՝ վատ բարքերին, որոնք այսօր էլ կան, վերադարձ չի լինելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ