Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկու տիպի «հասարակ ժողովուրդներ»

Ապրիլ 30,2022 10:00

Եթե փորձենք հակիրճ բնութագրել ցանկացած երկրում քաղաքական պայքարի ամենապարզունակ ձեւը (որը երբեմն «պոպուլիզմ» են անվանում), ապա որպես հիմնական գործիք կարելի է առանձնացնել հետեւյալ սխեման՝ կա «հասարակ ժողովուրդ» եւ կա «վերնախավ», եւ տվյալ քաղաքական ուժը, բնականաբար, մարմնավորում է առաջինի շահերը, այսպես ասած՝ «դուրս է եկել նրա ծոցից»:

Ընդ որում, «հասարակ ժողովուրդը», այդ սխեմայի համաձայն, ինչ-որ ստատիկ համույթ է, որի անդամներն ունեն մշտական ընդհանուր արժեքներ եւ բոլոր հարցերի միակ ճիշտ պատասխանը:

Երբ իշխանության են գալիս «հասարակ ժողովրդի կամքն» արտահայտող մարդիկ, նրանք իրենց լիազորություններն իրականացնում են անմիջականորեն՝ ներկայացուցչական մարմինները, կուսակցությունները, հասարակական կառույցները, թեեւ կան, բայց երկրորդական դեր են խաղում:

«Հասարակ ժողովրդի» մունետիկների հիմնական առաքելությունն է՝ պաշտպանել այդ «ժողովրդին» «վերնախավից», ինչպես նաեւ մրցակից քաղաքական խմբերից, որոնք «վերնախավի սպասարկուներն» են:

«Հասարակ ժողովուրդն», այդպիսով, իդեալականացված է (օրինակ, «իսկական հայ», «հայրենասեր», «հպարտ քաղաքացի» եւ այլն), իսկ վերնախավը՝ դեմոնացված. կախված քաղաքական համատեքստից՝ այդ դերը կարող են ստանձնել «օլիգարխները», «կոռումպացվածները», «դավաճանները», «թուրքամետները», «հինգերորդ շարասյունը», «պուտինականները», «սորոսականները», «մասոնները», «հրեաները» եւ այսպես շարունակ:

Ի դեպ, Հայաստանի պարագայում ամենահուզիչն, իհարկե, «հինգերորդ շարասյունն է»: Իշխանության կողմնակիցներն այդ պիտակը կպցնում են փողոցային ցույցեր անող ընդդիմադիրներին՝ նկատի ունենալով, որ այդ ցույցերը հրահրվում են Կրեմլից:

Մինչդեռ ակնհայտ է, որ նույն Կրեմլն ամեն ինչով աջակցում է Փաշինյանին եւ աջակցելու է այնքան ժամանակ, մինչեւ Արցախի խնդրում չարձանագրվի Ռուսաստանի համար ցանկալի «status quo»-ն:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այժմ Հայաստանում ձեւավորվել է երկու տիպի «հասարակ ժողովուրդ»: «Հասարակ ժողովուրդ -1»-ը «հպարտ քաղաքացիներն» են, որին նրա շահերն արտահայտողները (իշխանավորները) պաշտպանում են «կոռումպացված էլիտայից» եւ նրա «սպասարկուներից»:

«Հասարակ ժողովուրդ – 2» – ը «հայ հայրենասերներն են», որոնց շահերը պետք է պաշտպանել «թրքամետ էլիտայից»՝ իշխանություններից:

Որ այդ երկու «ժողովուրդները» «հասարակ» են, ես դրանում որեւէ կասկած չունեմ՝ երկուսն էլ «վերնախավի» դեմ պայքարում են նույն արտահայտություններով, նույն մեթոդներով, նույն թշնամանքով: Բայց իրականում, իհարկե, այդ ամբողջ սխեման հնարված է երկու ճամբարների քաղաքական գործիչների կողմից. չկա միասնական եւ ստատիկ «հասարակ ժողովուրդ»՝ կան տարբեր սոցիալական խմբեր, որոնք հետապնդում են տարբեր շահեր:

Կան, անշուշտ, նաեւ ազգային, բոլորին միավորող շահեր, սակայն նկարագրված երկու բեւեռները դրանք չեն կարողանում ձեւակերպել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    ”Կան, անշուշտ, նաեւ ազգային, բոլորին միավորող շահեր, սակայն նկարագրված երկու բեւեռները դրանք չեն կարողանում ձեւակերպել”

    Իսկ իմ կարծիքով՝ երկուսն էլ շատ հստակ ձեւակերպել են այդ շահերը: Ուղղակի մի բեւեռը իր մատաղացու գառի ձեւակերպումները տալիս է մի անհայրենիք ստախոս-պոռոտախոսի-դատարկախոսի ստամոքսով, կարմիր բերետավոր ենիչերիների տեսքով ու թուրք-ադրբեջական տանդեմից ստացած «դրական ազդակներով»՝ անվանելով դա «խաղաղության դարաշրջան» (այսինքն՝ թուրքական վիլայեթ): Այս բեւեռի համար հենց սա է «ազգային, բոլորին միավորող» շահը, իսկ Արցախ, ցեղասպանություն ընդամենը խանգարող գործոններ են՝ բալաստ:

    Երկրորդ բեւեռի մոտ էլ ամեն ինչ պարզ է ձեւակերպված. հայերի ազգային, բոլորին միավորող շահերը խարսխված են Արցախի անկախության եւ ցեղասպանության ճանաչման վրա: Չկա Արցախ՝ չկա հայաստան, չկա ցեղասպանություն՝ չկա հայ: Կարճ ու կոնկրետ:

    Դրանք հակադիր եւ իրարամերժ բեւեռներ են, իսկ երրորդ բեւեռ չկա ու չի կարող լինել: Տիգրան Մեծից մինչեւ ազգագործան պատուհաս՝ ընտրությունը ըստ էության միշտ եղել է եւ կլինի այս երկու բեւեռների միջեւ՝ իհարկե, հաշվի առնելով յուրաքանչյուր ժամանակաշրջանի պատմական առանձնահատկությունները եւ հասարակ ժողովրդի ու վերնախավի այլասերվածության աստիճանը: Սա անժխտելի փաստ է, եւ բոլոր նրանք, ովքեր հիմա ձեւեր են թափում, նազուտուզ անում, թատերական էժանագին ներկայացումներ տալիս տարատեսակ ու հասարակ ժողովուրդների առջեւ, փաստորեն խաղում են առաջին բեւեռի դաշտում, կամա թե ակամա առաջ են մղում հենց «խաղաղության դարաշրջանի» օրակարգը…

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Ազգակործան պատուհասի ուղերձը հասարակ ժողովրդին

    Պադավատապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Պողոսի օրվա առթիվ: Այս տոնը ամրագրվեց քաղաքի կենտրոնում հղի կնոջ աննախադեպ սպանությամբ՝ արձանագրելու բռնապետության կարեւորագույն ինստիտուտի՝ Ենիչերու առանցքային դերակատարումը ժեխապետության կայացման եւ զարգացման գործում:

    Պողոսներ ջան, կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ. լայն բացեք ձեր աչքերը, տեսեք, թե Հայաստանում ինչքան ադրբեջանական անկլավներ, լճեր ու ճանապարհներ կան: Մի հավատացեք էդ թալանչի նախկիններին, էդ սրիկա ագրեսորներին, որ ցորենի գործ էին կպցրել ու անխնա թալանում էին իմ կիրթ ու կառուցողական ընկերոջ պապենական հողերը:

    Մի երկմտեք, պողոսներ ջան, մի կասկածեք. մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը մենք չենք, այլ նախկինները՝ էն թալանչի Տիգրան Մեծից սկսած: Այլմոլորակայիններն են մեղավոր՝ ծվարած իրենց մոնումենտի դղյակներում: Մենք՝ քայլարած սրբերս, ոչ մի մեղք չունենք, Ռաֆիկ նիվչյոմ նե վինավատ:

    Արդեն գիտեք, որ Միջազգային Հանրությունը երեկ չէ մյուս օրը զանգեց ինձ, ասաց. Նոլդու փաշինյան, նիշաձող աշաղը սալմաք, ստատուս յոխտուր, Գյոյչա վե Իրավան բիզիմդիր: Եւ ծնկի եկա ես Միջազգային Հանրություն առջեւ, եւ պապանձվեցի, եւ պարզեցի ես դրոշը խաղաղության օրակարգի: Եւ այո՛, մենք արժանացել ենք սրբագույն առաքելության. վերածել մեր երկիրը թուրքական վիլայեթի ու դառնալ խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ մատաղացու գառ: Ու այս ճանապարհին մեր հպարտ ծնկները չեն ծալվել ու չեն ծալվելու: Մենք ծնկաչոք ընթանում ենք թուրքական յաթաղանի գծած միակ ճիշտ ճանապարհով եւ մեր նավը անպայման հասցնելու ենք նոր ցեղաասպանության հանգրվանի: Ապագա կա ապագա…

    Եվ ուրեմն՝
    Կեցցե Ստրկությունը,
    Կեցցե Թուրքական Վիլայեթը,
    Կեցցեն մեր կարմիր բերետավոր ենիչերիները, որ բերման են ենթարկելու բոլոր ըմբոստ հայերին:
    Հավերժ փառք մեր դավաճաններին:

  3. Լավատես says:

    Նորմալ իշխանություն ձեւավորելու համար պետք է երկու պայման’ Ա ստվերային կառավարություն եւ Բ զարգացած քաղհասարակություն, որը նախընտրի ստվերային կառավարությունը հաջորդ ընտրությունների ժամանակ: Առանց երկրորդի առաջինն իմաստ չունի: Ինչպե՞ս զարգացնել քաղհասարակությունը: Ձեւավորված լյուստրացված (երբ ոչ մի քաղաքական թե պետական ուժ նախկին թե ներկա այդ ստվերային կառավարությունում չկան, ամենաշատը կարող են լինել խորհրդատու) ստվերային կառավարությունը տարբերվում է գործող կառավարությունից միայն նրանով, որ ընդունած որոշումները գործող օրենքի ուժ չունեն, քանի դեռ իշխանություն չեն: Բայց ստվերային կառավարության կողմից այդ որոշումների քննարկումը, մշակումը քաղհասարակության առջեւ բարձր կարգի մասնագետների մասնակցությամբ, որոնք եւ դրսից են եւ ներսից են, եւ հայ մասնագետներ են եւ ոչ հայ մասնագետներ, այս ամենը լրատվական բոլոր հարթակներից տարածելով ժողովուրդը կստանա բարձր քաղաքական կրթություն, իսկ մասնագետների անձնական օրինակն էլ ժողովրդի համար կդառնա դաստիարակման աղբյուր: Ստվերային կառավարություն, ձեւավորվի՛ր:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930