Վերջին օրերին համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել հայկական ազգային գորգի եւ կարպետի զարդանախշերով թուրքական արտադրության կտորեղենը: Բանն այն է, որ դիզայներ, ոճաբան Վահե Քոթանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կոչ անելով մանկապարտեզներում, դպրոցներում եւ հատկապես դերձակներին՝ չօգտագործել թուրքական արտադրության, աղավաղված զարդանախշերով կտորները: Մենք կապ հաստատեցինք Վահե Քոթանյանի հետ՝ պարզելու, թե իրականում ի՞նչ ծագում ունեն այդ կտորներն ու իրականությունն ինչպիսին է:
«Այդ կտորներում պահպանված է հայկական գորգերի ու կարպետների գծանախշային տարբերակը»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց դիզայները, մանրամասնելով, որ հայկական գորգից ու կարպետից թշնամին հանել է գծանախշերն ու դրա հետ մեկտեղ աղավաղել նաեւ գունային համադրությունն ու ստանդարտ չափերը:
«Գոյություն ունի կարպետի գունային զուգորդություն, որը խախտելու դեպքում ստանում ենք այլ կերպարային նախշեր, որով փոխվում է նաեւ դրա ծիսական բնույթը, խորհրդաբանությունը եւ ընդհանուր սիմվոլիկ նշանակությունը, որովհետեւ ամեն գույն եւ ձեւ ունի իր սիմվոլիկան եւ հայկական խորհրդաբանությունը»,-նշել է Վահե Քոթանյանը, ապա խոսել ազգային տարազի յուրօրինակ կողմերի մասին, որոնք են՝ գունային ներդաշնակությունը, սպեկտրալ գույների ընտրություն գունային շրջանից, հակադիր հիմնական գույները, օրինակ՝ հակադիր են կանաչն ու կարմիրը, բայց դրանք միանշանակ կոչվում են հարեւան կամ բարեկամ գույներ, որովհետեւ հեշտությամբ են մեկը մյուսի ֆոնին դիտվում:
«Տարազային հատվածներում կարմիրը եւ կապույտը ըստ գունային ներկապնակի իրար չհամընկնող են, բայց Կարինի տարազում օգտագործվել են այս գույներն ու իրականում աչքին հաճո եւ ճոխություն հաղորդող գույներ են»,-նշել է նա:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ արդյոք ի՞նչն է պատճառ հանդիսացել նման իրավիճակում հայտնվելու համար: Մեր զրուցակցի կարծիքով՝ համար մեկ պատճառը հայկական արտադրության ազգային տեքստիլ չունենալն է: «Ազգային մշակույթը խեղաթյուրված ներկայացնելը եւ այդ արտադրանքը կիրառելը պարզապես անընդունելի եւ դատապարտելի է»,-նշել է դիզայները, ավելացնելով, որ հայկական շուկան չունի բնական հումք եւ արտադրանքի համար նախատեսված միջավայր, որ հնարավորություն ունենա արտադրի ազգային տեքստիլ:
Նշենք, որ «Pinterest» հանրաճանաչ հարթակում նույնպես նշված է, որ դրանք էթնիկ թուրքական զարդանախշերով կտորներ են, սակայն հարկ է շեշտել, որ դրանցում շատ են օգտագործվում խաչ, տառեր, Սիսն ու Մասիսը, Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը կամ ինչպես հայտնի է՝ տատն ու պապը: Վահե Քոթանյանն այս առումով նշեց, որ վերջերս մի կտորի հանդիպեց, որտեղ տատը պատկերված էր առանց պապի, իսկ պապի փոխարեն խաչ էր: «Կարծում եմ՝ պատահական չէ, եւ այդ խաչը նաեւ հոգեբանական առումով 1915 թվականի շարունակությունն է, որովհետեւ խաչը մեր պարագայում ոչ միայն սրբության, այլեւ սգո ուղեկցման նշան է: Իսկ թուրքերը, որ իրագործել են ցեղասպանություն, այստեղ էլ ի հայտ են բերում իրենց ձեռագիրը եւ այդպիսով խաչը տեղադրել են պապի տեղում»,-հավելեց մեր զրուցակիցը:
Արդեն խոսելով այլընտրանքային տարբերակների մասին, դիզայները առաջարկեց երկուսը՝ տեքստիլ տպագրություն՝ հայկական ճիշտ զարդանախշերով եւ ասեղնագործություն: Այս համատեքստում առիթ ունեցանք խոսելու վերջերս Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում կայացած «Ասեղով հյուսված հիշողություն» խորագրով ցուցահանդեսի մասին, որը կազմակերպել էր տեղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը։
Ցուցահանդեսին տասը սփյուռքահայ կանայք, իրենց տատիկներից ժառանգած, 1910-1920-ական թվականներին գաղթ տեսած հայկական ասեղնագործության նմուշներ էին բերել ցուցադրության՝ Սեբաստիայից, Վանի շրջանից, Մարաշից, Քիլիսից եւ հասցրել էին Սիրիա, Լիբանան: Ցուցահանդեսին նաեւ ներկայացված էր գաղթական կնոջ 115 տարեկան շալը, որը բերվել է Էրզրումից եւ Վահե Քոթանյանի անձնական հավաքածուն է:
Եզրափակելով մեր զրույցը, դիզայները նշեց, որ ցուցահանդեսն ուներ երկու նպատակ։ Գլխավորը, որ երիտասարդները հասկանան արժեքների կարեւորությունը եւ չմոռանան ցեղասպանությունն ու դրա հետեւանքները։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.04.2022