Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա, երբ դուք ձեր հարյուր հազար դոլարանոց ամենագնացները կայանում ու կողքը նստացույց եք անում… ՔՊ-ականները պատասխանում են ընդդիմադիրներին

Ապրիլ 29,2022 18:49

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Հեղափոխություն․ ովքեր, ինչու, ինչպես

Ովքեր. Թավշյա հեղափոխությունը իրագործած հուսաբեկ և հուսավառ հանրային֊քաղաքական գործիչները, ըմբոստ ու չարաճճի երիտասարդները և վերջիններիս հետևից ի պաշտպանություն նրանց փողոց դուրս եկած նրանց ծնողները երկրի ներսում պատճառներ ունեին։

Ինչու. Այդ պատճառներն էին այս երկրի բոլոր ռեսուրսների կենտրոնացումը մի խումբ մարդկանց ձեռքերում և քաղաքացու օտարումը պետությունից։

Ինչպես. Հեղափոխության ձևը՝ «տեխնոլոգիաները» մարդկանց ստեղծագործ մտքի արդյունք էին։

Ընդդիմության մի մասը առաջարկում է մարդկանց վրեժ լուծել Թավշյա հեղափոխությունից իր իսկ մեթոդներով՝ չնկատելով, որ Թավշյա հեղափոխությունը ծաղրելու այս հրավերը նախևառաջ հրավեր է ծաղրել մարդկանց։

Ի՞նչ է նշանակում իրազեկման ակցիա։ Իրազեկման ակցիան տեղ ունի, երբ չունես լայնասփյուռ մեդիաներ և որ ունես տեղ հասցնելու նորություն։ Չորս տարի է ամեն տիպի հարթակով «իրազեկում» են։ Եվ մարդիկ գիտեն, որ արհավիրք է տեղի ունեցել։

Հեղափոխության մասսայականությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ փողոցում լինելը մտերիմներին պաշտպանելու ձև էր պետության հնարավոր բռնությունից։ Այսօր պետությունը դժբախտաբար դեռ չի կարողանում անցորդ-քաղաքացուն պաշտպանել ցուցարար-հանցագործ֊քաղաքացուց։

Եվ ամենակարևոր հարցերը, որ քաղաքացիներն են տալիս. ինչպե՞ս փրկել Արցախը Երևանի կենտրոնում կամ Հայաստանի մայրուղիների վրա և ինչո՞ւ փրկել հայրենիքը հայրենիքի տիրոջից՝ ժողովրդից։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցանցային և ապակենտրոն, ցանցային և ապակենտրոն, ցանցային և ապակենտրոն, մանտրայի պես կրկնում են ընդդիմադիրները օրեր շարունակ։

Կարծես՝ գաղտնիքը դրանում է. հաճախ ու վստահ կրկնիր նույն միտքը ու հանկարծ ֆոկուս-պոկուս՝ հեղափոխությունը գրպանիդ մեջ է։

Տարիներ շարունակ քաղաքական աճպարարությամբ զբաղված նախկին իշխանությունը հիմա մտածում է, թե հեղափոխությունը ևս, մի յուրատեսակ աճպարարություն է, տեխնոլոգիական հնարք, որ պետք է պարզապես վստահ դեմքով կատարես և հանդիսատեսը/ժողովուրդը հիացական ծափ կտա։

Բայց արի ու տես, որ դժվարը ոչ թե հայրենասիրական ճառերը ասելն է, այլ ստիպելը, որ մարդիկ քեզ հավատան։ Մարդիկ հավատում են մարդուն։ Ոչ թե մարդու խաղացած դերին, այլ ապրած կյանքին։

Հիմա, երբ դուք ձեր հարյուր հազար դոլարանոց ամենագնացները կայանում ու կողքը նստացույց եք անում, երբ ձեր բազմահազարանոց լուքերով փողոցներ եք փակում, երբ ատելությամբ լցված՝ կոչեր եք անում, որ մարդիկ ձեզ միանան՝ փրկելու հայրենիքը, շատերը մտածում են հենց ձեզանից փրկվելու մասին։ Իսկ դա մարդիկ մեկ անգամ արել են արդեն։

Դուք այն եք, ինչից հարկավոր է փրկել մարդկանց։ Դուք լավագույն ապագայի հականիշն եք։ Դուք օրինակ չեք, տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք խրատ եք։ Ձեզ նայելով մեր ժողովուրդը ոչ թե մտածում է՝ ինչպիսին պետք է լինի իշխանությունը, այլ՝ ինչպիսին չպետք է լինի այն։

Իսկ լավագույն տեխնոլոգիան և հնարքը սա է՝ գնացեք, վերստին ապրեք ձեր կյանքը, այս անգամ ուրիշ կերպ, հետո եկեք և դարձեք օրինակ, որին պետք է հետևել ուրախությամբ, ոչ թե խրատ, որին պետք է հիշել դառնությամբ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930