Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջնությունում կա ինտրիգ, սակայն մեր ֆուտբոլը մրցունակ չէ միջազգային ասպարեզում

Ապրիլ 30,2022 14:50

Ֆուտբոլային գիտակների ակումբի (ՖԳԱ) հերթական քննարկումը, որը տեղի ունեցավ «Առագաստ» սրճարանում, այս անգամ նվիրված էր մասսայական ֆուտբոլի զարգացմանը եւ Հայաստանի ֆուտբոլային առաջնության վերջնական փուլին։ Քննարկման հովանավորը հանդիսացավ ֆուտբոլի մեծ սիրահար «Ավերս» ընկերության ղեկավար Կարո Շահբազյանը։

Մասսայական ֆուտբոլի զարգացում հնարավոր չէ ապահովել առանց ֆուտբոլային դաշտերի, մարզադահլիճների, որոնք սակավաթիվ են երկրում։ Նշեց բացման խոսքում ՖԳԱ հիմնադիր Տիգրան Հովհաննիսյանը, որը երկար տարիներ զբաղվել է մասսայական ֆուտբոլի զարգացմամբ, կազմակերպելով մրցաշարեր լրագրողների, բանկիրների, ուսանողների, դիվանագետների, գործարարների եւ այլ բնակչության շերտերի համար։ Նա հանդիսանում է նաեւ Հայաստանի լրագրողների հավաքականի ավագը եւ երկար տարիներ շարունակ, սկսած  1999 թվականից, տարբեր երկրների լրագրողների մրցաշարերում ներկայացրել է Հայաստանը հայրենի լրագրողների ֆուտբոլային թիմի մակարդակով։ Ըստ նրա, եթե մենք ուզում ենք ֆուտբոլը մասսայական զարգացում ունենա երկրում, ապա ֆուտբոլային ֆունկցիոներները պետք է մեծ ուշադրություն դարձնեն մարզադահլիճների եւ մարզադաշտերի կառուցման մասին։

Նրա խոսքերով, Հայաստանի առաջնության վերջնական փուլը անցնում է «Փյունիկի» եւ «Արարատ Արմենիա» թիմերի միջեւ չեմպիոնության համար շատ հետաքրքիր պայքարում, ինչը շատ կարևոր է, քանի որ կա ինտրիգ մրցաշարում։

Հայտնի սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանի խոսքով իրոք կա ինտրիգ Հայաստանի առաջնությունում, քանի որ ներկայումս երկու թիմ պայքարում են ոսկե մեդալի համար, սակայն հետեւելով մեր մրցաշարին մոռանում ենք հայկական ֆուտբոլի զարգացման մասին։ Ըստ նրա, օրինակ, այս երկու թիմերում  հիմնականում հանդես են գալիս օտարերկրյա ֆուտբոլիստներ, իսկ այս ակումբներում կան Հայաստանի հավաքականի թեկնածուներ, որոնք ոչ միշտ են հանդես գալիս հիմնական կազմում: «Այդ իսկ պատճառով, մենք պետք է ուրախանանք ոչ թե նրանով, որ առաջնությունում ինտրիգ կա չեմպիոնության համար, այլ նրա համար, որ բացի Երեւանից մենք պետք է ունենանք բազմաթիվ թիմեր մարզերում, որոնք պայքար մղեն Հայաստանի գավաթի կամ գոնե Պրեմիեր լիգայի մեդալների համար։ Այդ դեպքում մեր ֆուտբոլային առաջնությունում կլինեն ավելի սկզբունքային հանդիպումներ, որը կբերի մարզադաշտ ավելի շատ երկրպագուներ», – ընդգծեց նա։

Սարգսյանը անվանեց Հայաստանի առաջնությունը Երեւանի բաց առաջնություն, քանի որ այստեղ բացառությամբ մեկ թիմի (Չարենցավանի «Վան»–ի) խաղում են բացառապես մայրաքաղաքի թիմեր։ Նա նշեց, որ այսօր ֆուտբոլային խոշոր քաղաքներից երկուսը` Գյումրին եւ Վանաձորը անգործունեության են մատնված, քանի որ չունեն թիմեր Հայաստանի բարձրագույն լիգայում։ Ըստ նրա, Հայաստանի ֆուտբոլում երբեմն մտնում է քաղաքականությունը, ինչն խոչընդոտում է այդ մարզաձեւի զարգացմանը։ «Այսօր գործում է հետեւյալ կանոն, ում հետ ֆուտբոլի ղեկավարը համագործակցում է, նա էլ կունենան թիմ առաջնությունում, ում հետ ոչ` նա չի ունենա թիմ», – նշեց անվանի հաղորդավարը։ Ըստ նրա, ֆուտբոլը համաժողովրդական խաղ է Հայաստանում, համար առաջին մարզաձեւը եւ  այդպես այն չի զարգանա երկրում։

Ինչ վերաբերում է մասսայական ֆուտբոլի զարգացմանը, ապա մասնագետի կարծիքով, նրան պետք է նպաստեն Հայաստանում գործող խոշոր ընկերությունները, ինչը ժամանակին արդյունավետ արվում էր Սովետական միության ժամանակ։

«Ֆուտբոլ +» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանի կարծիքով, ներկայումս պատանիները, որոնց դժվար է պոկել համակարգիչներից եւ «այֆոններից»,  շատ քիչ են բակերում խաղում ֆուտբոլ, ֆիզկուլտի ժամերին դպրոցում համարյա ֆուտբոլ չեն խաղում։ Ըստ նրա, անբավարար է երկրում պրոֆեսիոնալ մարզիչներ քանակը, նրանք ընդամենը երկու սեմինար անցնելով արդեն համարվում են մասնագետ, ինչը շատ զավեշտալի է։

Գիտակի կարծիքով, առաջնությունում չեմպիոն դառնալու առումով ներկայումս ավելի մեծ շանսեր ունի «Փյունիկ» թիմը, քանի որ այն «նոր արյուն» հաղորդեց թիմին, փոխելով իր կազմը, որը խաղում է «ագրեսիվ» ֆուտբոլ, այն դեպքում, երբ «Արարատ Արմենիան» արդեն երկար ժամանակ խաղում է Պրեմիեր լիգայում նույն կազմով։

Անվանի ֆուտբոլային մեկնաբան, «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանի կարծիքով, մենք կարող ենք մեր ֆուտբոլը գնահատել այն դեպքում, երբ այն առաջին հերթին լինի մրցակցային միջազգային ասպարեզում։ Սակայն, ըստ նրա, մենք համոզվեցինք, որ շատ հեռու ենք միջազգային մակարդակից։ Նա նշեց, որ անցած տարի «Ալաշկերտը» Կոնֆերենցիայի լիգայում, դուրս գալով խմբային փուլ, 14 խաղերի հիմնական ժամանակում ոչ մի հաղթանակ չտարավ։ «Դա տխուր վիճակագրություն է, որ խոսում է մեր ֆուտբոլի անչափ ցածր մակարդակի մասին։ Ես երբեմն գործի բերումով ստիպված եմ նայում մեր ֆուտբոլը, ապրելով մեծ հիասթափություն», – ասաց նա։

Մասնագետի խոսքով, մեր առաջատար թիմերի խաղացողները հանդես գալով միջազգային հանդիպումներում այնպիսի սխալներ են թույլ տալիս, որ ապշում ես։ Նրա խոսքերով, իրոք Հայաստանի Պրեմիեր լիգան հետաքրքիր պայքարում է անցնում  եւ դրանով կարող ենք ուրախանալ, բայց առաջնությունը նաեւ խնդիր եւ նպատակ ունի։ Այն պետք է նպաստի, որ ուժեղ թիմերի լավ ֆուտբոլիստները, հավաքականի անդամները թրծվեն, մեծ վարպետություն ձեռք բերեն, որ միջազգային ասպարեզում մրցունակ լինեն։ Բայց այդ տեսակետից մենք չենք կարող երաշխավորված լինել։

Նրա խոսքերով, այն հանգամանքը, որ մրցաշարային աղյուսակում «Փյունիկը» միավորներով հասավ եւ անցավ «Արարատ Արմենիային», խոսում է նրա ձմեռային տրանսֆերային պատուհանի ճիշտ աշխատանքի մասին։ Այս համալրման ընթացքում թիմում հայտնվեցին եղանակ ստեղծող ֆուտբոլիստներ, հրաշալի եռյակ` Սերժ Դեբլե (Կոտ դ’ Իվուար), Ուգո Ֆիրմինյո (Պորտուգալիա), Գեւորգ Ղազարյան (Հայաստան)։  Արդյունքում վերջին 11 խաղից   10 «Փյունիկը» հաղթել եւ մեկ հանդիպում էլ ավարտել ոչ–ոքի։ «Իհարկե այսօրվա դրությամբ դժվար է ասել, որ ակումբի համար չեմպիոնությունը երաշխավորված է, բայց ես հակված եմ կարծելու, որ «Փյունիկը» չեմպիոն կդառնա», – նշեց մասնագետը։

Բաղդասարյանը շեշտեց, որ խորհրդային տարիներին Հայաստանում ամենալավ մանկապատանեկան ֆուտբոլը ունեինք, որովհետեւ կային մարզադպրոցներ, մարզադաշտեր, մրցաշարեր, բոլոր մարզերում այս խաղաձեւը իրոք մասսայական էր, շատ հայ պատանի ֆուտբոլիստներ ընդգրկված էին Խորհրդային Միության տարբեր տարիքային հավաքականներում, ձեռք բերելով միջազգային փորձ։ Սակայն այդ ամենը հիմա գոյություն չունի եւ ներկայումս մենք չենք կարող մասսայական ֆուտբոլը զարգացնել երկրում։

Ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը, նշեց, որ ներկայումս Լոռու մարզը չունի որեւէ պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմ եւ այդ առումով երեխաներին դժվար է մոտիվացնել։  Նրա խոսքով, մասսայականության մասին դժվար է խոսել Հայաստանում, քանի որ մանկապատանեկան ֆուտբոլը ողբերգական վիճակում է։ Դա նաեւ նրա հետեւանք է, որ մարզիչների ճնշող մեծամասնությունը բացարձակ չեն համապատասխանում այն մասնագիտությանը, որով զբաղվում են, թե իրենց կրթական որակով, թե իրենց ֆուտբոլային գիտելիքներով։ «ՀՖՖ դարձել է հարկահավաք կառույց, որը գումարներ է հավաքում եւ նստեցնում է արտոնագրի դասընթացների մարզիչներին, որոնց ցրելով Հայաստանով մեկ, թքած ունեին, թե ինչպես են իրենք աշխատելու երեխաների հետ։ Չեն գիտակցում, որ յուրաքանչյուր մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչ երեխաների ճակատագրի հետ է խաղում, «փչացնելով» նրան որպես ֆուտբոլիստ»,– նշեց գիտակը։ Նա լիովին համաձայն է, որ Հայաստանը չունի բավականաչափ ֆուտբոլային դաշտեր, ինչը չի նպաստում ֆուտբոլի մասսայականությանը։

Մեհրաբյանի կարծիքով մեր նշաձողը պիտի լինի մրցունակությունը Եվրոպայում եւ ոչ թե այն, թե Հայաստանի առաջնությունը հետաքրքիր է կամ ինտրիգային։ Նա ավելացրեց նաեւ, որ խիստ անհրաժեշտ է «Լեռնային Արցախ» թիմին տալ արտոնագիր, որպեսզի այն նույնպես հնարավորություն ստանա մասնակցել Հայաստանի առաջնությանը եւ այդ անվանումը միջազգային ճանաչելի դարձնի, ինչպես դա ժամանակին արեց Ադրբեջանի «Ղարաբաղ» թիմը։

«Ավերս» ընկերության տնօրեն Կարո Շահբազյանը նշեց, որ Հայաստանը ֆուտբոլային երկիր է, սակայն այդ ոլորտում ներկայիս վիճակը շատ ցավալի է, քանի որ ամեն անգամ, երբ խոսում են հայրենի ֆուտբոլի մասին ինքն հիշում է «Արարատ 73»–ը, որի նվաճումները մինչ այսօր մնում են անգերազանցելի։ Ըստ նրա, Հայաստանի առաջնությունում եղանակ են ստեղծում օտարերկրյա ֆուտբոլիստներ եւ ներկայիս քննարկումը դրա վառ օրինակն է, քանի որ այդ ընթացքում հնչեց միայն մի հայ ֆուտբոլիստի անունը։

Նա նշեց, որ շատ իրադարձություններ զարմանք են առաջացնում մեր ֆուտբոլում, օրինակ, որ ինչ–որ մի թիմ լքում է առաջնությունը, նեղանալով մրցավարությունից, մեկ էլ մի թիմ էլ հայտնվում է, ինչը ֆուտբոլասերներին ստիպում է ուղղակի չհետեւել մեր առաջնությանը։ «Կուզենայի, որ մեր ֆուտբոլում հաստատվեր կարգ ու կանոն, ինչը կբացառեր նման երեւույթները», – նշեց «Ավերսի» տնօրենը։

Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930