Լրահոս
Օրվա լրահոսը

1921-1970թթ. Հայաստանից յուրացրել են 1500 քմ. կիլոմետր տարածք՝ հօգուտ Ադրբեջանի… 1921-1922թթ. Ռուսաստանը գծեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանները՝ առանց շահագրգիռ կողմերին քարտեզ տրամադրելու. Ռուբեն Գալիչյան

Ապրիլ 29,2022 23:30

Հայաստան-Ադրբեջան. սահմանազատում

Մոտ 1500 քառակուսի կիլոմետր հայկական հողատարածք 1921-1970 թվականներին Մոսկվան տվել է Ադրբեջանին, մի երկիր, որը ստեղծվել է 1918-ին և առանց որևէ մշակութային խարիսխի տարածաշրջանում: Հարցազրույց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ:

Ներկայումս Հայաստանն պահպանում է իր դարավոր տարածքների հազիվ 10%-ը։ Իրավիճակ, որը վտանգավոր կերպով վատթարացավ 2020 թվականին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո : Այսօր Մոսկվան և Բրյուսելը պնդում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման անհրաժեշտությունը։ Սակայն արդեն գոյություն ունի տարածքային համաձայնագիր, որը հարգում է միջազգային իրավունքը և որը կնքվել էր երկու երկրների միջև առանց որևէ միջնորդի ։ 1921 թվականի հունիսին ստորագրված այս փաստաթուղթը արձանագրում էր Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես հայկական տարածքի անբաժանելի մաս։ Մի քանի ամիս անց այս պայմանագիրը ոտնահարվելու է Կրեմլի կողմից։ Այսպիսով, Ստալինի հրահանգով և առանց որևէ այլ համաձայնության, Արցախը կկցվի Ադրբեջանին։ Իսկ հետո հերթը հասավ մեկ այլ հայկական տարածքի՝ Նախիջևանի, որը Ռուսաստանը նույնպես կհանձնի Ադրբեջանին։

Արցախը Հայաստանի տասներկուերորդ պապենական նահանգն է, սակայն աշխարհագրական քարտեզի վրա տարածքային առումով հեռու է Հայաստանից։ Ինչո՞ւ

Ռուբեն Գալիչյան.– 1921-1922 թվականներին Ռուսաստանը գծեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանները՝ առանց շահագրգիռ կողմերին քարտեզ տրամադրելու: Խորհրդային հանրագիտարանի հրապարակումը 1926-ին այն վերջապես հասանելի կդարձնի: Դրա բովանդակությունը միանշանակ է՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ադրբեջանական անկլավներ չեն եղել, իսկ Արցախն ու Հայաստանն ունեն ընդհանուր սահման, բաժանված լինելով միայն Հագարի (Աղավնո) գետով: Այս առանձնացման գոտիները Ռուսաստանի կողմից բռնագրավվել են Հայաստանից՝ բոլշևիկյան Քրդստան ստեղծելու պատրվակով։ Տրված հիմնավորումն այն էր, որ քրդերին այս արոտավայրերը անհրաժեշտ էին իրենց կենդանիների համար։ Սակայն 1932 թվականին այս որոշումը չեղարկվեց՝ առանց այդ հողերը Հայաստանին վերադարձնելու՝ դրանց լիարժեք վայելումը թողնելով Ադրբեջանին։

Ճի՞շտ է, որ տարածաշրջանի քարտեզները շարունակաբար փոխվել են Կրեմլի կողմից և միշտ հօգուտ Ադրբեջանի։

– Այո: 1921-ից մինչև 1970 թվականները Հայաստանից յուրացրել են 1500 քառակուսի կիլոմետր տարածք՝ հօգուտ Ադրբեջանի։ Վերջինս այսօր հայտարարում է, որ Երևանը, ինչպես Արցախը, իր պապենական հողն է, և որ այն պետք է վերադարձվի իրեն։ Այստեղից էլ հայկական մշակութային մասունքների յուրացման քաղաքականություն։ Եվ ոչնչացում այն դեպքերում, երբ յուրացումն անհնար է, ինչպես Ջուղայի միջնադարյան խաչքարերի դեպքում։ Հիշեցնենք նաև, որ այբուբենի առումով Ադրբեջանը նույնպես չունի մշակութային խարսխվածություն, հետևաբար չունի որոշակի ինքնություն: Ընդամենը մեկ դարում այս երկիրը մի քանի անգամ փոխել է իր այբուբենը՝ արաբերենից լատիներենի, լատիներենից կիրիլիցայի, իսկ հետո նորից լատիներենի։ Այսպիսով, ոչ մի սերունդ իր նախնիքի գրի առածը չի կարող կարդալ:

Բաքուն նաև հավակնում է լինել հարևան իրանական նահանգի օրինական ժառանգորդը։ Արդյոք դա արդարացվա՞ծ է:

– Ակնհայտ է, որ ոչ: Սա Իրանի «Ադրբեջան» կոչվող նահանգն է, որի բնակչությունն ու պատմությունը կապ չունեն Ադրբեջանի Հանրապետության հետ։ Վերջինս ստեղծվել է 1918 թվականին՝ յուրացնելով Իրանի շրջանի անվանումը։ Աշխարհառազմավարական մանիպուլյացիա՝ հետագայում Իրանական Ադրբեջանի նկատմամբ իրավունքներ պահանջելու համար՝ այս նահանգը ներկայացնելով որպես նոր հորինված Հանրապետության մաս։ Այս ռազմավարությունը զայրացրել էր Իրանին. նրա դեսպանատունը 1918 թվականի օգոստոսի 28-ին պաշտոնական բողոքի նամակ էր ուղարկել Բաքու՝ իր նահանգի անվան անօրինական յուրացման դեմ։

Որքա՞ն կտևի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատումը և արդյոք նրանք համաձայն են այս սկզբունքի հետ։

– Սա գործընթաց է, որը հավանաբար կտևի առնվազն հինգ տարի: Եվ, իդեալական տարբերակն այն պետք է շրջանակվի և ուղեկցվի միջազգային դիտորդների կողմից, ովքեր չունեն աշխարհաքաղաքական շահեր տարածաշրջանում: Սա նաև այս տարածաշրջանային հանգույցի շատ զգայուն կետերից մեկն է, որտեղ խաղացողների թիվը վերջին տարիներին ավելացել է: Ինչ վերաբերում է սկզբունքային համաձայնագրին, ապա եթե Բաքուն ցանկանում է արագ սկսել այս գործընթացը, Երևանը չպիտի շտապի։ Հատկապես, որ քննարկումները կներառեն նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որը Ադրբեջանը պնդում է, որ արդեն կարգավորել է պատերազմով։ Կարծիք, որը Մինսկի խումբը (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա), պատասխանատու այս հակամարտության կարգավորման համար, չի կիսում: Այդուհանդերձ, իրավիճակի զարգացումն անուղղակիորեն կախված կլինի շրջակա համատեքստից։ Եվ մասնավորապես Ուկրաինայի պատերազմից քանի որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների առանցքային դերակատարը:

Կարո՞ղ է արդյոք սահմանների այս սահմանազատումը երաշխավորել երկու երկրների միջև խաղաղությունը:

– Դա ամեն դեպքում կկանխի Ադրբեջանի անպատիժ ներխուժումները հայկական տարածաշրջաններ։ 2021 թվականի մայիսի 12-ից նրա զորքերը կեղծ քարտեզների հիման վրա տեղադրվել են Հայաստանի հետ սահմանային տարբեր հատվածներում, պնդելով որ այդ տարածքները պատկանում են իրենց պետությանը։ Ահա թե ինչու է հրատապ սահմանազատում սահմանել, որպեսզի ներխուժումները դիտարկվեն միջազգային իրավունքի կողմից որպես պետական ինքնիշխանության խախտում՝  դրանից բխող իրավական հետևանքներով:

Աննա Ազնաուր

Իրանի դեսպանատան նամակը, Ռուբեն Գալիչյանի թարգմանությամբ, ուղղված Բաքվին։

Իրանի Պետության Դեսպանությունից

Ստամբուլ

Համար 2029/13

Արտաքին Գործերի Նախարարության հարգո Ղեկավարություն,

Ադրբեջան անվանումով Կովկասում կազմակերպված պետությունը, որը տեղի ունեցավ Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև խաղաղության պայմանագրի արդյունքով, ի նկատի առնելով նույնանուն պարսկական նահանգը, իր կենտրոնն ունենալով Թավրիզ քաղաքը, Կովկասում երևան եկած նույնանուն երկրի պարագան, մեր զարմանքի է առաջացրել և կարիք ունի այս որոշման վերանայմանը:

 

28 Օգոստոս, 1918 թ.

Լիազոր Դեսպան

(ստորագրություն և կնիք)

Օսմանյան և Իրանի հարաբերությունների օսմանական արխիվ, Անկարա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930