Այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ավանդական դարձած իրազեկման գործողություններից առաջ ելույթով հանդես եկավ՝ ասելով, որ պայքարի արդյունքը կախված է յուրաքանչյուրից. «Գյումրիից մեկնարկել է երթ, որը շատ բազմամարդ է, մի քանի հազար մարդ վեր է կացել ու Գյումրից քայլելով գալիս է այստեղ: Քիչ առաջ մեր ընկերները երթ են սկսել Արամ Մանուկյան արձանի շրջակայքից ու բազմահազարանոց երթը շարժվում է Երեւանի կենտրոնով»:
Վանեցյանն առաջարկեց այսօրվա երթի ժամանակ անցնել Թումանյան, Մաշտոց, Սայաթ-Նովա, Խանջյան փողոցներով ու Խանջյանում միավորվել մյուս երթի մասնակիցներին: Նա նախապես հորդորեց սադրանքների չտրվել. «Այն մարդիկ, ովքեր կռիվ են անում, ագրեսիա են բերում, մեր շարժման հետ կապ չունեն»:
Նա հորդորեց. «Հայեր, միացեք, որ վաղը կարողանաք ձեր երեխաների, ձեր թոռների աչքերի մեջ նայել: Երիտասարդնե՛ր, միացեք, որ ապրեք մի երկրում, որտեղ կլինի անվտանգ, կկարողանաք պլանավորել ձեր ապագան: Այս շարժումը բոլոր հայ մարդկանցն է, ովքեր սիրում են Հայաստանն ու Արցախը»:
Կարդացեք նաև
Վաղը Վանեցյանը ասուլիս կտա ու կտեղեկացնի 3-րդ վճռական փուլի մասին: Վանեցյանին տասնյակ հազարավոր մարդիկ խոստացել են՝ որ օրը կհայտարարվի վճռական փուլի մասին, շատ մեծ քանակությամբ դուրս են գալու փողոց: Վանեցյանը հորդորեց մայիսի 1-ին 15:30-ից սկսած որեւէ գործ չպլանավորել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ