Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյան․ «Ժողովրդի այս հոսքը որեւէ ուժային կառույց չի կարող կասեցնել, արդեն ուշ է, ձեզ շատ քիչ է մնացել, ժողովուրդը հասնելու է իշխանությունների հեռացմանը»  

Ապրիլ 30,2022 20:00

«Ես, որպես կանոն, շատ լուրջ եմ վերաբերվում ԱԱԾ տարածած հայտարարություններին, հույս ունեմ, որ ԱԱԾ-ն էլ է լուրջ վերաբերվում այն ամենին, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանում։ Կարծում եմ ԱԱԾ-ն անպայման կգործի օրինաչափ, հավասարաչափ բոլորի նկատմամբ, եւ եթե ԱԱԾ հնչեցրած մտավախությունները իրապես գոյություն ունեն, մենակ ուրախ կլինեմ, որ ԱԱԾ-ն այդ հանցագործությունը բացահայտի, պատրաստ եմ ինքս դրան աջակցել»,-այսօր այս մասին Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է ․«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար, ուստի զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն»:

Ոստիկանությունը նույնպես հայտարարություն է տարածել, որում ասված է՝ Հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Վանեցյանը, դիմելով ԱԱԾ աշխատակիցներին, ասաց՝ հիշեցնեմ իմ նախկին գործընկերներին, որ իրենք ծառայում են ՀՀ-ին, երդում են տվել ծառայել ՀՀ-ին, այլ ոչ թե իշխանությունը զավթած խմբակին։

«Իշխանություններին ուզում եմ խորհուրդ տալ, որովհետեւ  գիտեմ ներքին քննարկումներ կան, թե ինչեր են տեղի ունեցել մինչեւ այս հայտարարությունը տարածելը, ճիշտ եք անում, որ անհանգստացել եք,  որ մտահոգվել եք, ճիշտ եք գնահատում, որ ձեզ շատ քիչ է մնացել եւ ժողովուրդը խաղաղ անհնազանդության ցույցերով եւ հանրային մեծ ճնշմամբ հասնելու է իշխանությունների հեռացմանը։ Բայց եթե կլինեն սադրանքներ, ուժի անհամաչափ կիրառում կամ օրինականության  խախտում, բոլորը դրա համար պատասխան են տալու։ Ժողովրդի այս հոսքն ու զարթոնքը  որեւէ ուժային կառույց չի կարող կասեցնել, արդեն անցել է այն պահը, որ կարող էին կասեցնել, արդեն ուշ է։ Վաղը ժամը 16:00-ին բոլորը կտեսնեն,  նրանք, որոնք մի քիչ թերահավատ էին, կհամոզվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930