Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան. «Գիտակցում ենք, որ թշնամու շոշափուկները ներքին գործակալների միջոցով արդեն հասել են Երեւան» (ֆոտոշարք)

Ապրիլ 30,2022 18:00

«Համախմբումը» այսօր Եռաբլուր պանթեոնից Արցախի դրոշը ավտոերթով եւ քայլերթով տարավ Էջմիածին:

Շարժման անդամ Ավետիք Չալաբյանը Aravot.am-ին ասաց. «Եռաբլուրից այս երթը խորհուրդ ունի՝ ոգեկոչելու մեր հերոս նահատակներին, որոնք արցախյան պատերազմներում հանուն հայրենիքի, իսկ ես Արցախը Հայաստանից չեմ առանձնացնում, տվել են իրենց կյանքը:

Եռաբլուրը հիմնվել է արցախյան առաջին պատերազմում: Այստեղ հանգչող հայ հերոսների թիվն աճել է 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո: Իսկ 44-օրյա աղետալի պատերազմը կրկնապատկեց, եթե չասենք՝ եռապատկեց Եռաբլուրը: 30 տարիների ընթացքում մեր ազգի լավագույն որդիները զոհաբերել են իրենց կյանքը, ավելի շատերը հաշմվել են՝ հայրենիքի պաշտպանության զոհասեղանին դնելով իրենց առողջությունը:

Ազգեր կան, որոնց նույնիսկ գոյությունը հարեւանները չեն ուզում ընդունել: Եվ մենք, ցավոք, այդ ազգերից մեկն ենք: Հետեւաբար, դատապարտված ենք վտանգը հաղթահարել: Բայց հաղթահարել միայն մեր ուժի դիրքերից: Դա չի կարող լինել միակողմանի, հնարավոր չէ ասել մենք հանձնվում ենք ու մեզ ձեռք մի տվեք: Այդպես չի լինում: Այդ դեպքում մեզ ուղղակի կոչնչացնեն: Այս իմաստով մեր հերոս նահատակների հիշատակը նաեւ ոգեւորության խորհուրդ է: Նրանք մեզ պայքարը շարունակելու կոչ են անում: Ուստի մենք այստեղից ենք սկսում:

Երթի ուղղությունը դեպի Էջմիածին ընտրելը իր մեջ խորհրդի երկրորդ մասն է պարունակում: Հիշեցնեմ, որ 1918 թվականին, երբ թուրքական զորքը մոտեցավ Սարդարապատին, որն Էջմիածնից ընդամենը 10 կմ է հետու, Էջմիածնում սկսեցին ղողանջել զանգերը, որով ժողովրդին համախմբվելու եւ հայրենիքից մնացած փոքր հողակտորը պաշտպանելու կոչ էր արվում: Եվ միայն այդ ժամանակ դիմադրությունը վերջին բնագծում պսակվեց հաջողությամբ:

Էջմիածնի խորհուրդը հենց դա է: Մենք այսօր գտնվում ենք այն հանգրվանում, որ թշնամին նորից գտնվում է Երեւանի մատույցներում: Ճիշտ է, ոչ ֆիզիկապես, բայց մենք հասկանում ենք, որ թշնամու շոշափուկները ներքին գործակալների միջոցով արդեն հասել են Երեւան: Անընդհատ թուրքական քարոզչություն է արվում:

Մարդիկ, որոնք ֆորմալ տեսանկյունից հայ են, անընդհատ խրախուսում եւ քարոզում են, որպեսզի մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գնանք չակերտավոր խաղաղության բացարձակ նրանց պայմաններով՝ հանձնենք Արցախը, հրաժարվենք ցեղասպանության ճանաչումից եւ հատուցումից, ազգային իրավունքներից, տարածքներ տանք Ադրբեջանին ըստ ինչ-որ անհեթեթ քարտեզների: Իսկ մենք գիտենք, որ ադրբեջանցիները խորհրդային տարիներին որոշ ռայկոմի քարտուղարների կաշառք տալով տարածքներ էին վերցնում:

Դրան վերադարձ չի լինելու: Այդ պատճառով գնում ենք Էջմիածին՝ այս պայքարի համար ստանալու մեր հոգեւոր հայրերի օրհնությունը, որպեսզի իրենց ձայնը բարձրացնեն որպես ղողանջող զանգ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930