Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Ադամյան. Հանքարդյունաբերողներից շատերին հետաքրքրում է բացառապես շահույթի ստացումը․ «Փաստ»

Ապրիլ 30,2022 10:50

Օրերս Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են կատարվել, որոնց արդյունքներով Նորաշենիկ գետի ջրի որակը գետաբերանում գնահատվել է «վատ»՝ պայմանավորված վանադիումով, մանգանով և մոլիբդենով։

Ողջի գետի ջրի որակը Քաջարան քաղաքից 1,8 կմ ներքև գնահատվել է «վատ»՝ պայմանավորված մանգանով և մոլիբդենով։ Ողջի գետի ջրի որակը Կապանի օդանավակայանից 0,5 կմ ներքև գնահատվել է «անբավարար»՝ պայմանավորված մոլիբդենով, «վատ»՝ պայմանավորված մանգանով։

Վարարակ գետի ջրի որակը Գորիս քաղաքից ներքև գնահատվել է «անբավարար»՝ պայմանավորված նիտրիտ իոնով, «վատ»՝ պայմանավորված ամոնիում իոնով։

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ դեռ ամիսներ առաջ նամակներով դիմել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին, որոնք այդպես էլ մնացին անպատասխան, տպավորություն է, թե նրանք հետևյալ սկզբունքով են գործում` պետության մեջ առանձին պետություն են:

«Ներկայացրել էինք նաև փաթեթ, որում ներառված էին 2016-21 թթ. արված հետազոտությունները, Ողջի գետի աղտոտվածության հարցը, պոչամբարի խնդիրը և այլն: Կարծում եմ` մեր հարցադրումները, մամուլի հրապարակումները նպաստեցին, որ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան կենտրոնն արձանագրի և բարձրաձայնի հարակից գետերում առկա խնդիրների մասին, որոնց մասին բազմիցս ու շատ վաղուց խոսում ենք: Սա նորություն չէ: Ողջի գետի ուսումնասիրության ամբողջ փաթեթն ունեմ, այդտեղ կարելի է տեսնել, թե ուսումնասիրողներն ինչպիսի թունավոր նյութեր են գտել գետում այդ տարիների ընթացքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Ընդգծում է` հանքարդյունաբերողներից շատերին հետաքրքրում է բացառապես շահույթի ստացումը, եթե իրենք գերշահույթ են ստանում, բնականաբար, 10 մլն տուգանքն իրենց համար ոչինչ է: Բնապահպանի համար տարակուսելի է` հանքարդյունաբերության ոլորտում նման իրավիճակ է, շրջակա միջավայրի աղտոտվածության խնդրի մասին ենք բարձրաձայնում, պոչամբարների, որոնք ռեկուլտիվացիայի չեն ենթարկվել, մինչդեռ կառավարությունը մտադիր է շահագործել Ամուլսարը:

«Երկրի կառավարման հետ խնդիր ունենք, սա ուղիղ կապ ունի կառավարման հետ: Նախկինում հանրության ձայնը գոնե լսելի էր, որոշ առաջարկներ ընդունվում էին: Հանրությունը զսպաշապիկ էր, որ մեկ ավել քայլ առաջ չգնային, իսկ հիմա այդ զսպաշապիկը չկա: Ամեն ինչ արվում է ըստ իրենց քմահաճույքի և իրենց խնդիրները լուծելու համար»:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930