Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այսօր Մարտիրոս Սարյանի անվան պուրակում հանրային քննարկում է կազմակերպել, որի ընթացքում անդրադառնում են մի շարք խնդիրների՝ կառավարման համակարգ, անվտանգություն, մարտահրավերներ։
Թաթոյանի խոսքով՝ 2018-ից հետո մի շարք հանգամանքներ դարձել են մեր երկրի հետընթացի հիմնական պատճառները։ Նա ասաց, որ ժողովուրդը պետք է վեր կանգնի բոլոր հակասություններից, որպեսզի կարողանա զարգացում ունենալ․ «Հակառակ դեպքում, մենք միշտ կռիվ ենք տալու նախկինի հետ, պատրանքների հետ, ինքներս մեզ հետ, եւ ինքներս մեզ հետ թշնամանանք։ Մինչդեռ մեր թշնամիները մեր երկրի ներսում չեն, մենք արտաքին մարտահրավերներ ունենք։
Բայց այս ամենը հանգեցրել է լուրջ խնդրի՝ երկրի կառավարման համակարգում։ Այսօր տեղի է ունենում պետության կուսակցականացում, ամբողջը կենտրոնացած է կառավարության ձեռքում, իսկ կառավարության դեպքում խոսք մեկ կուսակցության մասին է։ Պետական ինստիտուտները ծառայեցնում են կուսակցական շահերին եւ կուսակցության հնարավորություններն օգտագործում են պետական ինստիտուտների հնարավորություններն այդ կուսակցության ազդեցությունը մեծացնելու համար»։
Նախկին պաշտպանի կարծիքով՝ այդ ամենի պատճառով երկրում խաթարվել է իշխանությունների բաժանումն ու ժողովրդավարական համակարգն ամբողջությամբ ե գլխավոր հարցերի վերաբերյալ տեղի չեն ունենում համազգային կոնսուլտացիաներ․«Ամեն ինչ սահմանափակվում է պետական կառավարման մարմինների որոշումներով, որոնք էլ կտրված են լինում քաղաքացիների վերաբերմունքից կամ առհասարակ հաշվի չեն առնում»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով խորհրդարանի դերին, Թաթոյանն ասաց՝ կառավարության ղեկավարն Աժ ՔՊ պատգամավորներին վերաբերվում է որպես իր աշխատողների, եւ այդպես էլ հանրային ընկալումն է, ԱԺ-ն զրկված է ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից, հնարավորությունից եւ ամբողջությամբ գտնվում է գործադիրի ազդեցության ներքո։
«Պատգամավորներն ինքնամոռաց գովում են կառավարության ցանկացած նախաձեռնություն, այլընտրանք կարծիք գրեթե հնարավոր չէ լսել։ Օրենսդրական նախաձեռնությունները կամ կարեւոր հարցերը, որոնք պետք է կարգավորում ստանան եւ մեր երկիրը տանեն առաջ, այս բոլոր հարցերն ԱԺ-ում թողնված են, իսկ մնացածը՝ նախաձեռնություններ են արվում բացառապես այն դեպքում, օրինակ երբ անհրաժեշտ է խուսափել հանրային քննարկումներից, քաղաքացիներից թաքցնել նախաձեռնություններ, հանրային վերահսկողությունից դուրս պահել գործընթացները։ Այս պարագայում հնարավորություն չի լինում ճիշտ վերահսկողություն ապահովել»։
Այս ամենը, Թաթոյանի խոսքով՝ արատավոր պրակտիկան սկիզբ առավ քովիդի համավարակից հետո։ Նրա կարծիքով՝ այդ ժամանակ բացահայտ չարաշահվում էին արտակարգ դրության, ռազմական դրության բոլոր ռեժիմները եւ այդ քողի տակ ընդունվում էին որոշումներ, որոնք ակնհայտորեն խախտում էին մարդու իրավունքները եւ առհասարակ քաղաքացու կամքն անտեսում էր։
Նա նաեւ ասաց․ «Մենք ժողովրդավարությամբ առաջնորդվող պետություն ենք, եւ դա բնական է։ Բայց չենք կարող մենք դա հակադրել անվտանգությանը։ Մենք պետք է առաջնորդվենք դրանք համադրելու ճանապարհով, ու այդ ճանապարհը կա։ Չի կարելի հակադրել ազգայինն ու անվտանգային հարցերը, նման արատավոր փորձեր արվում են, բայց դրանք մեկ միասնական հարթակ են»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ