Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան է ժամանում Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին

Ապրիլ 29,2022 19:30

Հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ համառոտ նկարագիր

Սույն թվականի ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին: Այցի շրջանակներում Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ ԱԳ նախարարի հետ:

Դիվանագիտական հարաբերություններ

Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը հիմնված են երկու ժողովուրդների հազարամյա հարաբերությունների և պատմական ամուր կապերի վրա:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին: 1993թ. հուլիսից սկսել է գործել Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Թբիլիսիում: 2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Քաղաքական երկխոսություն

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական, իսկ դեկտեմբերին՝ աշխատանքային այցերը Վրաստան: 2021թ. հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանել է Հայաստան աշխատանքային այցով:

Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: 2021թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Իսկ 2022թ. մարտին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վրաստան:

Միջխորհրդարանական համագործակցություն

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր։ Վրաստանի խորհրդարանում հայկական համայնքը ներկայացված է ծագումով հայ երկու պատգամավորների միջոցով:

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի և Վրաստանի միջև առկա է սերտ համագործակցություն գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար, մշակութային և այլն:

Երկու երկրների միջև գործում է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 11-րդ նիստը կայացել է 2021թ. դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում:

2021թ. երկու երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 171 200 հազ. ԱՄՆ դոլար:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։

Վրաստանում է գտնվում մեծաթիվ հայկական համայնքներից մեկը, որը հանդիսանում է կամուրջ՝ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

Գործում են համայնքային շուրջ երկու տասնյակ կառույցներ, որոնցից ամենախոշորը 2011թ. հիմնված «Հայարտուն» մշակութային երիտասարդական կենտրոնն է: Առկա է նաև հայալեզու մամուլ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930