Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցի ու մամուլի բևեռացված հեղձուկը, բռնության կոչերը որպես բռնության դեպքեր նյութականանում են փողոցում․ ՀՀ ՄԻՊ

Մայիս 01,2022 12:30

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հանրային խոսույթում, հատկապես՝ զանգվածային լրատվության միջոցներով ու սոցիալական ցանցերով, գնալով բարձրացվում է ծայրահեղ, անհանդուրժողական ու սադրիչ խոսքի մակարդակը։

Համացանցի ու մամուլի բևեռացված հեղձուկը, բռնության կոչերը, դրանց չդատապարտումը, դեռ մի բան էլ տարածումը, որպես բռնության դեպքեր նյութականանում են փողոցում՝ հանրության աչքի առջև։ Չկա տարրական նրբանկատություն անձանց վշտի ու կսկիծի նկատմամբ. քաղաքականացվում է բացարձակ ամեն բան, բոլոր կողմերից ու որքան հնարավոր է անխնա։

Ցավալի է արձանագրել, որ այդ գործում ակտիվորեն ներգրավված են գործող ու նախկին պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ, ում գործը պետք է լինի պետության առջև ծառացած հսկայական մարտահրավերների լուծման ուղղությամբ շահագրգիռ քննարկումներ իրականացնելը։

Քննարկումներ, որտեղ երաշխավորված լսելի են տարբերվող ու հակադրվող կարծիքները, քննարկումներ, որոնք հարստացվում են տարբեր փորձագետների կարծիքներով, քննարկումներ, որոնք զերծ են գռեհկությունից, քննարկումներ, որտեղ ագրեսիայի, ավելի բարձր ու ավելի ծայրահեղ մի բան ասելու անզուսպ մղման փոխարեն հաղթում է փաստերի վրա հիմնված վերլուծությունը, տրամաբանությունը, միտքը և լուծումը։

Անձինք իրավունք ունեն իրացնել խաղաղ հավաքների, խոսքի ազատության և իրենց քաղաքական այլ իրավունքները։ Լինել քաղաքացի նշանակում է ունենալ իրավունքներ և դրանք իրացնել պատասխանատու կերպով։ Անձանց քաղաքական իրավունքների սահմանափակման փորձերը որևէ հասարակության լավ տեղ չեն տարել։

Հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր հասարակության մեջ իր հարևանի, բարեկամի, ծանոթ ու անծանոթ հայրենակցի դեմ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ անպատասխանատվություն ու դաժանություն է։ Հավասարապես անմարդկային է նման վարքագիծը հրապարակային չդատապարտելը, մեր կողքին կանգնած բռնարարի ձեռքը չբռնելը, բռնությունն ու ագրեսիան չմերժելը։ Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։

ՄԻՊ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031