Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին:
Հանրապետության նախագահը ողջունելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, շնորհավորել և հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահը հույս է հայտնել, որ Իլիա Դարչիաշվիլիի այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը:
Երկուստեք կարևորվել է տարբեր մակարդակի հանդիպումների ինտենսիվության պահպանումը, ինչը վկայում է դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների հարաբերությունները մեծապես արժևորելու և փոխգործակցության օրակարգը մշտական ուշադրության ներքո պահելու մասին:
Հանրապետության նախագահը և Վրաստանի արտգործնախարարը տարածաշրջանի զարգացման տեսանկյունից կարևորել են կայունությունն ու խաղաղությունը, նշել, որ երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Կարդացեք նաև
Զրուցակիցներն ուրախությամբ փաստել են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամրջի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով: Այս համատեքստւմ Վրաստանի արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և ավելի կզարգանան:
Հայ-վրացական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի շրջանակում կարևորվել է հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերը և դրանք նոր նախաձեռնություններով համալրելու անհրաժեշտությունը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ