«Այսօր՝ մայիսի 1-ին մեկնարկում է իրական համապետական շաբաթօրյակը։ Պիտի մեր երկիրը մաքրենք իրական քաղաքական աղբից»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նա վստահեցրեց՝ արդեն հաղթել ենք, քանի որ Ֆրանսիայի հրապարակը հիմա ավելի լավ է պաշտպանվում, քան մեր երկրի սահմանները․ «Նիկոլ Փաշինյանն ինքն իր կաշվի համար ավելի շատ է անհանգստանում, քան մեր անվտանգության։ Տեսեք, թե ինչքան է վախեցել Փաշինյանը»։
Հայկ Մամիջանյանը մի քանի դրվագներ ներկայացրեց, թե ինչպես էին քաղաքացիները ոգևորում իրենց։ Օրինակ՝ մի անգամ հարսանիքի մասնակիցները մնացել էին ցույցի մեջ ու մոտեցել, իրենց ասում էին՝ ոչինչ, մենք կդիմանանք, մեր էրեխեքի ապագայի համար եք անում։ Ոստիկանական բաժանմունքում էլ, Հայկ Մամիջանյանի պատմելով, ծածուկ իրեն մոտեցել, ասել են՝ սրան ե՞րբ եք քշելու։ Ու շարունակեց․ «Մի խոսքով, Նիկոլի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել։ Նիկոլ չկա»։
Այն մեղադրանքների առնչությամբ, թե ընդդիմությունը ցույցին Արցախից ավտոբուսներով մարդիկ է բերել, Հայկ Մամիջանյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատասխանեց․ «Այս ցույցին ավտոբուսներով մենակ դու ես ոստիկան բերել։ Այստեղ են մեր արցախցի քույրերն ու եղբայրները, որոնք քո պատճառով տուն ու տեղ կորցրել են»։
Կարդացեք նաև
Հետո էլ, դիմելով քաղաքացիներին, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Եթե դու չորս տարի առաջ փողոց ես փակել, սրան ձայն ես տվել, դու հենց հիմա շանս ունես, քո սխալն ուղղել։ Ուզում ես երկրի ապագան որոշես՝ արի Ֆրանսիայի հրապարակ, միասին կորոշենք, թե չէ սրանք են որոշելու մեր փոխարեն»։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների մասին, թե հնարավոր է Արցախի նշաձող իջեցնել, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Բա էդ ո՞նց եղավ, որ նույնիսկ աղետալի պատերազմից հետո ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան միաբերան խոսում էին Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այստեղ երկու տարբերակ կա՝ կամ մեր երկիրը հիմա ավելի վատ վիճակում է, կամ էլ դու ես ուզում նշաձողն իջեցնել։ Երկու դեպքում էլ պատասխանը մեկն է․ Նիկո′լ, դու պիտի գնաս»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ