Ազատության հրապարակից մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի երթը:
Նա լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց վարչապետ Փաշինյանի հետ խորհրդակցության ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե ՝ «արցախահայությունը նախ, առաջինը՝ իհարկե, ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա: Բայց, մյուս կողմից, ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում»:
Վանեցյանն ասաց. «Արայիկ Հարությունյանն ասում է՝ խաղաղության օրակարգն ընդունում ենք: Մենք էլ ենք ընդունում խաղաղության օրակարգը, բայց ոչ ի հաշիվ ՀՀ-ի կամ Արցախի ինքնիշխանության, տարածքների կորստի, միակողմանի զիջումների: Խաղաղության օրակարգը, որն առաջադրվել է, մենք այս պահին ունենք մենակ Ադրբեջանի կողմից առաջարկված 5 սկզբունքները, որը կարճ հետեւյալի մասին է՝ Արցախ այլեւս չկա, այն Ադրբեջանի կազմում է, Հայաստանի տարածքների մասին կխոսենք, կնայենք ինչ-որ մի ձեւ կհարմարեցնենք, մնացածն էլ, ժողովրդի լեզվով ասած՝ հայեր, ձեզ խելոք պահեք, թե չէ տեսեք ձեզ ինչ եմ անում: Այս իշխանությունը դա է ուզում, մենք դրա դեմ ընդվզել ենք: Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման, իհարկե, դա ընդունելի է»:
Վանեցյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը ցույց է տվել, որ միշտ չէ, որ պահում է սկզբունքայնությունը Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններում, ուստի իր համար հիմք է Արցախի ԱԺ-ի հայտարարությունը, որն ընդունվել է միաձայն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ