Մայիսի 4-ին վարչական դատարանում նախնական դատական նիստում կլսվի ընդդեմ առողջապահության նախարարության հերթական ուշագրավ գործը: Առհասարակ, նկատեմ, որ վարչական դատարանում այդ նախարարության դեմ հայցադիմումների տեսանելի աճ կա: Ընտրել ենք մի քանիսը, որոնց քննությունն ընթացքի մեջ է:
Նունե Մարգարյանի ներկայացուցչի կողմից 2022 թ. հունվարի 24-ին հայցադիմում էր ուղարկվել դատարան ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ առողջապահության նախարարության անգործությունը՝ որի արդյունքում պատշաճ չի իրականացվել նախարարի 2018 թվականի մարտի 22-ի 751-Ա հրամանի պահանջները, ոչ իրավաչափ ճանաչելու, որպես ածանցյալ պահանջ՝ ՀՀ առողջապահության նախարարության անգործությունը հայցվորի՝ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ լինելու եւ առողջության իրավունքների խախտում ճանաչելու պահանջի մասին:
Գործով նախնական դատական նիստը նշանակվել է մայիսի 4-ին:
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, վարչական ակտն ամբողջությամբ, այդ թվում՝ հիմնավորումները, եզրափակիչ մասը եւ այլն, պետք է ձեւակերպված լինեն հայերեն, նշված իմպերատիվ պահանջը չպահպանելու արդյունքում վարչական ակտը կհամարվի օրենքի խախտմամբ ընդունված, ինչը կարող է հանգեցնել վարչական ակտի անվավերության: Առողջապահության նախարարը գերադասել է այլ լեզվով «հաղորդակցվել»: Սակայն մի՞թե դա է եղել միայն պատճառը, որ Հայաստան դեղեր ներմուծող ընկերությունը չի կարողացել հերթական դեղերը ներմուծել:
Ընդդեմ առողջապահության նախարարի գործով, նախարարությունը վկայակոչում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ, 7-րդ, 9-րդ կետերը, 16-րդ հոդվածի 5-րդ մասը՝ գտնում է, որ դեղեր ներմուծող ընկերության՝ հայցվորի պատճառաբանությունն անհիմն է այն մասով, որ հիշյալ օրենքով դեղերի մերժման հիմքերը սպառիչ թվարկված են եւ «դեղաձեւի գրելաձեւի անհամապատասխանությունը հիմք չէ դեղերի ներմուծումը մերժելու համար»:
2021թ. հունիսի 8-ից վերաքննիչ վարչական դատարանում է (դատավորներ՝ Կարինե Բաղդասարյան, Աշոտ Սարգսյան եւ Կարեն Ավետիսյան կազմ) մի հետաքրքիր գործ, որի քննությունը նշանակվել էր միայն օրեր առաջ՝ ապրիլի 26-ին: Այս գործը դատարանում է 2020 թվականի փետրվարից: Դեռ 2021թ. ապրիլի 29-ին վարչական առաջին ատյանը դատական ակտ էր կայացրել ընդդեմ առողջապահության նախարարի. դեղերի ներմուծմամբ զբաղվող ՍՊ ընկերության հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի՝ 24.01.2020թ. թիվ 246-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել էր, անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 24.01.2020թ. թիվ 246-Ա հրամանը:
Կարդացեք նաև
Դիմելով դատարան՝ ՍՊ ընկերության ներկայացուցիչ Հայկ Սահակյանը հայտնել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մերժվել էր ընկերության կողմից մի շարք դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, հրամանն ընդունվել է օրենքի խախտմամբ եւ ենթակա է անվավեր ճանաչման: Հայցվոր կողմը նշել է, որ վարչական վարույթը պետք է իրականացվի հայերեն եւ վարչական ակտն ընդունվի հայերեն լեզվով, համաձայն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 27-րդ, 55-րդ հոդվածների, մինչդեռ առողջապահության նախարարի հիշյալ հրամանը, որպես վարչական ակտ, ամբողջությամբ հայերեն չէր կազմված, վարչական ակտի պատճառաբանական մասը կազմված էր ռուսերեն լեզվով, բացակայել է օտարալեզու գրվածի հայերեն թարգմանությունը: Բնականաբար, այն ենթակա է անվավեր ճանաչման: Հայցվորը նշել էր նաեւ, որ վիճարկվող հրամանի բովանդակությունից պարզ չէ յուրաքանչյուր դեղի ներմուծումը մերժելու իրավական հիմքը, բացակայում են իրավական հիմքերի կիրառելիության հիմնավորումները՝ յուրաքանչյուր դեղի համար, ինչի արդյունքում գտնում է, որ վարչական ակտը որոշակի չէ:
Առողջապահության նախարարությունը 2020թ. մարտի 25-ին ներկայացրել էր հայցադիմումի պատասխան: Ըստ պատասխան-առարկության, մի շարք դեղերի գրանցման ժամկետի ավարտով դրանք հանդիսանում են ՀՀ-ում չգրանցված դեղեր եւ, հիմք ընդունելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը, մերժվել է դեղերի ներմուծումը: Պատասխանող նախարարությունը հայտնել էր, որ հայցվոր ընկերության կողմից ներմուծված մի շարք դեղերի մասով փորձաքննություն է նշանակվել, արդյունքում պարզվել է, որ առկա է արտադրողի անհամապատասխանություն: Վկայակոչելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, 21-րդ հոդվածի 8-րդ մասի 7-րդ կետը, նշել է, որ ներմուծված դեղերի արտադրողի վերաբերյալ տվյալները նշված են եղել դրանց արտաքին փաթեթավորման եւ ներդիր թերթիկի գրառումներում:
«Անդրադառնալով հայցվորի այն փաստարկին, որ օրենքը չի պարտավորեցնում ներմուծողի կողմից «արտադրող» եզրույթի մեջ ներառվող ողջ տեղեկատվությունը ներառել ներմուծվող դեղի արտաքին փաթեթավորման վրա կամ ներդիր թերթիկում՝ նշել է, որ արտադրողի մասին նշումը դեղի փաթեթավորման գրառումներում կատարվում է ոչ թե ներմուծողի, այլ արտադրողի կողմից»,-նշել էր պատասխանող կողմը:
Պատասխանողը նշել էր, որ դեղերի անվանման փոփոխության վերաբերյալ չի ներկայացվել հետգրանցումային փոփոխությունների մասին հայտ, ուստի ներմուծված դեղի համապատասխանությունը, այդ թվում՝ անվան մասով, ՀՀ-ում գրանցված դեղի պարզելու համար հիմք են ընդունվել գրանցված եւ սահմանված կարգով չփոփոխված տվյալները: Նշենք, որ փորձագիտական եզրակացությունը տրվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից, կատարվել էր նմուշառում, նմուշների նույնականացում, փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դեղերի ներմուծմամբ զբաղվող նույն այս ընկերությունը մեկ այլ հայց էլ ունի. փետրվարի 16-ին դեղերի ներմուծման հայտը մերժելու գրության հետ կապված դարձյալ դիմել է վարչական դատարան, եւ ապրիլի 20-ին մակագրել են դատավոր Ելենա Առաքելյանին:
Ծաղիկ Վարդանյանի անունից ներկայացուցիչը 2022թ. փետրվարի 4-ին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ 05.01.2022թ. թիվ 08-Ա հրամանը, նրա լիազորությունները դադարեցնելու մասին 12.01.2022թ. թիվ 04-Ա հրամանը անվավեր ճանաչելու (վերացնելու), որպես հետեւանք՝ ՀՀ առողջապահության նախարարությանը՝ Ծաղիկ Վարդանյանին նշանակել իր զբաղեցրած վերջին պաշտոնին կամ հավասարազոր այլ պաշտոնի, ՀՀ առողջապահության նախարարությանը պարտավորեցնել վճարելու հայցվորին՝ իր միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 12.01.2022թ. մինչեւ աշխատանքում փաստացի վերականգնման օրը. Հայցվորին անհնարինության պատճառով աշխատանքում չվերականգնելու դեպքում՝ ՀՀ առողջապահության նախարարությանը պարտավորեցնել վճարել հայցվորի միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ՀՀ առողջապահության նախարարությանը պարտավորեցնել վճարել հայցվորին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ իր միջին աշխատավարձի տասնապատիկի չափով պարտավորեցնելու պահանջի մասին: Հայցադիմումը որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատարանն անհրաժեշտ է համարել նախարարությունից պահանջել որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնել նախարարության հիշյալ հրամանների ընդունման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը: Մայիսի 3-ին նշանակվել է դատաքննությունը (դատավոր՝ Գրիգոր Առաքելյան):
Դմիտրի Հարությունյանի ներկայացուցիչը դեռ հունվարի 24-ին էր հայցադիմում ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Ներկայացվել էր հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ սույն գործով կայանալիք վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահին առկա է վտանգ, որ պահանջվող տեղեկույթը ժամանակավրեպ կլինի ինչպես հայցվորի, այնպես էլ ողջ հանրության համար, որպիսի պայմաններում հայցապահանջի հնարավոր բավարարումը որեւէ կերպ չի երաշխավորի հայցվորի իրավունքների եւ օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը: Սակայն դտավոր Գ. Սոսյանի որոշմամբ մերժվել է հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը: Մարտի 4-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք: Բողոքը դատավոր Ռուստամ Մախմուդյանի վարույթում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.04.2022