Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լուծումներ հնարավոր է գտնել միայն՝ եթե իշխանությունը հակված է գտնելու դրանք»․ «Առերեսում»

Ապրիլ 30,2022 23:08

«Հանդուրժողաբար ու նաեւ հումորով»․ այսպես է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ողորմելի մանիֆեստ» գնահատականին վերաբերվում պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը։ Նա նախաձեռնող խմբի անդամ է «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» հայտարարության, որին միացել են մի քանի տասնյակ գործիչներ այդ թվում՝ նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը և Արա Այվազյանը, այլ դիվանագետներ, ակադեմիկոսներ, պատմաբաններ և մշակույթի գործիչներ։

Լեւոն Տեր–Պետրոսյանը այս հայտարարության առնչությամբ «Առավոտին» փոխանցված հայտարարության մեջ մասնավորապես նշել էր․ «Նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից։ Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երևան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» և Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։ Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային և մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված Արտակ Բշտիկյանը ՀՀ առաջին նախագահին նաեւ շնորհակալություն հայտնեց իրենց հայտարարությունը գովազդելու համար․ «Իսկ ինչ վերաբերում է իր խորասուզվելուն՝ դա, ինձ թվում է՝ նոր երեւույթ չէ։ Առաջին նախագահը պարբերաբար խորասուզվում է, եւ իր մոտ ուրիշ բաները երեւի շատ ավելի լավ են ստացվում»։

Նախաձեռնող խմբի անդամ է նաեւ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, որին հաղորդման ընթացքում խնդրեցինք անդրադառնալ հայտարարության այն դրույթին, թե «Արցախի Հանրապետության կարգավիճակը, ներառյալ Հադրութի և Շուշիի շրջանները, Հայաստանի և Արցախի միջև անխափան և ազատ հաղորդակցությունը, հայերի վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը, արցախահայության անվտանգությունը և ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները»։ Հարցին ի պատասխան, թե մասնավորապես ինչպե՞ս են պատկերացնում Հադրութի եւ Շուշիի վերադարձը՝ պրն Մելիքյանը վկայակոչեց հայտարարության մեկ այլ դրույթ՝ «անհրաժեշտ է օգտագործել վստահաբար դեռ չսպառված դիվանագիտական զինանոցը և համայն հայության ամբողջական ներուժն ու միասնականությունը»։ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը կարծում է․ «Դիվանագիտական ակտիվ աշխատանքի արդյունքում հնարավոր է գալ որոշակի համաձայնությունների, ու նաեւ խնդիրներ կյանքի կոչել, որոնք առաջին հայացքից թվում են անիրականանալի»։

Արտակ Բշտիկյանը հավելեց․ «Այո, այսօրվա իշխանությունները հանրությանն ասում են, թե ներկա պայմաններում չկա դիվանագիտական ուղով խնդիրը լուծելու հնարավորություն։ Այդ թեզը՝ մեր անկախությունից ի վեր տարբեր ժամանակահատվածներում հրամցվել է ժողովրդին, բայց մենք ունենք օրինակներ, երբ անլուծելի իրավիճակները մեկ էլ հանկարծ ստացել են լուծումներ կամ ընթացել են այլ ուղով՝ ինչ ասվում էր»։

Հայտարարության մեջ նաեւ դրույթ կա, թե «Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն ժամանակակից և մարտունակ Արցախի պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Արցախի անվտանգության հետ»։ Մինչդեռ արդեն երրորդ զորակոչն է, որ Հայաստանից չեն զորակոչվում Արցախ։ Այս պայմաններում ինչպե՞ս են տեսնում Արցախի պաշտպանության բանակի մարտունակության խնդրի լուծումը։ Հարցին ի պատասխան՝ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը համոզմունք հայտնեց․ «Ամբողջովին պետք է փոխվի ՀՀ զինված ուժերի եւ Արցախի պաշտպանության բանակի նկատմամբ հիմա եղած մոտեցումը։ Մենք ականատեսն ենք վերջին ժամանակներում բանակի, զինված ուժերի նկատմամբ, մեղմ ասած, ոչ պատշաճ վերաբերմունքին։ Դրա լավագույն օրինակն է, որ պատերազմող երկրում մենք տեւական ժամանակ է՝ չունենք գլխավոր շտաբի պետ։ Սրանք հարցեր են, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում։ Բայց այդ լուծումները հնարավոր է գտնել միայն՝ եթե իշխանությունը հակված է գտնելու այդ լուծումները։ Իսկ եթե իշխանությունը հակված չէ լուծումներ գտնել՝ մեր հայտարարությունում մատնանշված՝ ժամանակակից ու մարտունակ բանակի մասին հնարավոր չէ խոսել»։

ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարն էլ մեր խնդրանքով մեկնաբանեց հայտարարության մեկ այլ դրույթ, թե «Հայ-թուրքական երկխոսության արդյունավետությունը չի կարող պայմանավորված լինել Արցախի կարգավիճակի և Արցախում անվտանգության խնդիրների վերջնական լուծման հետ»։ Մինչդեռ հայտնի է, որ թուրքական կողմը տարիներ շարունակ երկկողմ երկխոսությունը պայմանավորել է հենց Արցախում խնդիրների լուծմամբ։ «Ցայսօր էլ Թուրքիան նույն դիրքորոշումն ունի եւ որեւէ կերպ չի փոխել այն, եթե չասեմ, որ շատ ավելի կոշտացրել է»,– համաձայնեց Վահագն Մելիքյանը՝ բերելով ասվածն ապացուցող օրինակներ։ Ու հարց հնչեցրեց․ «Ինչո՞ւ ինքներս չենք կարողանում այս ամենը ճիշտ ձեւով հրամցնել միջազգային հանրությանը»։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, ընդդիմության գործողություններին։ Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930