Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցրած նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հարցազրույցը․
– Տպավորություն է, թե Դատավորների միությունն անկախացել է եւ հաշտ չէ ներկայիս գործադիր իշխանության հետ, նաեւ ԲԴԽ ներկայիս ղեկավար կազմի՝ Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարությամբ, իրավապահ մյուս կառույցների, ու թերեւս դա է պատճառը, որ նույն Ջհանգիրյանը կամ դատախազը չեն ցանկանում մասնակցել միության ժողովներին։
– Ճիշտ եք նկատել, հարաբերությունները միության հետ հարթ չեն ընթանում, առաջինը՝ միության նորընտիր նախագահ Ալեքսանդր Ազարյանը երեւի ցանկալի թեկնածու չէր իշխանությունների համար, եւ միության բռնած դիրքորոշումը, որ այսօր ի ցույց է դրվում, դա դատական իշխանության անկախությունն է, որը նույնպես, իմ կարծիքով, հաճելի չէ կամ ձեռնտու չէ այսօրվա իշխանություններին եւ ցանկացած իշխանության։
Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, երբ որ իշխանությունը փոխվի, ու գա ընդդիմադիր ուժ կամ նոր ուժ, այդ ուժն էլ է փորձելու դատական իշխանությունն իրենով անել, իրենց ենթարկեցնել։ Դա դարեր շարունակ էդպես է եղել։ Երեւի նախնադարից սկսած՝ ով ուժեղ է եղել, ում «բիլագն» ուժեղ է եղել, փորձել է դատական իշխանությունը քաշել իր տակ։ Այդ իսկ պատճառով այդ միությունը միշտ լինելու է հակամարտության մեջ ցանկացած իշխանության կամ ցանկացած այն ուժի հետ, որը փորձելու է դատական իշխանությանը թելադրել իր կամքը։ Դա կլինի տնտեսական կամք, քաղաքական կամք կամ ցանկացած այլ տեսակի ճնշում։
Կարդացեք նաև
– Պարոն Վարդազարյան, հայտնի է, որ ԱԱԾ-ն վերադարձրել է դատական համակարգում գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի կոդերը՝ բանալիները, որով կարող են համակարգը նորից գործարկել, բայց, անհասկանալի պատճառներով, այդ համակարգը չի գործում, գործերը շարունակում են ձեռքով մակագրվել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չեն գործարկում։
– Ինչո՞ւ եք ասում «անհասկանալի պատճառներով»։ Պատճառները շատ հասկանալի են, ընդամենը ցանկությունն է բացակայում, որպեսզի այդ համակարգը գործի։ Այն պատճառաբանությունները, որոնք բերվում են Դատական դեպարտամենտի կողմից, որ տեխնիկական խնդիրներ են, որ բանալիները ժամանակին չեն հասել, որ նոր ծրագիր է պետք գրել, գիտե՞ք, ցանկության դեպքում շատ արագ՝ 24 ժամվա մեջ կարելի է այդ մակագրման համակարգը գործարկել։ Այն, ինչ պատճառաբանվում է, ես վստահ եմ, որ եթե ինձ պետք լինի պատճառաբանել, ես եւս մեկ տարի կարող եմ այդ համակարգը չգործարկել եւ տարբեր տեսակի հիմնավոր ու անհիմն, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառաբանություններ բերել, թե ինչու համակարգը չի աշխատում։ Համակարգը չաշխատելու միակ շահագրգիռ կողմն էսօր ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն է, որի ցուցումով էսօր գործերը ձեռքով են մակագրվում։
– Իսկ Ձեր դեմ հարուցված գործով ի՞նչ նորություն կա։
– Իմ գործով կարող եմ հերթական դատական նիստի վայրը եւ ժամն ասել՝ մայիսի 25-ին է, կարող եք գալ, հետեւել։ Իմ գործի վերաբերյալ որեւէ տեղեկություն չեմ ցանկանում մեկնաբանել։ Դեռեւս սկզբնական փուլում ենք, բացարկ հայտնեցինք դատավորին, դատավորը մերժեց, եւ ենթադրում եմ, որ հերթը հասել է դատախազին բացարկ հայտնելուն։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում