Արցախի ուղղությամբ ԱՄՆ-ի եւ Եվրախորհրդի աննախադեպ ակտիվությանը Մոսկվան չէր կարող չարձագանքել: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը վերջին 2 ամսվա ընթացքում երկու հեռախոսազրույց եւ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ:
Եվրոպացի պաշտոնյան այդ ժամանակահատվածում Արցախի խնդիրը քննարկել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս ուղղությամբ աննախադեպ ակտիվություն է դրսեւորում նաեւ ԱՄՆ-ն՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, որը ոչ պակաս նախաձեռնողականությամբ եւ հաճախականությամբ հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եւ արտաքին գործերի նախարարների հետ:
Նման իրավիճակում, երբ բացի Ուկրաինայի ռազմաճակատից, ազդեցության գոտիների ուղղությամբ ոչ պակաս որոշիչ եւ ուժեղ պայքար է ընթանում դիվանագիտական ճակատում, ՌԴ-ն չէր կարող իր ակտիվությամբ զիջել վերջիններիս՝ անկախ այն հանգամանքից, որ հիմնական ուշադրությունը եւ ռեսուրսներն ուղղել է իր արեւմտյան սահմաններին:
Ավանդույթի համաձայն՝ Արեւմուտքի այդ աննախադեպ ակտիվությանը ՌԴ-ն պատասխանեց ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերով: Վերջինս ԱՄՆ-ի եւ ԵԽ-ի համար հատուկ շեշտեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացն իրականացվում է գոյություն ունեցող եւ ստորագրված փաստաթղթերի, այն է՝ եռակողմ հայտարարության եւ դրան հաջորդած՝ ՌԴ նախաձեռնությամբ ստորագրված մյուս փաստաթղթերի հիման վրա:
Կարդացեք նաև
Արցախի շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված այս նախաձեռնողականության մրցավազքը միայն ողջունելի է եւ կարող է զսպող դեր խաղալ Ադրբեջանի համար՝ վերջինիս հետ պահելով տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնող սադրանքներից:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում