Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջ մնալու արվեստը»՝ օրվա հրամայական․ «ՈՄԱ Կապանը» Սյունիքում էր հավաքել պատանիներին (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 01,2022 13:11

Կապանի «Ողջ մնալու արվեստ» ռազմա-հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները երեք օր «գրավել» էին Կապանի նախկին «Բաղաբերդ» ճամբարի տարածքը։

Եռօրյա բանակում-ճամբար էր, որին մասնակցեցին 15-18 տարեկան պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից, Երեւանից ու Արցախից։ Կազմակերպիչներն ամեն ինչ արել էին, որպեսզի ճամբարի կյանքը նման լինի բանակային առօրյային։

Նույնիսկ կանոնակարգը խախտելու համար պատժամիջոցներ էին կիրառում։ Արդեն ճամբարում էինք, երբ պատիժ ստացած պատանիները բանակում-ճամբարի հրամանատար Ալեն Պողոսյանի մոտ եկան՝ բանակցելու, որ իրենց տրված պատիժը մեղմացվի։ «Գոնե 50 շրջան վազենք ֆուտբոլի դաշտում»,-հրամանատարին դիմեցին բանագնաց պատանիները։ «Չէ, 80 շրջան՝ տարածքով…»,-անդրդվելի էր Ալեն Պողոսյանը։ Բանագնացներին այլ ելք չէր մնում՝ սկսեցին վազել․․․

Ալեն Պողոսյան

Հրամանատարը՝ «ՈՄԱ Կապան» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ալեն Պողոսյանն է պատմում ճամբարի գաղափարի մասին։ «Մարզերի երեխաները մարզում» հասարակական կազմակերպության հետ քննարկեցին մտահղացումը։ Սկզբում որոշել էին ճամբարը կազմակերպել Լոռու մարզում, բայց հետո ձայների մեծամասնությամբ հաղթեց Սյունիքը։

«ՈՄԱ Կապանին» աջակցեց կենտրոնական կառույցը ու 100 պատանի երեք օր ապրեցին Կապանի «Բաղաբերդ» նախկին ճամբարի տարածքում՝ վրանների մեջ։

Զինվորական  գիտելիքների համալրում, ֆիզիկական պատրաստվածություն, զենքի հետ շփման կանոնների հմտությունների ձեռքբերում, կրակային վարժանք, լեռնագնացության հմտություններ։ Այն ամենը՝ ինչ անհրաժեշտ է բանակում։ Հետաքրքիր է, որ աղջիկներն էլ էին ակտիվ մասնակցում կրակային վարժանքին։

«Ամբողջ ջոկատը բաժանվել էր երեք դասակի, ամեն դասակ երեք ջոկի, ջոկի հրամկազմերով, դասակի հրամկազմերով, առավոտյան ժամը 6-ին՝ վերկացն էր, որին հաջորդում էր ֆիզիկական պատրաստվածությունը՝ մարմնամարզություն։ Նախաճաշից  հետո սկսվում էին  դասընթաց–վարժանքները։ Մի դասակը սովորում է ալպինիզմ՝ տեսականորեն, մյուսը՝ տակտիկական բուժօգնություն, երրորդ դասակը՝ մարտավարություն։ Ժամը մեկ փոխվում էին դասակները, իսկ ստացած տեսական գիտելիքները օրվա երկրորդ կեսին գործնական կիրառում էին»,-նշում է Ալեն Պողոսյանը։

Օրվա վերջում լինում էին նաեւ մշակութային միջոցառումներ՝ մարզերից ու Արցախից ժամանած երեխաները ներկայանում էին իրենց մարզին բնորոշ ծրագրով։ Ճամբարի կազմակերպման աշխատանքներում դժվարություններ էլ կային։ Ծրագրի բյուջեն 3 մլն 500 հազար դրամ էր։ Մինչ ճամբարի բացումը ֆինանսական աջակցության խնդրանքով «ՈՄԱ Կապան»-ը դիմել էր սյունեցի գործարարներին։ Շատերը մերժեցին, բայց եղան նաեւ աջակցողներ։ Գումարի տրամադրման հարցով շռայլ էր Քաջարանի «Աժդանակ» ընկերությունը։ Սննդի կազմակերպման հարցը իր վրա էր վերցրել «ՈՄԱ»–ի կենտրոնական վարչությունը։ Հրահանգիչ-մարզիչները նույնպես կենտրոնական վարչություն էլ էր գործուղել։ Աջակցողների մեջ էին Կապանի համայնքապետարանն ու եւս մի քանի ընկերություններ։

«Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպության ղեկավար Ալինա Գեւորգյանը համոզված է՝ ճամբարում ընդգրկված  երիտասարդները իրենց համայնքներում, անշուշտ, փոփոխություններ կմտցնեն։

Ալինա Գեւորգյան

«Մենք ընտրել ենք այն ներկայացուցիչներին,  որոնք արդեն իսկ փոփոխություններ բերող են։ Մեր նպատակը այս արժեհամակարգը տարածելն է բոլոր համայնքներում»,-ասում է Ալինան։

16-ամյա Գեղամ Հայրապետյանը Արմավիրի մարզի Մեծամոր համայնքից է։ Առաջին անգամ է մասնակցում «ՈՄԱ»-ի ճամբարին։ 10-րդ դասարանում է սովորում, պատրաստ է փոխել հասակակիցների արժեհամակարգը։ «Ցավով եմ նշում, որ Մեծամորում «ՈՄԱ»-ն դեռ չկա, իրականում կար գաղափարը՝ հիմնելու ու վստահաբար ասում եմ՝ Մեծամորն էլ կունենա իր «ՈՄԱ»-ն ու նման պարապմունքներ կանենք»,-ասում է Գեղամը։

Գեղամ Հայրապետյան

Ի տարբերություն Մեծամորի, Հայաստանի հարավում՝ Մեղրիում վերջերս է  հիմնվել «ՈՄԱ»-ի Մեղրիի կառույցը։ Մեղրեցի Նաիրի Համբարձումյանը իր ընկերների հետ է մասնակցել ճամբարին։ Շատ բան սովորեցին ու ընկերներով  ցուցադրական ելույթներ կունենան Մեղրիում՝ իրենց այն թիմակիցների համար, որոնք այս անգամ չէին ընդգրկվել ճամբարում։

Նաիրի Համբարձումյան

Ճամբար–բանակումի նախաձեռնողները հույս ունեն, որ ճամբար կազմակերպելը ամենամյա կլինի, չէ՞ որ ողջ մնալու արվեստը հիմա բոլորին է պետք։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031