«Վաղը 08։30-ից սկսում ենք խաղաղ անհնազանդության գործողությունները։ Ցանկացած գործում հաջողության հասնելու համար պիտի լինի կարգուկանոն և կազմակերպվածություն։ Երբեք այլ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ կռվի չեք բռնվում, իրենք մեր քույրերն ու եղբայրներն են»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա վստահեցրեց՝ անկարգություններ չեն անելու, պինդ, վճռական մինչև վերջ և կազմակերպված գնալու են առաջ։
Նա կատակով նշեց՝ ուժային կառույցներն անհարմար վիճակում են հայտնվել․ չգիտեն՝ ինչ թիվ զեկուցեն Նիկոլ Փաշինյանին։ Նա Նիկոլ Փաշինյանին հորդորեց՝ միացնի, նայի ու հասկանա՝ ինչ է կատարվում․ «Կարող եմ ասել՝ դու իրավիճակին չես տիրապետում։ Առաջիկա երկու օրը քո կաշվի վրա ուղիղ կզգաս, որ ժողովուրդը ոտքի է կանգնել։ Առաջիկա օրերին պետք է ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չունի մանդատ, այլև իշխանություն»։
Դիմելով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին՝ ասաց․ «Դուք գերի եք այս մեկ մարդու ձեռքում։ Ձեր մեծամասնությունն իրականում կապ չունի, կամ անմիջական առնչություն չունի այդ բոլոր հանցանքների և որոշումների հետ։ Ունեք պատմական շանս ձեր սխալն ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Սա ձեր վերջին շանսն է ուղղվելու և լինելու ժողովրդի կողքին»։
Կարդացեք նաև
Իսկ ուժային կառույցների ներկայացուցիչներին հորդորեց․ «Հանուն ձեր ուսադիրների, ՀՀ անվտանգության և ապագայի գործեք միայն օրենքի ու ձեր լիազորությունների սահմաններում, չկատարեք այդ խելագարի հրահանգներն ու ապօրինի որոշումները»։
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ մինչև վերջ մնալու են Ֆրանսիայի հրապարակում, գիշերելու են այստեղ։
Նա, խոսելով իրենց ծրագրերի մասին, ասաց․ «Այսօր անցկացնելու ենք այս հրապարակում։ Քիչ հետո կտեղադրենք վրաններ և համապատասխան միջոցներ, որ գիշերը կարողանանք անցկացնել։ Վաղն առավոտ՝ ժամը 08․30-ից, սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի գործողություններ։ Սկսում ենք սրանց իշխանազրկման գործընթացը։ Վաղը ՀՀ բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ։ Վաղը Կենտրոն համայնքում հատկապես որևէ մեքենայի շարժ պետք է չլինի։ Վաղվանից սկսենք գործադուլ և դասադուլ»։
Իշխան Սաղաթելյանը հայտնեց՝ մինչև ժամը 18։30 հանրահավաքը դադարեցնում են, տեղադրելու են վրաններ, վառարաններ, ժամը 18։45 հանրահավաքը կշարունակվի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ