Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղես զոհվել ա, երեխեքը զոհվել են․ պահանջում ենք կալանավորել Նիկոլին եւ հանձնել մեզ»․ զոհված զինծառայողի հայր

Ապրիլ 30,2022 22:47

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն իրենց զավակների լուսանկարներով այսօր կրկին բողոքի ցույց էին անում, նրանք բողոքի երթն ավարտեցին դատախազության շենքի մոտ։

Ծնողները դժգոհություն հայտնեցին, որ իրավապահները մի երկու սպա են ձերբակալել եւ դրանով փորձում են թոզ փչել ծնողների աչքերին, իսկ գլխավոր մեղավորներին թաքցնում են:

Ծնողներից մեկն էլ հիշեցրեց ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Բաներ կան, որոնք հիմա հրապարակային չեմ կարող ասել, որովհետեւ կվնասեմ ապագա բանակցություններին»․ «Հիմա ինչ ենք ասելու, ինչո՞ւ ենք այս տղաների կյանքը զոհաբերել, եթե կարող էինք ունենալ, հարցս պատկան մարմիներին եմ ուղղում, ինչո՞ւ ենք զոհաբերել մեր մատաղ սերնդին, որ իրենց չասեն դավաճան, միայն նրա համար, որ չասեն հողը տվել ենք, այլ պարտությամբ ենք հանձնել: Ո՞վ է պատասխան տալու»։

Նա նշեց, որ մինչեւ օրս  որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել  խայտառակ գործողությունների, խայտառակ արդյունքի համար, այդքան զոհերի համար․ «Ամեն տեղ մեր պահանջով դիմել ենք, բայց քանի որ բոլոր գործերն այստեղ են քննվում, այստեղ ենք դիմում, քանի որ Արցախում քննչական մարմինները այս գործընթացներով չի զբաղվում»։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հայտարարությունից Ցորի զորամասի զոհված զինծառայողների երկու տասնյակից ավելի ծնողներն ու հարազատները դատախազությունում հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Այս  զորամասի զինծառայողների ծնողների դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել:
Ծնողները պահանջում են, որ քրեական գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Գեղամ Նազարյանն էլ ցույցի ժամանակ բարձրախոսով դիմեց գլխավոր դատախազին․«Արթուր Դավթյան, քո հետ եմ, լավ նայի էս տղաների դեմքին, ծնողների կողքը կանգնի: Արթուր Դավթյան, 2 օր է մնացել որոշումդ կայացնելու, Նիկոլին ձերբակալո՞ւմ ես, թե՞ ոչ, լավ նայի, ցանկացած տղայի տեղում կարող էր լինել ձեր տղաների, ձեր եղբայրների նկարը: Նայի Արթուր Դավթյան, ամեն օր թող գիշերը տղերքը գան քո երազում»։

«Ես Սերգեյ Մուրադյանի հայրն եմ ՝ Ռոմա Մուրադյանը, կապիտան Սերգեյ Մուրադյանի, որը զոհվել է, որ էսօր դուք այստեղ կանգնեք (դիմում է դատախազության շենքի անվտանգությունն ապահովող ոստիկաններին` Ն․Բ․), պահեք, քնելուց մտածեք, աշխատավարձը ստանալուց մտածեք, թե ոնց եք ծախսելու։ Տղես զոհվել ա, մնացած երեխեքը զոհվել են, էսօրվա օրով դուք պահում եք մեկ հոգու։ Գլխավոր դատախազ, մենք Արցախից եկած, զոհված զինծառայողների հարազատներս, պահանջում ենք կալանավորել Նիկոլին եւ հանձնել մեզ, մեզ  հանձնեք։ Սաղ կյանքս ծառայել եմ էս հողին, ջրին, ես կորցրել եմ ամենաթանկս»,-դատախազության մոտ ասաց Ռոմա Մուրադյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930