«Ես մինչեւ հիմա զարմանում եմ՝ մենք ի՞նչ հեշտությամբ կորցրեցինք Կարեն Սերոբի Դեմիրճյանին, երբ պարտավոր էինք ազգովին պաշտպանել եւ պահպանել այդ մարդու անվտանգությունը, անձեռնմխելիությունը: Այն, ինչ կատարվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Կարեն Դեմիրճյանի հետ, ես համարում եմ համազգային ինքնասպանություն: Մենք մեր հանդեպ, ազգի ոճրագործություն կատարեցինք, ոչ թե մեկ անձի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը: Նա Կարեն Դեմիրճյանի հետ ծանոթացել է 1992-ի մարտ-ապրիլ ամիսներին եւ մինչեւ նրա կյանքի վերջին օրերը մտերիմ հարաբերություններ է ունեցել հետը. «Այդ մակարդակի, ծավալի, մտքի, մտածողության մարդ ես չեմ տեսել: Նա առանձնանում էր բոլորից նաեւ իր ազգային մտածողությամբ, պետականամետությամբ եւ հայրենասիրությամբ»:
«Այդ հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համամիտ եմ»
Այն ամենն, ինչը որ կապված է Կարեն Դեմիրճյանի անձի եւ գործունեության հետ, Մովսես Շահվերդյանի գնահատմամբ՝ այսօր էլ խիստ արդիական է եւ կարող է լուրջ ազդեցություն ունենալ ներքաղաքական զարգացումների վրա, ուստի, բավականին զգուշավոր է խոսում անցյալի եւ անցյալի իրադարձությունների մասին: Միաժամանակ, որոշ դիտարկումներ կարեւոր է համարում՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար: Կարեն Դեմիրճյանի թողած ժառանգությունից մեր զրուցակիցը ամենաարժեքավորը համարում է նրա փիլիսոփայությունը եւ գաղափարախոսությունը, նրա աշխատանքային ոճը. այդ ամենը իրենք դրել են ՀԱՍԿ-ի գործունեության հիմքում, իրենք իրենց համարում են Կարեն Դեմիրճյանի գաղափարախոսության հետեւորդները եւ ամեն ինչ անելու են՝ իրականություն դարձնելու Կարեն Դեմիրճյանի գաղափարներն ու ծրագրերը: Ըստ այդմ, ստեղծված ներքաղաքական խառնաշփոթից դուրս գալու եւ լրացուցիչ բարդություններից խուսափելու համար, Մովսես Շահվերդյանն առաջարկում է՝ հստակություն մտցնել քաղաքական դաշտում, քանի որ համոզված է, մարդիկ, որպեսզի պատրաստ լինեն քայլեր եւ գործողություններ կատարելուն, պետք է հստակ իմանան, թե ինչի՞ համար են դա անում: Այս իմաստով, նա կարծում է, որ քաղաքական դաշտում հստակ երեք գաղափարախոսություն եւ փիլիսոփայություն պետք է առանձնանան: Հիշում է՝ 1995 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի ապագա քաղաքական դաշտի մասին «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակած իր հոդվածում, գրել էր, որ Հայաստանում ապագայում կլինեն երկու հիմնական ուժեր՝ լիբերալներ եւ սոցիալիստներ եւ երրորդ՝ առանցքային՝ ազգայնական գաղափարական ուժ:
«Այդ հարցում ես իր հետ համամիտ եմ. հստակ գաղափարախոսությամբ ուժեր պետք է ձեւավորվեն եւ մրցակցությունը գնա գաղափարների շուրջ: Ստացվել է այնպես, որ այդ յուրաքանչյուր գաղափարի կրողը Հայաստանում, ունի կոնկրետ անուն-ազգանուն. լիբերալ գաղափարախոսությունը լեւոնտերպետրոսյանական թիմի գաղափարախոսությունն է, որն առ այսօր էլ իրականացվում է գործող իշխանության ձեռքով, կա հայրենասիրական-սոցիալիստական գաղափարախոսություն՝ Կարեն Դեմիրճյանի գաղափարախոսությունը, որի կրողը ՀԱՍԿ-ն է եւ դեգերող մի ուժ, որը չի հստակեցնում իր գաղափարները, բայց որի մոտեցումները պարզ են, այդ ուժը ներկայանում է Ռոբերտ Քոչարյանի անունով եւ որի շուրջ համախմբվել են հայտնի ուժերը՝ ՀՅԴ-ի գլխավորությամբ: Ժամանակն է, որպեսզի բոլոր ուժերը իրենց մոտեցումները եւ գաղափարները հստակեցնեն երեք անունների՝ Կարեն Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, ընտրությունները տատանվեն այդ գաղափարների շուրջ, մարդիկ էլ հստակ իմանան, թե ինչի՞ շուրջ են համախմբվում»,- ասաց Մովսես Շահվերդյանը: Սերժ Սարգսյանի գործողությունները, իր գնահատմամբ, համընկնում են Ռոբերտ Քոչարյանի գործողությունների հետ եւ նրանք միեւնույն դաշտում են:
«Հին ղեկավարները» որոշել էին «խեղճացնել» Կարեն Դեմիրճյանին
Կարդացեք նաև
Ասվածի համատեքստում, մեր զրուցակիցն անդրադառնում է երեք թեմաների շուրջ Կարեն Դեմիրճյանի մոտեցումներին: Առաջինը՝ Կարեն Դեմիրճյանի ազգանվեր, հայրենասիրական գործունեությունն է. «Երբ Կարեն Դեմիրճյանը Կենտկոմի առաջին քարտուղար է դարձել, այդ ժամանակ կային գործիչներ, որոնք լուրջ ազդեցություն ունեին հանրապետությունում ծավալվող ընդհանուր գործընթացների վրա, նրանցից մեկը Ալեքսան Մատվեյի Կիրակոսյանն էր: Նա ուներ ազդեցիկ խումբ, որի միջոցով լուրջ ազդեցություն էր ունենում հանրապետությունում կադրային քաղաքականության վրա: Ալեքսան Մատվեյիչն օգնել էր, որպեսզի Կարեն Դեմիրճյանը դառնար Կենտկոմի առաջին քարտուղար, չնայած ավելի մեծ օգնություն նրա նախորդը՝ Անտոն Երվանդի Քոչինյանն էր ցույց տվել: Կարեն Դեմիրճյանը պատմեց, որ այն ժամանակվա «հին ղեկավարները» որոշել են իրեն խեղճացնել եւ իր թույլ տեղը, իբրեւ պոլիտեխնիկական կրթություն ունեցող մարդու, համարել են նրա գիտելիքները՝ հայոց պատմության, մշակույթի, լեզվի եւ ազգային հարցերում: Առաջարկել են Կենտկոմի պլենում անցկացնել՝ այդ թեմաներով հանրապետությունում առկա իրավիճակի եւ անելիքների մասին: Բյուրոյի նիստում առաջարկում են, Կարեն Դեմիրճյանը՝ զբաղվածության պատճառով, խնդրում է Կենտկոմի պլենումը երկու շաբաթ հետո անել: Ի պաշտոնե, այդ պլենումում զեկուցողը պետք է Կարեն Դեմիրճյանը լիներ:
Պատմում է, որ հավաքում է իր օգնականներին, թեմայի վերաբերյալ գրականություն է հանձնարարում հավաքել: Բերում են առկա գրականությունը, որի մեջ հիմնականը լինում են Ջոն Կիրակոսյանի գրքերը, նա այդ ժամանակ Կենտկոմում բաժնի վարիչ էր, Ռուբեն Սահակյանի գրքերն են լինում նաեւ: Ասում է՝ կարդացի, փայլուն ելույթ ունեցա, ասացի՝ այս-այս խնդիրները կան, այսպիսի լուծումներ են պետք: Ասում է՝ երբ պլենումը ավարտվեց, Ջոն Կիրակոսյանը մոտեցավ եւ ասաց՝ Կարեն Սերոբիչ, անկեղծ ասած, հաճելիորեն զարմացած եմ, ես չգիտեի, որ այդքան խորը գիտելիքներ ունեք մեր պատմության, ազգային խնդիրների մասին: Կարեն Սերոբիչն ասում է՝ Ջոն ջան, բա էն երկու շաբաթ ինչի՞ համար էի ուզել, նստած՝ քո գրած գրքերն էի կարդում, այդ գրքերից եմ իմացել ամենը: Բայց, պատմում է, որ այդ պլենումից հետո, խումբ են հավաքում, որի կազմում էին Կառլեն Դալլաքյանը, Ջոն Կիրակոսյանը, Ալեքսան Մատվեյիչը եւ այլք, եւ լուրջ քննարկումներ են լինում այդ խնդիրների եւ առկա իրավիճակի մասին: Բառացիորեն կրկնում եմ իր խոսքերը՝ մենք տեսնում էինք, որ մեր ժողովուրդը վախեցած, թշվառ վիճակում է, մենք գիտեինք, որ այս կարճ ժամանակում այս վախեցած, թշվառ ժողովրդից առյուծ չենք սարքի, բայց մտածեցինք՝ գոնե կատու դառնա, որ կարողանա թեկուզ ճանգռելով՝ իրեն պաշտպանի: Եվ հատուկ ծրագիր է մշակվում. ստեղծվում են ազգագրական խմբեր՝ «Ակունքը», «Մարաթուկը», հեռուստատեսային հաղորդումների շարքեր են սկսում՝ «Մատենադարան», որը Սոս Սարգսյանն էր վարում, Արեւմտյան Հայաստանի մասին Թաթիկ Հակոբյանի հեռուստաշարքը, կինոնկարներ, գրքեր եւ այլն, որպեսզի ժողովրդի ազգային ոգին արթնանա:
Որպես այդ սերնդի մարդ, ես կարող եմ վստահ ասել՝ այո, 1970-80-ական թվականները մեզ համար ազգային զարթոնքի տարիներ էին եւ դա արտահայտվեց արցախյան շարժման ժամանակ, երբ սերունդը ոտքի կանգնեց հայրենասիրական մղումներով եւ արդյունքներ գրանցեցինք: Ես հիմա, որ զուգահեռներ եմ անցկացնում անկախ Հայաստանի 30 տարիների հետ, պետք է հստակ ասեմ՝ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետությունը շատ ավելի պետական մտածողության, գիտության, կրթության, տնտեսության, մշակույթի ոլորտում շատ ավելի լուրջ ծրագրեր էր իրականացնում, քան, ցավոք, անկախ Հայաստանում: Եթե ուզում ենք ազգը, ժողովուրդը որոշակի մակարդակի հասնի, որոշակի ձեռքբերումներ ունենա, պետք է ժողովրդով զբաղվել՝ կրթել, մատուցել: Սովետական Հայաստանում մեկ հեռուստաալիք կար՝ բայց ի՞նչ հաղորդումներ էին, հիմա՝ բազմաթիվ հեռուստաալիքներ կան, տեսեք՝ ի՞նչ հաղորդումներ են»:
«Փոսից դուրս գալու» մասին
Հաջորդ հարցը, որին մեր զրուցակիցը անդրադառնում է, «փոսից դուրս գալու» մասին է. «1994-95 թվականների բարդ շրջանում. քննարկում էինք, թե ի՞նչ իրավիճակում ենք եւ ո՞նց ենք դուրս գալու: Կարեն Սերոբիչն ասաց՝ տարօրինակ ժողովուրդ ենք, ինքներս մեզ համար բարդություններ ենք ստեղծում եւ երբ որ ելքերը կան, այդ ելքերից էլ չենք ուզում օգտվել, չենք ուզում դրանք տեսնել: Եվ այսպիսի մի օրինակ բերեց՝ 7-8 հոգով, ընկերներով, գիշերով ճանապարհ ենք գնում, բոլորս ընկնում ենք մի փոսի մեջ, որը չենք նկատում, փոսն էլ բավականին խորն է ու առանձին-առանձին այնտեղից դուրս գալը դժվար է: Ի՞նչ անել: Ասաց՝ եթե մեր նման ժողովուրդ է, կսկսենք իրար հետ վիճել, քաշքշել իրար, մեղադրել, թե ո՞ւմ մեղքով ընկանք, չնկատեցինք, բայց եթե խելոք մարդիկ լինեն՝ կմտածեն՝ մի քանի հոգով իրար վրա կանգնեն, մեկին օգնեն, որ դուրս գա, նա էլ մի պարան, փայտ կճարի ու մյուսներին կհանի: Բայց, ասաց, այդ բանը մենք հիմա հաստատ չենք անի՝ ոչ մեկին փոսից չենք հանի, իրար քաշքշելու ենք, ով էլ փորձի դուրս գալ՝ ոտքից քաշելու ենք հետ՝ փոսի մեջ: Սա էլ փոսի պատմությունը, որը հետագայում, ընտրարշավի ժամանակ նա էլի օգտագործեց, բայց ոչ այդքան մանրամասն»:
«Ես հասկանում էի, որ մեր ժողովրդին օգտագործում են համաշխարհային գործընթացների մեջ»
Երրորդ հարցը, որին մեր զրուցակիցն անդրադարձավ հպանցիկ, Արցախի հարցն է. հարցն այսօր էլ խիստ արդիական է, բայց եւ բավական ծավալուն ու այլ զրույցի թեմա է. «Երբ սկսեց արցախյան շարժումը, Կարեն Սերոբիչը հանրապետության ղեկավարն էր եւ հիշում եք, երբ նա եկավ Ազատության հրապարակ, ժողովուրդը Արցախ-Արցախ էր գոռում, նրա հայտնի արտահայտությունը՝ Արցախը գրպանումս չի… եւ ժողովուրդը սուլոցով ճանապարհեց նրան: Արցախի խնդիրը մեզ համար առաջացել է 1921 թվականից, երբ Հայաստանում խորհրդային իշխանություն ձեւավորվեց: Ինչ-ինչ իրավիճակներում, Նախիջեւանի եւ Արցախի հարցերին ոչ հայանպաստ լուծումներ տրվեցին, բայց Հայաստանի կոմունիստական ղեկավարներից շատերը հարցը միշտ արծարծել են եւ հարմար պահի բարձրացրել են Մոսկվայի առաջ: Այդ հարցը նաեւ միշտ եղել է Կարեն Սերոբիչի մտքում, բայց լուծումը չէին գտնում: Մանավանդ որ, գորբաչովյան շրջանում սկսվեց արցախյան շարժումը, նա շատ զգույշ էր մոտենում հարցին: Երբ ես իր հետ արդեն ծանոթացել էի, միշտ ասում էր՝ մտքիս էր, բայց չգիտեի, թե գլխներիս ի՞նչ խաղ են ուզում խաղալ այդ հարցով, ես զգում էի, որ խաղ են խաղում, բայց ժողովրդին չէի կարողանում ասել: Քանի որ Հայաստանում իշխանափոխությունները՝ սկսած Կարեն Դեմիրճյանի պաշտոնանկությունից, տեղի էին ունենում Արցախյան հողի վրա, Արցախը մեզ համար դարձել էր իշխանությունների հարցի լուծման միջոց:
Մինչդեռ, Արցախի հարցը համազգային հարց էր եւ եթե մեր իշխանությունները լինեին ազգասեր եւ հայրենասեր, հակառակը, Արցախի հարցում մեկ միասնական դիրքորոշում պետք է ձեւավորեին: Ինչեւէ, արդեն 1995-96 թվականներին, Կարեն Սերոբիչը մի այսպիսի արտահայտություն արեց, ասաց՝ Մովսես, ճիշտ է, այն ժամանակ, երբ շարժումը սկսվում էր, ինձ շատերը մեղադրեցին, թե ինչո՞ւ չկանգնեցի շարժման կողքին, ես չէի վախենում, ես կարող էի կանգնել, բայց մտածում էի, որ հանկարծ այնպես լինի, ավելի վատ վիճակի մեջ ընկնեինք… ես հասկանում էի, որ մեր ժողովրդին օգտագործում են համաշխարհային գործընթացների մեջ եւ էլի մի բան մեր գլխին կսարքեն: Ես վախենում էի, որ արյուն չթափվի, բայց երբ ազատագրել էինք Արցախը, հայկական տարածքները, նա ասում էր՝ Արցախը հիմա նման է չնախատեսված, չպլանավորված երեխայի: Երբ ընտանիքում չպլանավորված երեխա է ծնվում, այդ երեխային պետք է տեր կանգնենք: Եվ հիմա, զիջման մասին խոսք լինել չի կարող, դա բացառվում է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.04.2022