Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի հետ այսօր այցելել է Արաքս բնակավայր, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել Արցախյան 1-ին և 44-օրյա պատերազմներում զոհված հերոսների հիշատակին, որից հետո Արաքսի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցել է «Քաջերի անմահությունն է մահը» խորագիրը կրող միջոցառմանը:
Թեժ մարտերում քաջաբար ընկած արաքսեցի երկվորյակ եղբայրների՝ Արմեն և Ռուբեն Շահինյանների ու բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանի հիշատակին նվիրված միջոցառումը հայրենի դպրոցում մեկնարկել է Փառքի սրահում հերոսների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցադրությամբ, որին հաջորդել է Շահինյան եղբայրների անվամբ դասասենյակի անվանակոչումը:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր զորակցությունն է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հարազատներին՝ նշելով. «Կորստի ցավը շատ մեծ է, բայց ոչ առավել, քան ընկած քաջերի պատիվը: Նրանք անմահացել են իրենց խիզախությամբ և հայրենի հողին թափված արյամբ: Նրանց սխրանքն ապրողներիս պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով արժանին մատուցել նրանց հիշատակին, հպարտանալ նրանցով, ապրել ու արարել նրանց թողած պատգամներով: Հավերժ փառք ու խոնարհում անմահ հերոսներին»:
Հուշ-ցերեկույթին օրվա խորհուրդը լրացնող կատարումներով ելույթ են ունեցել կրթօջախի սաները:
Կարդացեք նաև
Հավելենք, որ 44-օրյա պատերազմի մասնակից սերժանտներ Արմեն և Ռուբեն Շահինյանները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալներով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով: Իսկ Արցախյան երեք պատերազմների մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անունով վերջին օրերին ավնանակոչվել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի նորաստեղծ լաբորատորիան:
Արմավիրի մարզետարան