Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան․ «Նոր իշխանությունը պետք է գա, խոսի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի հետ»

Ապրիլ 30,2022 20:46

«Այն բոլոր հարցերը՝  եթե իշխանափոխություն լինի, գալու են, նոր կառավարությունը պատերազմ է հայտարարելու Թուրքիային, Ադրբեջանին։ Չի՛ լինելու նման բան։ Նոր իշխանությունը պետք է գա, խոսի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի հետ։ Բայց պետք է գնա եւ ոչ թե  ասի՝ ձեզ ինչ պետք է տանք, էլ ի՞նչ եք ուզում, այլ գնա եւ պաշտպանի երկրի եւ ժողովրդի շահերը»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Կարող ենք դա անել, եւ դրա համար պետք է ուժեղ Հայաստան՝ արդյունավետ կառավարմամբ, նվիրյալներով, մարդկանցով, ովքեր պետք է տիրոջ զգացումով առաջնորդվեն, այլ ոչ թե ասեն՝ ով ինչ ուզում է տան, մենակ մեր իշխանությունը պահենք։

Նա տեղեկացրեց, որ վաղը դիմադրության շարժման չորս խմբերը քայլարշավով կմտնեն Երեւան, Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք կլինի, որտեղ կհայտարարվի հետագա քայլերի մասին․ «Լինելու են անհնազանդության ցույցեր, մեր ժողովուրդը դուրս է գալու փողոց, հասնելու ենք նրան, որ ցույց տանք, որ ինքն այլեւս իշխանություն չունի Հայաստանում»։

Սաղաթելյանն ասաց, որ պայքարի առաջին փուլում այն խնդիրը, որը դրել էին իրենք իրենց առջեւ, իրականացված է․ «Վաղվանից վճռական փուլն է, որ կարճ ժամանակ հետո բերելու է այս իշխանության հեռացմանը, կարճ ժամանակ հետո հայ ժողովուրդը կապացուցի, որ Նիկոլը մանդատ չունի, լեգիտիմ չէ, հերթական անգամ խաբել է մեր ժողովրդին եւ պետք է հեռանա։ Դա անելու ենք հանրային լայն ժողովրդական ճնշման տակ, այդ գործընթացն արդեն սկսված է»։

Նա նշեց՝ պատերազմը, դրա հետեւանքները ճակատագիր եւ դատավճիռ չեն․ «Աշխարհում բազմաթիվ երկրներ եւ պետություններ ունեցել են պարտություններ, բայց որեւէ երկրում պարտված իշխանությունը չի վերարտադրվել․ կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ ժողովուրդն է իրեն հեռացրել։ Եթե Հայաստանում լինի ազգային  իշխանություն, կամք եւ վճռականություն, արդյունավետ կառավարում, մտածի, որ ելք կա, հնարավոր է մենք կարող ենք պահել եւ պաշտպանել երկիրը, եւ այդ Ալիեւով, որ փորձում է վախեցնել մեր քաղաքացիներին, այդպես չէ։  Հնարավորություն կա ե՛ւ երկրի պոտենցիալը վերականգնելու, ե՛ւ անվտանգության համակարգերը կարգավորելու։ Այս իրավիճակում շատ կարեւոր է  արտաքին քաղաքականությունը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930