Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը անդրադարձ է կատարվել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին

Ապրիլ 30,2022 14:58

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։

Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել իր կարևոր առաքելությունում։

Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին միմյանց շնորհավորել են Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև հազարամյա բարեկամության և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների, միջպետական մակարդակում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ ու սերտ փոխգործակցության առնչությամբ։ Երկուստեք բարձր է գնահատվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը և ընդգծվել ոլորտային պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

Կողմերն անդրադարձ են կատարել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի իրացման, տարածաշրջանի կայուն զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերին: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ստեղծման ուղղությամբ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նա ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:

Անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձմանը և 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայակական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման դեպքերին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային համապատասխան կառույցների անարգել մուտքի ապահովումը և տեղում անխափան ներգրավումը։

Հանդիպմանը հաջորդել են արտգործնախարարների՝ մամուլի համար հայտարարությունները։

Նույն օրն առավոտյան ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930