«Բոլորիս առաջնորդողը հայրենիքի փրկության գաղափարն է»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին՝ ո՞վ է ընդդիմության առաջնորդը եւ արդյոք ընդդիմությունն ունի՞ վարչապետի իր թեկնածուն։
Սաղաթելյանի խոսքով․ «Այսօր մեր քաղաքացիներից որեւէ մեկը չի գալիս հրապարակ ինձ, իմ գործընկերոջը կամ որեւէ քաղաքական ուժի իշխանության բերելու համար։ Մարդիկ այսօր դուրս են եկել փողոց, որովհետեւ հասկանում են՝ իրենց պետականությունը կորցնում են։ Հետեւաբար սրան հեռացնելուց հետո հաջորդ կառավարությունը չի լինելու մեկ անձի, մեկ կուսակցության կամ առաջնորդի կառավարություն։ Դա լինելու է արժանիների կառավարություն, պրոֆեսիոնալ կառավարություն, որը ձեւավորվելու է պայքարի մասնակցած ուժերի կողմից։ Այն անձը, որը լինելու է վարչապետ, պետք է ունենա լայն հանրային վստահություն»։
Արդյոք ինքը՝ Սաղաթելյանը չի՞ հավակնելու վարչապետի թեկնածությանը, նա պատասխանեց․ «Ես այս պայքարին դուրս չեմ եկել վարչապետ դառնալու համար, ես պայքարի դուրս եմ եկել, որպեսզի Հայաստանն առհասարակ վարչապետ ունենա, որովհետեւ եթե այսպես շարունակվի՝ Հայաստան չի լինելու, որ մի հատ էլ վարչապետ ունենա։ Հետեւաբար դա երկրորդական խնդիր է այս ժամանակահատվածում։ Ամենակարեւորը՝ Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, մեկ անձի կամ մեկ կուսակցության իշխանություն պետք է չլինի, եւ մենք պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խորհրդարանական կառավարման երկիր՝ կոնսենսուսներով որոշում ընդունող, արդյունավետ կոլեգիալ կառավարում։ Այսօր Հայաստանում ոչ թե ՔՊ-ի՝ մեկ կուսակցության, այլ Նիկոլի իշխանություն է, մեկ անձի բռնապետություն։ Դա պետք է վերացվի»։
Սաղաթելյանն ասաց, որ ինքը կարող է տասը վարչապետի թեկնածուի անուն տալ, տասը ԱԳ նախարարի, տասը պաշտպանության նախարարի։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վաղը Ֆրանսիայի հրապարակում դիմադրության շարժման մեծ հանրահավաքն է սպասվում, եւ ինչպես ընդդիմադիրներն են ասում՝ պայքարի վճռական փուլն է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ