«Հարյուրավոր ոստիկանների հետեւում թաքնված չարիքի վերջը մոտ է»,- դիմելով քաղաքացիներին, ասացին «Դիմադրության շարժման» երթի կազմակերպիչները՝ վստահեցնելով, որ շատ մոտ են ՀՀ շահերը չսպասարկող իշխանության ավարտին:
Այսօր ընդդիմության իրազեկման երթը մեկնարկեց Արամ Մանուկյանի արձանի մոտից: Ասացին, որ շարունակում են պայքարը հանուն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հարատեւության. «Սա սրբազան պայքար է եւ այն չի կարող հաղթական ավարտ չունենալ: Նիկոլի ոչ մի ծրագիր չի իրականանալու, Արցախը հայկական է եւ դրա համար՝ առանց Նիկոլ Հայաստան»:
Իրազեկման երթին մասնակցում են նաեւ ընդդիմադիր պատգամավորները, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ողջունել Իջեւանից, Սարդարապատից, Ապարանից ու Տիգրանաշենից այս պահին դեպի Երեւան շարժվող քաղաքացիներին: Երթի մասնակիցները պարբերաբար վանկարկում էին՝ «միություն, պայքար, հաղթանակ», «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան»:
Իշխան Սաղաթելյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում նահատակվեցին հազարավոր երիտասարդներ: Ապա պատգամավորը ասաց. «Վրեժի ժամը չի ուշանալու: Նիկո՜լ մարդասպան»:
Կարդացեք նաև
«Դիմադրության շարժման» երթն անցավ Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ- Նովա ու Չարենց փողոցներով:
Նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ երթին ու պայքարել իշխանության դեմ, որը «սակարկության է դրել հայրենիքը»:
Ի պատասխան, քաղաքացիները պատուհաններից ծածանում էին Արցախի ու Հայաստանի դրոշները:
Երթի կազմակերպիչները քաղաքացիներին հրավիրեցին մայիսի 1-ին ժամը 4-ին Ֆրանսիայի հրապարակ՝ ներկա գտնվելու «իշխանություններին վերջնականապես տուն ուղարկելու գործողությանը»:
Երթին միացան նաեւ Արթուր Վանեցյանն ու նրա կողմնակիցները, որոնք այլ երթուղով էին իրազեկման երթ իրականացնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ