Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոց դուրս գալու, թե չգալու անձնական պատասխանատվությունը. Արամ Սարգսյան

Ապրիլ 29,2022 19:20

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել հանրահավաքին:

Խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում է իշխանափոխություն, հետո՝ ինչ-որ անկապ ժամանակավոր կառավարություն, հետո՝ ընտրություններ։ Նպատակը՝ ընտրությունները կազմակերպեն իրենք, որովհետև ժողովրդավարական ընտրություններով իրենք չեն կարողանում իշխանության գալ: Իսկ թե իրենք ինչպիսի՞ ընտրություններ են կազմակերպում, բոլորս լավ հիշում ենք։ Հետևաբար՝ այս ընդդիմությունը հակաժողովրդավարական է, միանշանակ։ Իշխանափոխությունից հետո խոստանում են արժանապատիվ խաղաղություն։ Ինչպե՞ս, ո՞վ է բանակցելու ինչ-որ ժամանակավոր կառավարիչի հետ և որո՞նք են երաշխիքները, որ թշնամին չի օգտվի ՀՀ անկայուն իրավիճակից։ Նման երաշխիք կարող է տալ կամ Ադրբեջանը, կամ ՌԴ-ն։ Ադրբեջանը մեր թշնամին է, ՌԴ-ն, մեղմ ասած, մեր բարեկամը չէ, ապացույցը՝ լավրովյան պլանը, 44-օրյա պատերազմը իր հետագա գործընթացներով։ Ադրբեջանից երաշխիքներ ունենալը բացառում եմ, հետևաբար փողոց դուրս եկած ընդդիմությունը գործում է կամ Ռուսաստանին դուր գալու, կամ ՌԴ որոշ շրջանակների անմիջական երաշխավորությամբ, ապացույցը՝ Վանեցյանի Մոսկվա այցից անմիջապես հետո անսպասելի նստացույցը, Պուտինի ընկերների, աջակիցների և երկրպագու կուսակցությունների բարձր ակտիվությունը։

Հետևություն 2։ Այս ընդդիմությունը ուղղորդվող է և սպասարկում է ՀՀ-ին ոչ բարեկամ երկրի շահ։ Հեղափոխություն անում են, երբ հանրային տեսակետը հաշվի չի առնվում և ընտրողի քվեն կեղծվում է, ապացույց՝ Հայաստանում գրեթե բոլոր ընտրություններից հետո բողոքի ալիքները, երբ երկիրը թալանվում է, իսկ հանրությունը՝ կողոպտվում ու արհամարհվում։ Այսօրվա հեղափոխության կազմակերպիչները ՀՀ ամենահարուստ քաղաքացիներն են և ամենամեծ ցանկության դեպքում իսկ՝ իրենց կողոպտված, կամ հալածված համարելը անհնարին է։ Իրենք չեն առաջարկում ՀՀ քաղաքացուն ոչինչ՝ բացի իրենց իշխանության գալը: Իրենք չունեն առաջարկ ոչ Արցախի հիմնահարցով, ոչ արտաքին քաղաքականության, ոչ ժողովրդավարության, ոչ տնտեսության և ոչ էլ հոգևոր ու մշակութային խնդիրներով։ Հեղափոխության գնացող ընդդիմությունը չունի անգամ իր Նիկոլ Փաշինյանը, որ կպառկի ավտոբուսի տակ և կբարձրանա փշալարին։ Իրենք չունեն գործողին փոխարինող: Բավական է իրենցից որևէ մեկի անունը տան. ու՝ մասնակիցների թիվը կտրուկ կնվազի, համախոհ կուսակցությունները կդառնան թշնամի։ Վերջին օրերի գործընթացները ցույց են տալիս, որ իրենք չունեն նաև հանրային աջակցություն և գործում են նեղ կուսակցական և ազգակցական կլաններով։ Լավ, ենթադրենք՝ հավաքեցին 15-20000 մարդ, առավելագույնը՝ 40000, այդքան քարոզարշավի օրերին մի անգամ հավաքել են, բայց ակնհայտ է, չէ՞, որ հեղափոխության համար դա քիչ է: Անհրաժեշտ է 100-150000 մարդ և նպաստավոր ժամանակահատված՝ հանրության ակտիվությունը ու մասնակիցների թիվը ավելացնելու համար, ինչպես 2018-ի ապրիլի 24-ից առաջ ուներ Նիկոլ Փաշինյանը։ Վստահաբար սա հասկանում են հեղափոխության կազմակերպիչները, հետևաբար իրենց մնում է ագրեսիվ պահվածքով հեղափոխությունը վերածել ապստամբության, որպեսզի մեծացնեն լարումները: Դա շատ վտանգավոր է՝ զինված քաղաքացիական բախումների տեսակետից և արտաքին մարտահրավերների։ Ուզում եմ հավատալ, որ խորհրդարանական ընդդիմության մեջ կան կուսակցություններ, որոնք նման պատասխանատվություն իրենց վրա չեն վերցնի և նման քայլի չեն գնա։

Հ.Գ. Նորից մի քիչ երկար ստացվեց հոդվածս, հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, բայց ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու իր պատասխանատվությունը սեփական խղճի և հայրենիքի առաջ։ Ես չեմ մասնակցելու ոչ միայն թվարկածս պատճառներով, այլև այն, որ այսօրվա հեղափոխականները պատճենում են իրենց նախորդներին, իսկ պատճենը օրիգինալից միշտ շատ ավելի անորակ է և էժան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Եթէ այնքան մտահոգուած է մերսետես պենզ սիրող այս պարոնը, որ հակաքարոզչութեան պէտքը կը զգայ, ուրեմն իր տուած թիւերը սուտ են.

    Բարեբախտաբար ունինք իրազէկներու միութիւնը եւ իրենց անխելք թիւերը վերահրատարակող էջերը։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930