Այսօր՝ ՀՀ Վարչական դատարանում, տեղի է ունեցել Փարաքար համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության՝ ընդդեմ ՀՀ կառավարության գործով դատական նիստը։
Փարաքարի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը դիմել էր դատարան՝ պարտավորեցնելու ՀՀ կառավարությանը ընդունել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում։
Հատկանշական է, որ դատարան չէր ներկայացել պատասխանող կողմի՝ Կառավարության ներկայացուցիչը։
Դատարանը՝ դատավոր Մերի Համբարձումյանի գլխավորությամբ, գործը կարճեց՝ չբերելով համոզիչ փաստարկներ, թե ինչու է հրաժարվում արդեն վարույթ ընդունված գործի քննությունից։
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցությունը դատարանի այս որոշումը համարում է պարզապես խուսանավում քաղաքական որոշում կայացնելու պատասխանատվությունից։
Այնուամենայնիվ, այս որոշումը մեզ չի կանգնեցնելու Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնելու և օրինական ճանապարհով այստեղ իշխանություն ձևավորելու համար մղվող մեր պայքարից։ Մեր հաջորդ քայլը Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչում բողոքարկելն է։
«Ապրելու երկիր» կուսակցության մամուլի պատասխանատու