Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի օրակարգում։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` պատասխանելով հարցին, թե ինչ են անելու Արցախի հարցում, եթե գան իշխանության։
Նա ասաց, որ նախ պետք է պահպանեն Արցախից եղածը, որովհետեւ այս իշխանությունը ցույց է տալիս, որ իրենց՝ ամեն օր մնալով նորանոր կորուստներ են լինում․ «Պետք է կասեցնենք միակողմանի զիջումների ընթացքը, պարտության անիվը կանգնեցնենք, որից հետո շատ աշխատանք ունենք անելու։ Անմիջապես պետք է սկսենք մեր հարաբերությունները արտաքին գործընկերների հետ, խորացնենք մեր հարաբերությունները ՌԴ-ի եւ ռուս խաղաղապահների հետ, նրանց հետ ունենանք հստակ պայմանավորվածություն, որպեսզի նրանք այսօր ապահովեն Արցախի մնացյալ տարածքի եւ բնակչության անվտանգությունը։ Պետք է սկսենք դիվանագիտական ճանապարհով աշխատել Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի շուրջ, վերականգնենք մեր դիրքերը համաշխարհային քաղաքականության մեջ։ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի մեր օրակարգում, մենք որեւէ պարագայում չենք համաձայնվելու, որ Արցախի հիմնահարցը փակված է, իսկ Ալիեւն ամեն օր հայտարարում է, որ Արցախի հարց չկա ու Հայաստանից որեւէ արձագանք չենք տեսնում։ Դրա հետ մեկտեղ պետք է կարողանանք վերականգնել մեր բանակը, որպեսզի տարածաշրջանում, Արցախում եւ Հայաստանում դառնա գործոն»։
Վանեցյանը հայտարարեց՝ վաղվանից անցնում են պայքարի վճռական փուլին, բոլոր ուժերի հետ միասնական ճակատով սկսելու են պայքարը ավելի լայն ֆորմատով, ավելի արդյունավետ ու արագ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ