Այսօր Դիլիջանում տեղի ունեցավ քաղաքային մեծ շաբաթօրյակ, որին մասնակցում էին 1000-ից ավելի դիլիջանցիներ, քաղաքի հյուրեր, զբոսաշրջիկներ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։
Քաղաքի մաքրման 9 տարածքներն ընտրվել էին հենց Դիլիջան համայնքի բնակիչների կողմից, որոնք վաղ առավոտից մաքրման աշխատանքներ իրականացրեցին Շամախյան թաղամասում, լճափի, Գետափնյա փողոցի, ամֆիթատրոնի, կառուցվող եկեղեցու հարակից տարածքներում և մի շարք այլ թաղամասերում։
Նախաձեռնությունն իրականացվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի, Դիլիջանի համայնքային կենտրոնի և Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
Կարդացեք նաև
TUF հիմնադրամը, որն ավելի քան 10 տարի իրականացնում է մշակութային, կրթական և զբոսաշրջային ոլորտի զարգացման ծրագրեր Դիլիջանում, այս նախաձեռնությամբ նպատակ ունի խթանելու դիլիջանցիների ակտիվ ներգրավվածությունը՝ Դիլիջանը որպես էկոլոգիապես մաքուր քաղաք պահպանելու գործում։ Հաշվի առնելով Դիլիջանում առկա աղբահանության խնդիրը՝ հիմնադրամը վերջին ամիսներին քաղաքի բոլոր աղբատարների մոտ իրականացրել է նաև ցանցապատում։
Շաբաթօրյակի նախօրեին նախաձեռնության շրջանակում Դիլիջան քաղաքի բոլոր կրպակներին և խանութներին տրամադրվել են էկոպայուսակներ, որոնք պատրաստվել են Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից։ Այս նախաձեռնությամբ փորձ է արվում բնակիչների շրջանում տարածել էկոլոգիապես անվնաս տոպրակներ օգտագործելու մշակույթը։
Շաբաթօրյակից հետո Դիլիջանի քաղաքային այգում տեղի ունեցավ տոնական համերգ «Գաթա» բենդի և «Կարին» ազգագրական պարի համույթի մասնակցությամբ, որին ներկա էին շաբաթօրյակի մասնակիցները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ TUF հիմնադրամի