Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դրամի արժեւորման դրական եւ բացասական ազդեցությունը. խնայողությունները դրամով պահեք

Ապրիլ 30,2022 13:30

Վերջին օրերին ազգային դրամն արժեւորվում է, կամ ինչպես մարդիկ են ասում՝ դոլարի ու եվրոյի կուրսն իջնում է։ Երեկվա տվյալներով՝ 1 դոլարի առքը նվազագույնը 447 դրամ էր, առավելագույնը՝ 452, իսկ վաճառքի նվազագույն գինը՝ 457 դրամ, առավելագույնը՝ 460 դրամ։ Փոխարժեքի տատանումը ապրիլի 28-ը 26-ի համեմատ կազմել է -3.14։ Եվրոյի անկումն էլ նկատելի է, ամսի 28-ի դրությամբ 1 եվրոյի առքը նվազագույն 462 դրամ էր, առավելագույնը՝ 474 դրամ, տատանումը ապրիլի 28-ը 26-ի համեմատ կազմել է -7.86։
Փոխանակման կետերում այս օրերին մարդկանց հերթեր են, անհանգստանում են, թե՝ էլ ավելի է էժանանալու դոլարը, ուստի փոխանակում են այն դրամով։

Ի՞նչ գործոններ են ազդում փոխարժեքի նման տատանումների վրա, եւ արդյոք երեւույթն օրինաչափ է, որոնք են պատճառները։
Դրամի արժեւորման պատճառները բազմաթիվ են, սակայն նախկին օրինաչափությունները չեն գործում, ավանդական գնահատական տալու մեխանիզմը չի աշխատում, քանի որ անորոշ միջավայրում ենք ապրում։ Այս կարծիքին է «Հանրային քաղաքականության ազգային կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը։

«Առավոտ»-ի հետ զրույցում տնտեսագետը բացատրում է դասական կանոնը՝ փոխարժեքը ձեւավորվում է առաջարկի եւ պահանջարկի հիման վրա, դրամի արժեւորումը նշանակում է, որ դրամի քանակությունը, այսինքն՝ պահանջարկը ավելի շատ է, քան առաջարկը, կամ արտարժույթի առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը. «Սա այդ իրողությունների դրսեւորումն է։ Իսկ թե ի՞նչ պատճառով է դա տեղի ունենում՝ ամենատարբեր գործոններ կարող են դրան նպաստել։ Այստեղ արտառոց գործոնը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, ինչ-որ առումով դերակատար ունի նաեւ ԿԲ քաղաքականությունը, որը միտված է բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ զսպել գնաճը, իսկ դա տեղի է ունենում տնտեսական ակտիվությունը զսպելու հաշվին, նաեւ՝ շրջանառության մեջ դրամի աճը, որոշակիորեն աճի տեմպերը նվազեցնելու հաշվին, դա էլ նպաստում է դրամի թանկացմանը, պահուստավորման պահանջների փոփոխությունը եւ այլն»։

Քթոյանը նկատում է՝ պետք է նաեւ հաշվի առնել ռուսական շուկայում, տնտեսությունում տեղի ունեցող փոփոխությունները, իսկ Հայաստանի տնտեսությունը սերտորեն ինտեգրված է ՌԴ-ի հետ, իսկ այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, որոշ ժամանակ հետո մեր վրա է ներգործում։

«Չպետք է բացառենք նաեւ արտարժույթի առաջարկի ավելացումը՝ պայմանավորված ՌԴ-ից, Բելառուսից մասնագետների եւ այլ անձանց դեպի Հայաստան աննախադեպ ներհոսքով՝ իրենց գործառույթներն այստեղ կատարելու համար։ Նրանք արտարժույթի պաշարով են եկել, եւ այսպես ասած՝ բաց են թողնում շուկա, շրջանառության մեջ դնում։ Այս ամենը բերում է նրան, որ դրամի նկատմամբ պահանջարկն ավելանում է եւ պահանջարկի ավելացումն ու արտարժույթի առաջարկի ավելացումը բերում է գնի նվազմանը։ Շուկայում այն աժիոտաժը չէ, որ բերի լուրջ փոփոխությունների»,-ասում է տնտեսագետը։

Տնտեսագետը մեկ այլ գործոն էլ նշեց՝ Հայաստանն արտաքին գործառնություններն իրականացնում է դոլարով, արտաքին առեւտրային կարեւորագույն գործընկեր ՌԴ-ին բաժին է ընկնում մեր արտահանման 25% -ից ավելին, ներմուծման՝ շուրջ 1/3-րդը, եւ ՌԴ մեր գործընկերների հետ գործառնություններում, երբ դոլարն աստիճանաբար դուրս է գալիս կամ կրճատվում, դա հանգեցնում է նրան, որ մեր արտահանողներն ու ներմուծողները դոլարի արտարժույթի նկատմամբ ավելի քիչ պահանջարկ են ներկայացնում։

Մեր տնտեսության վրա ինչպե՞ս կազդի արտարժույթի այս տատանումը։ Կրկին տնտեսական դասական կանոնների համաձայն՝ բացասական։

«Դրամի թանկանալն արտարժույթի, օրինակ՝ ռուբլու նկատմամբ նշանակում է, որ մեր ապրանքները համապատասխան երկրի շուկայում թանկանում են, իսկ դա բերում է արտահանման բարդությունների։ Ասենք՝ ապրանքը ստիպված ավելի բարձր գնով պետք է վաճառի տնտեսվարողը, որպեսզի դրամով նույն հասույթն ունենա, եւ որպեսզի այստեղ իր ծախսերը փակի»,-ասում է տնտեսագետը։
Իսկ ահա ներմուծման վրա դրամի արժեւորումը դրական է ազդում, կարելի է ասել՝ նրանց ձեռնտու է։ Տնտեսագետը նշում է՝ ներմուծվող ապրանքները, դասական կանոնով, դառնում են ավելի էժան, եւ քանի որ մեր ներմուծումը գերազանցում է արտահանմանը, գնաճ ներմուծող երկիր ենք, դրամի արժեւորումը պետք է բերի ներմուծման էժանացման, եւ ինչ-որ առումով դրսից գնաճային պրոցեսների մեղմմանը։

Իհարկե, դրամի արժեւորումը բացասական է ազդում նաեւ մեր այն հայրենակիցների վրա, որոնք դրսից տրանսֆերտներ են ստանում։ Որքան դրամն արժեւորվում է, ասենք, ռուբլու նկատմամբ, այնքան տրանսֆերտներով ապրող մարդկանց գնողունակությունը նվազում է. «Մենք տարեկան մոտ 2 միլիարդ դոլարի տրանսֆերտներ ենք ստանում, եւ եթե գնողունակությունը նվազում է, դա տնտեսական ակտիվության վրա էլ կարող է բացասական անդրադառնալ»։

Սակայն դրամի արժեւորումը կարող է դրական ազդել մեր արտաքին պարտքի սպասարկման տեսանկյունից։ Մենք արտարժույթով արտաքին պարտք ունենք, եւ ինչպես տնտեսագետն է ասում, պարտքի սպասարկման համար պետական բյուջեի բեռը շատ ավելի թեթեւ կլինի եւ ֆինանսական կառավարման ռիսկերը որոշակի կնվազեն։

Արդյոք պետք է մեր քաղաքացիներն անհանգստանան փոխարժեքի նման տատանմամբ, Քթոյանն ասում է՝ նման երեւույթների համար անհանգստանալու կարիք չկա, որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կուրս կլինի մեկ շաբաթ հետո, եւ հնարավոր է մարդիկ այդ անհանգստությունից ելնելով ամբողջ իրենց պահուստը վերածեն դրամի, հետո հակառակ գործընթացը սկսվի։

«Որեւէ մեկը չի կարող ճշգրիտ կանխատեսում անել, ինչ էլ անի, դա պատահական բնույթ է կրելու։ Ի վերջո շատ բան կախված է նրանից, թե գլոբալ շուկաներում ինչ կլինի, ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումն ինչպես եւ երբ կլինի։ Ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական գործոններն են ազդում, որը չենք կարող կանխատեսել»։

Տնտեսագետը հուշում է՝ մարդիկ պետք է խնայողություն ունենան այն արժույթով, որով իրենց ծախսերն են։ Օրինակ՝ եթե ձեր ծախսերը դրամով են, վարկը դրամով է, խնայողություները պետք է լինեն դրամով, որպեսզի այս ծախսերը կարողանան փակել, կուրսի փոփոխությունն էլ այս գործընթացի վրա չի ազդի. «Եթե նպատակ ունեն սպեկուլյատիվ շահույթ ստանան՝ հիմա էժան գնեն, որպեսզի հետո թանկ վաճառեն, դա էլ իմաստ չունի, որովհետեւ առքուվաճառքի տարբերությունը բավականին մեծ է։ Չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի երկարաժամկետ հատվածում, քանի որ դրամի ամրապնդումը ձեռնտու չէ մեր տնտեսությանը, եւ վաղ, թե՝ ուշ, գալու է տնտեսական ակտիվությունը խթանելու պահը, այդ ժամանակ արդեն լրիվ հակառակ գործընթացներ կարող են լինել»,-ասում է Արմեն Քթոյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930