Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրք հեղինակը բարձրացնում է զգայուն թեմաներ` ազգային փոքրամասնությունների բռնությունների ու տեղահանության մասին»

Ապրիլ 30,2022 12:30

Հարցազրույց թուրքագետ, թարգմանիչ Կարոլինա Սահակյանի հետ

– Տիկին Սահակյան, բառացիորեն օրերս ընթերցողին է ներկայացվել ձեր թարգմանությամբ ժամանակակից թուրք գրող Դեֆնե Սումանի «Նախաճաշի սեղանը» վեպը: Ինչպե՞ս եղավ, որ անդրադարձաք այս ստեղծագործությանը:

– Գրական թարգմանություն անելը սկզբում ինձ համար հոբի էր, ու թարգմանում էի այն, ինչ ինձ էր դուր գալիս. հիմնականում չափածո գործեր: Հետո մի շրջան եկավ, որ գլխումս անընդհատ պտտվում էր ավելի ծավալուն աշխատանք անելու միտքը, բայց ոչ մի կերպ չէի ձեռնարկում: Ու ճիշտ այդ ժամանակ ստացա «Էջ» հրատարակչության համագործակցության առաջարկը: Սպասված անակնկալ էր: Երեք հեղինակի տարբեր գործեր էին ընտրված, կարծեմ դրանց մեջ էր նաեւ Դեֆնե Սումանի «Նախաճաշի սեղանը»: Այնքան էլ շատ բան չգիտեի նրա մասին, ոչ էլ ստեղծագործությանն էի ծանոթ: Մի փոքր հետազոտություն արեցի, նայեցի ու կարդացի հարցազրույցները, հետո մյուս գործերը, ապա նաեւ այս վեպը ու որոշեցի ստանձնել թարգմանությունը: Գրեթե միշտ էդպես եմ անում: Թուրք հեղինակներին, որոնք անծանոթ են մեր հասարակությանը, թարգմանելն ու ներկայացնելը պատասխանատվություն է նաեւ: Ինձ համար բուն ստեղծագործության գրական արժեքից զատ կարեւոր են հեղինակների հայացքները, նրանց մոտեցումը հայերին, հայկական մշակույթին ու Հայոց ցեղասպանությանը:

– Դուք ըստ էության գրքի առաջին ընթերցողն եք, ի՞նչը կարեւորեցիք վեպում, որ հայ ընթերցողին նույնպես առաջարկում եք:

– Նախ հեղինակի` Թուրքիայի անցյալին առերեսվելու եւ ներկան իրական գույներով ներկայացնելու փաստը` պատմական միջավայրն ու ընտրված ժամանակահատվածը, ապա դրանց մատուցման ձեւն ու օգտագործված լեզուն: Վեպում գործողությունները զարգանում են երկու օրում, 2017 թվականի ամռանը, երբ հայտնի նկարչուհի Շիրին Սաքայի ծննդյան 100-ամյակի առթիվ ընտանիքը հավաքվում է Իշխանաց կղզիներից ամենամեծում` Բյույուքադայում գտնվող պապական առանձնատանը` հիշելու մեծ մոր անցած ստեղծագործական ուղին ու հարգանքի տուրք մատուցելու նրան: Չորս տարբեր պատմողների կողմից ներկայացվող հատվածները, կարծես դետալ առ դետալ, հավաքվում ու ամբողջանում է ընտանեկան պատմությունը` լի գաղտնիքներով ու սերնդեսերունդ մոռացության տրված պատմական իրողություններով, որոնք «անեծքի նման» կախված են ընտանիքի գլխավերեւում: Հեղինակը թուրքական գրականության մեջ հաճախ հանդիպող արեւելք-արեւմուտք հակադրամիասնությունից զատ, բարձրաձայնում է զգայուն թեմաներ` կապված ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների, տեղահանության ու բռնագաղթի հետ, որոնք դաջված են սերունդների ինքնության մեջ, հաճախ, սակայն, մոռացված ու չգիտակցված, մասամբ նաեւ ջնջված ոչ միայն ընտանեկան, այլեւ թուրքական հասարակության հիշողությունից:

– Գիտենք, որ սա ձեր առաջին թարգմանությունը չէ: Հետաքրքիր է` պատահե՞լ են դեպքեր, որ գրողների հետ անձամբ հանդիպեք կամ թարգմանություն անեք ձեր նախաձեռնությամբ:

– «Նախաճաշի սեղանից» առաջ` 2020 թվականի համավարակի ու ինքնամեկուսացման օրերին, հրապարակվեց հայկական արմատներով ժամանակակից թուրք բանաստեղծ Նիհաթ Օզդալի ժողովածուն: Նիհաթի հետ ծանոթացել ենք 2017 թվականին, երբ մի նամակ ստացա, որում նա պատմում էր իր երազանքի մասին ստեղծագործությունները պապերի լեզվով` հայերենով տեսնելու մասին ու խնդրում ստանձնել թարգմանությունը: Այդ բանաստեղծությունները միասին ներկայացրինք Երեւանում կայացած պոեզիայի երեկոյի ժամանակ, որին մասնակցում էին հայ եւ թուրք ժամանակակից բանաստեղծներ: Հետո արդեն տարբեր բանաստեղծական շարքերից հրապարակումները գրական պարբերականներում ամփոփեցինք ժողովածուի մեջ` ներառելով նաեւ անտիպ գործերը:
Իմ նախաձեռնությամբ թարգմանել եմ ազգությամբ քուրդ-ալեւի հայտնի բանաստեղծուհի Բեժան Մաթուրի «Զեյթուն. Վերադարձ», «Ողբ Սարոյանին» եւ մի քանի սիրային բանաստեղծություն: Շատ տպավորված էի: Թարգմանեցի, իրեն ուղարկեցի, ապշել էր, որոշեցինք հրապարակել, ստացվեց: Դրանից հետո ընկերացանք։ Նույնիսկ հանդիպեցինք: 2019 թվականն էր, մեկնել էի Իտալիա՝ Բոլոնիայի համալսարանում դասախոսությունների: Անգամ նախագիծ մշակեցինք, բայց, համավարակով պայմանավորված, որոշեցինք հետաձգել:

– Ի՞նչ կարծիքներ են հնչել թարգմանությունների վերաբերյալ։

– Հիմնականում դրական եւ ոգեւորող: Օրինակ, տպավորվել է հայազգի գրող, հրապարակախոս, ներկայումս Գերմանիայում բնակվող Հայկո Բաղդատի ստեղծագործության արեւելահայերեն թարգմանության վերաբերյալ պոլսահայ մտավորական, գրականագետ Սեւան Դեիրմենջյանի կարծիքը։ Շատ հաճելի անակնկալ էր բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանի ու Էդուարդ Հարենցի կարծիքը թարգմանածս բանաստեղծությունների վերաբերյալ:

– Առաջիկայում ի՞նչ նոր թարգմանությունների սպասենք:

– Ներկայումս շարունակում եմ համագործակցել «Էջի» հետ՝ Ասլը Փերքերի «Սուֆլե» վեպի թարգմանությամբ։ Դրանից զատ աշխատում եմ Ասլըի, եւ Դեֆնեի հետ հարցազրույցների թարգմանության վրա, որոնք անցկացվել են «Զապել» կին գրողների միջազգային փառատոնի շրջանակներում եւ շուտով կհրապարակվեն։

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930