Մայիսի 1-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ֆրանսահայ գործիչ, Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանին։
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է Ռընե Լևոնյանի հայրենանվեր գործունեությանը դեռևս 90-ական թվականներից։
Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում իրականացվող այն առաջնահերթ սոցիալ- տնտեսական ծրագրերի, Ազգային ժողովի հայտարարությունների և խորհրդարանի կողմից ընդունվող օրենքների մասին, որոնք առնչվում են հետպատերազմյան իրողություններին։
Հանդիպմանը զրուցակիցները խոսել են տարածաշրջանային սրընթաց զարգացումների և Արցախի հետագա կարգավիճակի մասին։ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Կարդացեք նաև
Իր հերթին Ռընե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ Արցախի ժողովրդի կողքին են։ Ֆրանսահայ գործիչը նշել է նաև, որ սփյուռքահայ կազմակերպությունները շարունակելու են տարբեր ծրագրերով աջակցել արցախահայությանը։
Երկուստեք կարևորվել է ամբողջ հայության միաբան ու միակամ գործելը։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին