Սարյանի պուրակում այսօր մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի նախաձեռնած հանրային քննարկման ժամանակ քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց՝ շատ մեր հայրենակիցներ կիսում են ձեր գաղափարները, պատրաստ են օգնելու եւ կանգնելու այդ գաղափարների կողքին, ի՞նչ ձեւաչափ եք տեսնում այդ գաղափարների իրականացման համար։
Ի պատասխան Թաթոյանն ասաց՝ ինքս էլ` որպես մտահոգ քաղաքացի, ունեմ իմ պատկերացումներն ու կարծում եմ, որ ինքս իմ որոշումն ունեմ, որ վստահաբար պատկերացնում եմ այն լուծումները, որ պետք է արվեն․ «Բայց այս պահին որոշել եմ այս ձեւաչափով գնալ։ Չեմ բացառում, որ կունենամ ձեւաչափի փոփոխություն՝ քայլերում, աշխատանքում։ Այս պահին, տարբեր գործոններ հաշվի առնելով, հարցեր քննարկելով, սա է իմ գնահատականը»։
Նա ասաց, որ կան պաշտոնյաներ, որոնք իրենց շահերից ելնելով, ընկել են այդ հորձանուտի մեջ, անընդհատ անում են հայտարարություններ, որոնք է՛լ ավելի շատ են խնդիրներ առաջացնում մեզ համար․ «Հույս ունեմ, որ այս հանդիպումը կզսպի եւ թույլ չի տա, հետագայում ավելի կօգնի, որ այդ հայտարարություններն ապալեգիտիմացվեն մեր երկրի անվտանգության բոլոր հարցերի հետ կապված»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ