Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթոյան․ «Այսպես կոչված խաղաղության դարաշրջանը վտանգում է միջազգային դատարաններում պետության դիմումներ ներկայացնելու հնարավորությունը»

Ապրիլ 30,2022 18:30

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այսօր Սարյանի պուրակում նախաձեռնած հանրային քննարկման ժամանակ անդրադառնալով անվտանգության խնդիրներին՝ հիշեցրեց պատերազմից հետո  ադրբեջանական զինված ծառայողների հայկական համայնքների միջեւ ճանապարհներին տեղակայումը։

Այդ մասին խոսելով՝ նա ասաց, որ ՄԻՊ աշխատակիցներն անմիջապես արձագանքել են, տեղում ուսումնասիրություններ արել, քայլեր ձեռնարկել, վեր հանել ադրբեջանական հանցավոր արարքները․ «Բայց մշտապես գտնվել ենք ճնշումների ներքո՝ հարցերը բարձրացնելու, փաստերը ներկայացնելու առումով, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ակնհայտ է, որ ադրբեջանցիների զինված ծառայողները, երբ հայտնվեցին մեր ճանապարհներին, խոսք էր գնում էր ժողովրդի իրավունքների կոպիտ խախտումների մասին, ունենք օրինական փաստաթղթեր պայքարելու իրավունքների համար։ Դեպքեր կան, երբ  ադրբեջանցի զինծառայողները ներկա էին մարդկանց տներում, որոնք անգամ խորհրդային տարիներին սեփականության իրավունքի փաստաթղթերով մեր քաղաքացիներինն են, հողատարածքներ, վարելահողեր, դրանք, օրինակ, փաստաթղթերով մարդիկ վարձակալել են, բայց գտնվում են ադրբեջանցիների  վերահսկողության ներքո, մարդիկ չեն կարողանում մոտենալ այդ հողերին»։

Թաթոյանի վստահեցմամբ՝ իր ղեկավարման ժամանակ ՄԻՊ-ը ապացույցներն էր ստեղծում, որ նրանք հեռացվեին մեր գյուղերին մոտ տարածքներից, որովհետեւ միջազգային պահանջներն էին դա պարտադրում․ «Մենք քնած կարող էինք միջազգային  դատական ատյաններին դիմել եւ պահանջել անհապաղ դուրս բերել  այդ ապօրինի տեղակայումները, բայց այդ ժամանակ Սուրեն Պապիկյանն ասում էր՝ տեղակայումն ադրբեջանական անելիքներն են, մենք ոչինչ չենք կարող անել։ ԱԽՔ-ը, վարչապետը նույնն էին  ասում։ Այս պայմաններում եթե դիմեինք միջազգային ատյաններին, եթե որեւէ մեկը լինի ադրբեջանական իշխանության փոխարեն, այս ամենը կբերի կասի, ին՞չ եք ուզում, ուզում եք հեռացնե՞նք, բայց հլը նայեք դուք ինչ երջանիկ եք»։

Մենք, ըստ Թաթոյանի, չպետք է մեզ զրկենք միջազգային պաշտպանության հնարավորություններից եւ տանենք ամբողջը դնենք ռազմաքաղաքական տանիքների տակ․ «Իմ կարծիքով՝ այս ամենը արվում է քաղաքական շահերից ելնելով, որ իրենց նկատմամբ  դժգոհություններ չգան, մարդկանցից՝ կոնկրետ պաշտոնյաների նկատմամբ»։

Նախկին պաշտպանը հիշեցրեց իր զեկույցները քաղաքացիների անվտանգային խնդիրների  մասին։

Ասաց, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում, եւ նրանք մշտապես օգտագործել են այդ խաղաղության օրակարգը  որպես շղարշ․ «Ինձ համար խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց դու չես կարող  խաղաղություն ակնկալել, երբ օգտագործվում է արհեստական շղարշ՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար, մենք ոչինչ չենք կարողանում հակադրել։ Ադրբեջանի նախագահն ամեն օր տարածում է ատելություն ու թշնամանք, որովհետեւ նրանց համար հայատյացությունը ներքին խնդիրներից շեղելու միջոց է,  իշխանության վերարտադրության համար է»։

Անդրադառնալով անկլավների խնդրին՝ ասաց՝ ինչպե՞ս կարող է Հայաստանի ղեկավարն ասել, որ Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, ակնարկեն, որ անկլավային գյուղեր կան․ «Պատկերացնո՞ւմ եք՝ որքան ներքին տեղահանվածներ կունենանք, պարալիզացվելու է երկիրը, դրանք ամբողջությամբ Հայաստանի տարածքներն են․ Խորհրդային  միության ժամանակ մինչեւ 30-ականները բզկտել, կտրել, տրվել է Ադրբեջանին»։

«Այսօրվա այսպես կոչված խաղաղության դարաշրջանը վտանգում է միջազգային դատարաններում պետության դիմումներ ներկայացնելու հնարավորությունը, որովհետեւ քաղաքական գործընթացը բոլորովին այլ  ուղղությամբ է ընթանում, ամեն ինչ հիանալի է համատեքստում, դրանք ուղեկցվում են մեր շահերից չբխող հայտարարություններով»,-ասաց Թաթոյանը։

Նա նաեւ հայտարարեց՝ Արցախի պարագայում Ադրբեջանի այսօրվա ցեղասպան քաղաքականությունը պետք է հստակ ձեւակերպումներ ստանա՝  ինքնորոշման իրավունքի հետ կապված։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի   ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930